Կարծիք

22.09.2025 15:59


Ոսկին նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց. մեկ ունցիայի արժեքը գերազանցեց 3700 դոլարի սահմանը

Ոսկին նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց. մեկ ունցիայի արժեքը գերազանցեց 3700 դոլարի սահմանը

2025 թվականի աշունը սկսվեց թանկարժեք մետաղների գների աճով. ոսկու գինը սեպտեմբերի 1-ին բարձրացավ մինչև 3,556 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի համար, իսկ արծաթի արժեքը հասավ 40,61 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր 2011 թվականի սեպտեմբերից ի վեր։

Փորձագետների կարծիքով, ոսկու գինը բարձրացավ այն սպասումների ֆոնին, որ ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) սեպտեմբերին 20-ին կայանալիք նիստում պատրաստվում էր նվազեցնել տոկոսադրույքը։ Դա ​​հիմնական գործոնն էր, որը ակտիվություն էր առաջացրել թանկարժեք մետաղների գնորդների շրջանում։

Եվ ահա, այդ օրը եկավ և որոշումը կայացվեց, որի արդյունքում ոսկին թանկացավ:

Վերլուծաբանները նշում են, որ ոսկու նկատմամբ հետաքրքրությունը խթանվում է նաև կենտրոնական բանկերի գնումներով և Դաշնային պահուստային համակարգի կողմից հետագա գործողությունների սպասումներով: CME FedWatch-ի տվյալներով՝ շուկաները կանխատեսում են 93% և 81% հավանականություն, որ հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար կիրականացվեն ևս երկու 25 բազային կետով տոկոսադրույքի իջեցումներ: Ներդրողները ներկայումս կենտրոնացած են Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների առաջիկա ելույթների և հիմնական գների ինդեքսի (PCE) հրապարակման վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը վաղուց էր պահանջում ԴՊՀ-ից տոկոսադրույքի իջեցում, որպեսզի խթանվի ամերիկյան տնտեսության զարգացումը:

Սակայն այդ կառույցի ղեկավարը դիմադրում էր, հիմնավորելով, որ այդ քայլը կխթանի նաև գնաճը:

Ըստ ամերիկյան Սահմանադրության՝ ԱՄՆ-ի նախագահը չի կարող պարտադրել իր որոշումները ԴՊՀ-ի ղեկավարին: Սակայն գալիք տարի այդ կառույցի ղեկավարի ժամկետն ավարտվում է, և այդ ժամանակ Թրամփը կարող է նշանակել իր մարդուն:

Հաշվի առնելով այս ամենը՝ փորձագետները կանխատեսում են, որ ԴՊՀ-ի տոկոսադրույքների իջեցումը հետագայում անխուսափելի գործընթաց է լինելու, և դրա արդյունքում ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ուժեղանալու են ինֆլյացիոն գործընթացները:

Եվ այդ համատեքստում կանխատեսվում է, որ գալիք տարի ոսկու մեկ ունցիայի արժեքը կարող է գերազանցել 4000 դոլարի սահմանը:

Ոսկու գնի աճի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ աշխարհաքաղաքական հնարավոր կտրուկ փոփոխությունները: Սակայն, փորձագետների կարծիքով, այդ փոփոխությունների ազդեցությունը ոսկու գնի վրա կրում է ավելի ածանցյալ բնույթ, քան՝ ամերիկյան ԴՊՀ-ի որոշումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը