Լրահոս

27.12.2011 14:12


ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» ԱԺ մեծամասնությանն առաջարկում են անցնել 100%–ոց համամասնական ընտրակարգի

ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» ԱԺ մեծամասնությանն առաջարկում են անցնել 100%–ոց համամասնական ընտրակարգի

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական եւ արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով:

Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետեւյալ համատեղ հայտարարությամբ.

- կարեւորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը,

- նշելով, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված եւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները,

- ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը եւ մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար,

- խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձեւավորելու հարցում իր քվեի նշանակությունը,

- ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,

- նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական եւ ոչ ընտրական գործոնների ազդեցությունը,

- ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը,

«Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները.

- Ողջունում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման հարցում:

Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ գտնում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ:

- Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն Մարմին»

Այս խորագրի վերջին նյութերը