Կարծիք

23.12.2011 15:42


Մանդա՞տ եք ուզում, թե՞ փոփոխություն

Մանդա՞տ եք ուզում, թե՞ փոփոխություն

Մի տեսակ անհասկանելի են հատկապես ընդդիմադիր այն կուսակցությունների ցանկություններն ու նպատակները, որոնք, ըստ էության, իշխանությունը վերցնելու հայտ չեն ներկայացնում, սակայն ջանք ու եռանդ չխնայելով՝ փորձում են համոզել, որ իրենք են այն միակն ու անկրկնելին, որոնց վրա ուշադրություն պետք է դարձնի ընտրողը: Անտրամաբանական է, որ երկրում արմատական փոփոխություններ  ցանկացող քաղաքացին իր քվեն վստահի մի կուսակցության, որի հիմնական նպատակը մի քանի խորհրդարանական մանդատ ունենալն է: Ի վերջո, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, որ խորհրդարանում փոքրաթիվ ընդդիմադիր պատգամավորներով հարց չի լուծվում: Իսկ օրենսդիր մարմինն իշխանությանը հանձնելուց հետո վարչախումբն անարգել վերարտադրվում է:

Խնդիրն այն է, որ Հայաստանում, ի տարբերություն զարգացած դեմոկրտական այլ երկրների, չկա կայացած քաղաքական դաշտ և քաղաքական մշակույթ: Հետևաբար, անմիմաստ է խոսել այն մասին, որ ինչ–որ մի նոր ուժ, մտնելով խորհրդարան և իրեն լավագույնս ներկայացնելուց հետո հաստատուն տեղ կզբաղեցնի ասպարեզում, իսկ հաջորդ ընտրություններում հայտ կներկայացնի իշխանության գալու: Հայաստանում քաղաքական սերնդափոխության մեխանիզմը պարալիզացված և նեխած է: Այն այլասերված տարբերակով տեղի է ունենում իշխանական թևում, որտեղ առաջընթացի համար հիմնականում հաշվի են առնվում ոչ թե անձնական և մասնագիտական որակները, այլ պնակալեզության և քծնանքի աստճանը՝ ինչքան շատ, այդքան բարձր կարգավիճակ իշխանական Օլիմպոսում:

Հիմա ընդդիմադիր դաշտում գործող գրեթե բոլոր ուժերը, չհաշված դհոլախառը զանգվածը, պնդում են, որ պետության վիճակն օրհասական է, և այսպես երկար շարունակվել չի կարող, այլապես շատ կարճ ժամանակ անց մենք ականատես կլինենք հայկական պետականության վախճանին: Դժվար է չհամաձայնվել այս գնահատականների հետ, սակայն հարց՝ իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնա՛յք, որպեսզի կանխեք այդ վախճանը և երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնեք: Եթե ներկայիս խաղի կանոնների պարագայում փորձում եք սերնդափոխության և նոր գաղափարների քողի տակ պարզապես խորհրդարան մտնել, ապա ձեր նպատակները, մեղմ ասած, խիստ կասկածելի են: Ներկա ռեժիմի վերարտադրության դեպքում, այսպես ասած, նոր գաղափարներով և նոր խոսքով ուժերի ներկայացուցիչները շատ չանցած կոկորդիլոսի արցունքներ են թափելու՝ մի քանի պատգամավորով ինչպե՞ս կարող են իրավիճակը փոխել: Այսինքն, հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե իշխանության տակը պառկելով խորհրդարան սպրդելը, այլ գործող վարչակարգի վերարտադրությունը կանխելը:

Այս խորհրդարանական ընտրություններից առաջ այդ նպատակի իրագործման համար ընդդիմադիր ուժերը պետք է  այնպիսի համագործակցության պլատֆորմ ձևավորեն, որը հնարավորություն կընձեռի նախընտրական և ընտրական շրջանում քաղաքական պայքար մղել և կանխել ընտրակեղծիքները, այլ ոչ թե իջնել իշխանության կրիմինալի մակարդակին և անհույս պայքարել Սերժ Սարգսյանի անձնական շահերին ծառայող պետական մեքենայի դեմ, իսկ դրանից հետո էլ աղաղակել կեղծված ընտրությունների մասին, որոնք մեծ հաշվով բան չեն փոխելու: Իշխանությունն այս ընտրությունների ժամանակ կռիվ է տալու իր կրիմինալով, ֆինանսական և վարչական ռեսուրսով, այստեղ որևէ քաղաքական ուժ չի կարող մրցակցել Սերժ Սարգսյանի թիմի հետ: Սակայն քաղաքական հարթությունում այդ թիմը զրո է, որևէ գաղափարախոսությունից ու ծրագրից զուրկ. հո չե՞ն անկեղծանալու, որ իրենց ռազմավարությունը «մեկ օլիգարխի» տնտեսությունն է, իսկ մարտավարությունը՝ թալանչիությունը: Այս ուժը քաղաքական պայքարի դեպքում դատապարտված է ջախջախման ու ոչնչացման: Խնդիրը շատ պարզ է. ամեն գնով գործող ռեժիմին խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է քարշ տալ քաղաքական ասպարեզ ու այնտեղ ջախջախել:

Հետևաբար, սրան–նրան քծնելով կամ ծախվելով մի կերպ խորհրդարան սողոսկելուց առաջ պետք է մտածել քաղաքական պայքարի համար դաշտ ստեղծելու մասին՝ մի կողմ թողնելով նեղ անձնական ու կուսակցական շահերը։ Հակառակ դեպքում տարատեսակ խայտաբղետ ընդդիմադիրները չեն տարբերվի գործող վարչախմբից, եթե, իհարկե, նրանցից ոմանք անզուսպ ցանկություն չունեն թալանչիների բրիգադի մաս կազմելու:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը