Քաղաքական

16.09.2025 21:30


Կարեն Սիմոնյանի ելույթը Գյումրու ավագանիում՝ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Մայր Հայաստան»-ի նախագծի վերաբերյալ (տեսանյութ)

Կարեն Սիմոնյանի ելույթը Գյումրու ավագանիում՝ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Մայր Հայաստան»-ի նախագծի վերաբերյալ (տեսանյութ)

Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ գործընկերներ,

Ամիսներ առաջ «Մայր Հայաստանը» հանդես եկավ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրուն հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու ծրագրերով: Դրանք մշակվել էին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած մասնագիտական խմբի կողմից: Մենք ընտրություններից առաջ գյումրեցուն խոստացանք հետևողական լինել այս հարցում: Մեր խոստման 1-ին փուլում ենք հիմա:

Տեղեկացնեմ նաև, որ ծրագրերի ստեղծմանն իրենց արդյունավետ մասնակցությունն են ունեցել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, երջանկահիշատակ Վարդան Բոստանջյանը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ստեղծման ծրագրերն իրենց խորհուրդներով ու առաջարկներով հարստացրել են գյումրեցի մասնագետները, տեղական բիզնեսի ներկայացուցիչները:

Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվել կենտրոնական իշխանության ոչ հետևողական աշխատանքի և պատկերացումների բացակայության պատճառով: Օրվա իշխանությունն էլ էր այս առումով խոստումներ տալիս, բայց ինչպես այլ դեպքերում, խոսքից գործի չանցավ:

Մենք շատ ենք կարևորում ազատ տնտեսական գոտու ստեղծումը և դրա համար որոշեցինք գնալ աննախադեպ քայլի, որպեսզի ծրագիրը ոչ թե առանձին քաղաքական կամ մասնագիտական խմբի ծրագիր լինի, այլ դառնա գյումրեցիների սեփականությունը: Այդ ծրագրի ընդունման նախաձեռնող և պահանջատեր դարձրեցինք գյումրեցիներին, որոնք իրենց ստորագրությամբ դարձան ծրագրի գլխավոր սուբյեկտը և ավագանու որոշման նախագծի հեղինակը: Ինքս մեր թիմակիցների հետ օրեր շարունակ հանդիպել եմ հարյուրավոր գյումրեցիների, ներկայացրել մեր ծրագրերը, ստացել նրանց հավանությունը: Հավաքել ենք ավելի քան 7 հազար ստորագրություն: Այժմ այդ ստորագրություններով նախագիծն է ներկայացվում Գյումրիի ավագանու դատին: Սա լրիվ նոր մշակույթ է, և ես հուսով եմ, որ ծրագիրն արժանանալու է բոլոր խմբակցությունների հավանությանը, որից հետո կանցնենք հաջորդ քայլերին:

Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի և մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա «ազատ քաղաքի» կարգավիճակ: Դրա բոլոր նախադրյալները կան: Գյումրին վերջապես պետք է ձերբազատվի «աղետի գոտու» պիտակից և դառնա զարգացման գոտի, դառնա տնտեսական զարգացման լոկոմոտիվ ոչ միայն մեր սիրելի քաղաքի, այլ նաև ամբողջ Շիրակի մարզի ու ինչու ոչ՝ Հայաստանի համար: Դրա բոլոր նախադրյալները կան.

  • որակյալ աշխատուժի առկայությունը․ այն կարող է անհրաժեշտության դեպքում շատ արագ վերաորակավորվել և ներգրավվել նոր համակարգերում,
  • աշխարհագրական դիրքը․ կան բոլոր հնարավորությունները՝ տրանսպորտային հանգույցի, տարանցիկ լոգիստիկ կենտրոնի և կոմունիկացիոն խաչմերուկի վերածվելու համար,
  • ցամաքային և օդային տրանսպորտի բոլոր միջոցների օգտագործման հնարավորություն․ հյուսիս–հարավ ճանապարհային հատվածի կարևորագույն կետ ծանր բեռնատար մեքենաների համար, երկաթգծային հնարավորություններ և օդանավակայան։

Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են՝

  • քաղաքի զարգացում,
  • ավելի քան 15․000 նոր աշխատատեղ,
  • շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում,
  • գիտակրթական առաջընթաց։

Մենք հասկանում ենք, որ սա համայնքային մակարդակով լուծվող հարց չէ, բայց ավագանին իր անելիքն ունի: Բոլորս էլ գյումրեցիներ ենք, և համատեղ ջանքերով պետք է ստիպենք իշխանությանը հաշվի նստել հազարավոր գյումրեցիների հավանությանն արժանացած այս ծրագրին: Կանեն՝ լավ, չեն անի՝ մեղքն իրենց վիզը: Գյումրեցին չպետք է սոցիալական խնդիրների տակ կռացած մնա: Մենք աշխատասեր ու արարող ենք: Մեզ պետք են ոչ թե հումանիտար օգնություններ և մեր քաղաքի փոքրիկ բյուջեից սպասվող հատկացումներ, այլ աշխատելու և բիզնես զարգացնելու հնարավորություններ:

Մենք օրերս քննարկեցին ու այսօր էլ անդրադառնալու ենք Գյումրու զարգացման հնգամյա ծրագրին: Կարելի է բազմաթիվ առաջարկներ անել, բայց ամեն ինչ հանգում է բյուջեին: Այդ բյուջեն էականորեն կմեծանա, եթե մենք զարգացման ռազմավարական ծրագիր ունենանք ու այդ ծրագիրը գործնականում կիրառենք:

Կոչ եմ անում բոլորին՝ կողմ քվեարկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու և Գյումրիում հարկային ազատ ռեժիմ սահմանելու գյումրեցիների ու «Մայր Հայաստանի» համատեղ ծրագրերին:

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը