Կարծիք

22.08.2025 21:20


Պետության անվտանգության մասին «մալակասոս» պատկերացումներ

Պետության անվտանգության մասին «մալակասոս» պատկերացումներ

Գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե մենք անվտանգություն ասելով նկատի ունենք բանակ, ուրեմն մենք անվտանգություն չունենք»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կեղծել և մանիպուլացնել։ Իհարկե միայն բանակը անվտանգություն չէ, բայց բանակն անվտանգության առանցքն է։ Սակայն եկեք մի կողմ դնենք սա և քննարկենք, թե ինչ է պետության անվտանգությունը։ Ո՞ր գործոնների համախումբն է թույլ տալիս գնահատել պետության անվտանգության մակարդակը։

Ազգային ինքնիշխանություն

Անվտանգության հիմքում պետության անկախությունն է՝ արտաքին ուժերի կողմից չթելադրվող քաղաքականություն վարելու հնարավորությունը։ Պետության որոշումների կայացման ինքնուրույնությունը հուշում է, թե ինչ զարգացումներ են ունենալու մյուս գործոնները։

Ինքնիշխա՞ն է արդյոք Հայաստանը։ Իհարկե ոչ։ Երբեք էլ բացարձակ ինքնիշխան չի եղել և չէր կարող լինել, բայց այսօր երկրի ներքին կյանքը ուղղորդում են ոչ թե այն պետությունները, որոնց հետ ունենք ընդհանուր շահեր և դաշնակցային հարաբերություններ, այլ թշնամական ու ցեղասպանական պլաններ ունեցող Ադրբեջանն ու Թուրքիան։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի իշխանությունները նույնիսկ պատրաստվում են փոխել երկրի մայր օրենքը։

Զինված ուժեր և սահմանների պաշտպանություն

Բանակի մարտունակությունն ու սահմանների պաշտպանված լինելը առանցքային են։ Անվտանգություն չի կարող լինել, եթե երկրի տարածքային ամբողջականությունը մշտական սպառնալիքի տակ է։

Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերի շնորհիվ այսօր Հայկական բանակը իր գոյության ընթացքում ամենախոցելի վիճակում է։ Բանակն այնքան թույլ է, պետության սահմանների պաշտպանությունը՝ այնքան խոցելի, որ իշխանությունները անգամ պատերազմի սպառնալիքի դեպքում են գնում զիջումների և հողերի հանձնումը հիմնավորում պատերազմից խուսափելու ցանկությամբ, իսկ պատերազմը ներկայացնում որպես անխուսափելի պարտություն։

Ներքին կայունություն և իրավական կարգավորումներ

Պետության ներսում պետք է գործի արդար և կանխատեսելի օրենք, որպեսզի չլինի անիշխանություն կամ քաղաքացիական բախումների վտանգ։ Ներքին քայքայվածությունը միշտ դառնում է արտաքին սպառնալիքների հաջողության նախապայման։

Արդյո՞ք այսօր Հայաստանում կա կանխատեսելի օրենք և արդար միջավայր։ Իհարկե ոչ։ Հայաստանում շաբաթների ընթացքում, առանց քննարկումների կարող են ընդունվել օրենքներ, որոնք ծանրացնում են քաղաքացիների կյանքը և հարվածում նրանց գրպանին։ Հայաստանի բանտերը լցված են պատվիրված գործերով կալանավորված քաղբանտարկյալներով։ Հայաստանում օրենքը գործում է միայն գործող իշխանության քմահաճույքով։

Տնտեսական հիմքեր

Անվտանգություն չկա առանց կայուն տնտեսության։ Էներգետիկ, սննդի և ռազմավարական ռեսուրսների ինքնաբավություն ունենալը նվազեցնում է արտաքին կախվածությունը և ուժեղացնում պետության դիմադրողականությունը ճնշումների ժամանակ։

Հայաստանը երբեք չի ունեցել էներգակիրներ։ Այս առումով մեր անվտանգությունը մշտապես խոցելի է եղել։ Սակայն մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը պարենային առումով հարաբերական ապահովվածություն կար։ Փաշինյանի օրոք գյուղատնտեսությունը փաստացի սպանվեց, իսկ այսօր պարենային անվտանգությունը ծայրահեղ վիճակում է։ Արցախի հանձնումից հետո խնդիրը միայն սրվեց։

Տեղեկատվական և հոգեբանական պաշտպանություն

Այսօր անվտանգությունը միայն զենքով չի որոշվում։ Պետության թշնամիները կարող են ներսից քայքայել հասարակությունը քարոզչությամբ, կեղծ լուրերով, բաժանարար գծերով։ Ուստի տեղեկատվական դաշտի պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան սահմանների պաշտպանությունը։

Ավելորդ է երկար գրել այն մասին, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը պառակտելով հասարակությանը խաթարել միասնականությունը։ Կեղծ լուրեր տարածելով՝ իշխանությունը խեղում է առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող հասարակական արժեհամակարգը։

Մշակութային և հոգևոր անվտանգություն

Ազգի ինքնության պահպանումը՝ լեզվի, մշակույթի, կրոնի և արժեքների պաշտպանությունը, առանցքային է։ Եթե ժողովուրդը կորցնում է իր ինքնությունը, պետությունը դառնում է դատարկ ձևակերպում։

Այս ոլորտում ևս ամեն ինչ ակնհայտ է։ Փաշինյանի իշխանությունը փոխում է Հայոց պատմությունը, ուրանում ցեղասպանության զոհերի հիշատակը, հարձակվում եկեղեցու վրա։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հասարակությունը վերջնականապես կտրվի ազգային արժեհամակարգից։ Պետք է նկատել, որ զգալի չափով սա արդեն հաջողվել է։

Ամփոփում

Այսպիսով՝ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք (մի քանի գործոնների մասով նաև նախկինում) պետության անվտանգությունը հասցվել է զրոյական մակարդակի։ Այսօր Հայաստանը աշխարհի ամենախոցելի պետություններից մեկն է, և պետականությունը դեռևս պահպանվում է ոչ թե մեր կամքով, այլ լրիվ այլ գործոններով պայմանավորված։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը