Մեկնաբանություն

26.12.2011 13:40


«Հայբուսակի» համախտանիշ

«Հայբուսակի» համախտանիշ

Խոսքը հայտնի Հայբուսակի  առավել հայտնի Անոյի մասին չէ: Դրա ոչ ժամանակը կա, ոչ` հավեսը: Խոսքը մեր իրականության մեջ գոյություն ունեցող արժեքների և երևույթների մասին է, որը պայմանականորեն, այսօր կոչենք, «հայբուսակության համախտանիշ»:

Քծնանքը, պատեհապաշտությունը, անսկզբունքայնությունը միշտ էլ ուղեկցել են մարդկությանը, և այդ մասով, առանձնապես զարմանալու մոտիվ չկա:  Այլ հարց է, որ չկայացած քաղաքական համակարգերում, օրինակ, Հայաստանում, դրանք դառնում են քաղաքական գործոններ: Մարդիկ միայն ու միան քծնելով ու սողալով դառնում են պատգամավոր, նախարար, այլ կարգի պաշտոնյաներ: Մի պահից սկսած քծնելն ու սողալը քիչ են համարվում ու պահանջվում է «քցել» և ուրանալ:

Հայբուսակի Անոյին սա նույնպես չի վերաբերվում, որովհետև ԲՀԿ-ում նրան երբեք լուրջ չեն ընդունել, որևէ գործի չեն դրել, որևէ բան չեն վստահել ու բնականաբար «քցելու» մասին խոսք չի կարող լինել:  Լավ ասենք, Ծառուկյանը մի 10 մլն նվիրել է, հետո ինչ: Լավ ասենք, երբ Ծառուկյանը գնացել էր Հայբուսակ՝ Անոն հայտարարել է, որ. «Ուսանողնե՛ր, սա ձեր կյանքի ամենակարևոր օրն է, որովհետև մեզ մոտ է եկել…» ու շռայլեր էր քծնանքի անվերջանալի խոսքեր: Սա միայն մարդու մասին է խոսում, բայց ոչ` քաղաքականության:

Իսկ երբ պետության կրթության նախարարը կրթության և գիտության մեջ ունեցած մեծ ավանդի համար մեկին պարգևատրում է պատվոգրով ու բոլորը գիտեն, որ դա արվում  է միայն ու միայն համապատասխան հարցազրույցի «խաթեր»՝ սա արդեն քաղաքականություն է: Քաղաքականություն, որի արդյունքում մի խումբ ռուսական կրթությամբ «նժդեհականներ»  երկիրը սարքել են սեփական «վետերոկը» և քամի են անում:

Այդ նույն նախարարը ամիսներ առաջ ուզում էր նույն մարդուն զրկել լիցենզիայից, իսկ նրա կուսակցության շեֆը ստիպված էր լսել տարբեր դեսպանների բողոքը ու մի կերպ հարթել միջկառավարական սկանդալները:  Չզարմանաք, որ կրթության զարգացումը մեր երկրում այսուհետ ընթանա «Առա՛ջ, Հայբուսակ» կարգախոսով:

Ինչ է ասածս. Կա՛մ Հայաստանում կստեղծվի լուրջ, բազմակուսակցական  քաղաքական համակարգ, իր հասկանալի խաղի կանոններով, կա՛մ այս երկրում այլևս ոչ մի բանի վրա զարմանալ պետք չի լինելու:

Ի դեպ, վերջերս, հաճախ է օգտագործվում «քաղաքական ական» տերմինը: Կարծում ենք բառի հաճախակի կիրառումը արժեզրկել է այն: Օրինակ՝ Հայբուսակից կամ Հայբուսակի Անոյից ինչ ական:  Իսկական ականը մեր երկրի համար այսօրվա քաղաքական պետական համակարգն է` հենված քծնանքի ու անողնաշարության վրա:  Նայեք, պատգամավորներից շատերին, նայեք նախարարներից շատերին, նայեք կառավարման համակարգում թափով առաջ գնացողներին ու ամեն ինչ պարզ կդառնա:

Պայքարը չի կարող անձանց դեմ լինել, պայքարը երևույթների ու արժեքների դեմ է: «Հայբուսակի համախտաշինը» կրծում է  մեր երկիրը՝ քանդելով ոչ միայն ազգային, այլև քրիստոնեական հիմքերը: Ոչ մի ազգի հիմքը չի կարող լինել քծնանքը:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը