Քաղաքական

27.09.2025 13:57


Մերձավանում սպանության մեջ կասկածվողը եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում. ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)

Մերձավանում սպանության մեջ կասկածվողը եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում. ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանն ամիսներ շարունակ եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ սպանության հիմնական վարկածը մնում է անձնական վրեժխնդրությունը, հաշվի առնելով այն, որ սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանը 2025 թվականի փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրն այդ սպանության գործով մեղադրյալներից է և գտնվում է տնային կալանքում։

«Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ իքս ժամի, իքս հատվածում պետք է հավաքվեն և հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Նա (Նարեկ Օհանյանը- խմբ․) ևս եղել է ուշադրության կենտրոնում»,- ասաց Սարգսյանը։

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հավելեց՝ այս պահին ևս ձեռնարկվում են կանխարգելիչ մեծածավալ միջոցառումներ՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը