Կարծիք

21.08.2025 12:08


Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին

Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին

Ինչպես հայտնի է, 102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի և 1995 թվականի մարտի 16-ի «ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի համաձայն:

Ռազմակայանի հիմքը դարձավ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիան։ Ռազմակայանը մարտական հերթապահություն էր իրականացնում ԱՊՀ-ի միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում և մինչև 2007 թվականը ենթարկվում էր Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի Անդրկովկասում Ռուսաստանի զորքերի խմբի հրամանատարությանը, 2010 թվականից հետո՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությանը:

Ռազմակայանի շահագործման մասին պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և երկարաձգվել է ևս 24 տարով (մինչև 2044 թվականը)՝ Ռուսաստանի նախագահ Դ. Ա. Մեդվեդևի 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ: Ռուս զինծառայողների պատասխանատվության հարցերը վերաբերում են Հայաստանի տարածքին, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում դա կհամարվի Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիք:

Այսինքն, անկախ ռազմակայանում տեղակայված զինտեխնիկայի քանակից՝ Հայաստանի տարածքի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի, որպես Ռուսաստանի վրա հարձակում:

Հենց այդ դրույթի պատճառով է, որ Թուրքիան չի կարող կոշտ խոսույթ ունենալ Հայաստանի հանդեպ, ինչպես որ նա դա իրականացնում է, օրինակ Սիրիայի կամ Իրաքի դեպքում:

Հենց դրա համար էլ Թուրքիային անհրաժեշտ են Փաշինյանն ու նրա թիմակիցները, որպեսզի իր ազդեցության գործակալների ձեռքերով կարողանան կազմաքանդել Հայաստանի անվտանգությունը:

Ավելին, Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման ձևավորումից հետո՝ 2017 թվականին, ռազմաբազան դարձել է խմբի մաս՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին:

Ռազմակայանը հագեցած է S-300 զենիթահրթիռային համակարգերով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներով (3624-րդ ավիաբազայի մասը գտնվում է Էրեբունի օդանավակայանում՝ Երևանի մոտ): Ռազմակայանի անձնակազմի թիվը կազմում է մոտ 4 հազար զինվորական:

Որոշում է կայացվել կրկնապատկել ռազմակայանի ներուժը՝ արդիականացված ռազմական տեխնիկայով հագեցնելով:

Հասկանալի է, որ այս ամենը չի տեղավորվում Թուրքիայի ռազմավարական նպատակների մեջ: Միաժամանակ, նա չի կարող ուղղակի ձևով կանխել հայ-ռուսական հարաբերությունների այս մակարդակը: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է գործել Հայաստանում իր ազդեցության գործակալների միջոցով:

Հենց այդ ազդեցության գործակալներն են փորձելու օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպել ռազմակայանի մոտ:

Պատկերավոր ասած՝ այն լինելու «թուրքական ցույց»:

Ինչպիսի՜ փարիսեություն: Նրանք այդ «ցույցը» պատրաստվում են անցկացնել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը: Այսինքն, այն հռչակագրի, որն այսօր պատրաստվում են ոչնչացնել, Ադրբեջանի հետ միասին: Եվ դա սիմվոլիկ նշանակություն ունի հենց Թուրքիայի համար:

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի իշխանությունը օգնելու է «թուրքական ցույցի» մասնակիցներին տեխնիկական միջոցներով:

Այդ «թուրքական ցույցը» լուսաբանվելու է Թուրքիայի և Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից՝ հասկանալու համար, թե ինչ արժե իրենց ազդեցության գործակալների աշխատանքի էֆեկտիվությունը Հայաստանում:

Ինքնին, այս պատկերն արդեն ողբերգական է մի ժողովրդի համար, ով 110 տարի առաջ ցեղասպանության է ենթարկվել նույն Թուրքիայի կողմից և կարողացել է ներկայիս Հայաստանը կերտել ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում:

Ամոթալի է նաև այն, որ ներկայիս քաղաքական դաշտում, գրեթե միայն «Մայր Հայաստան» շարժումն է ռազմակայանի պաշտպանությամբ հայտարարությամբ հանդես եկել:

Մի՞թե, բացի «Մայր Հայաստանից», այլ ուժերին չի հետաքրքրում թե ինչ ապագա կարող է ունենալ Հայաստանը, եթե Թուրքիային հաջողվի հասնել իր նպատակներին:

Թե՞ Հայաստանում քաղաքական գործիչներին հետաքրքիր է միայն ընտրությունների ժամանակ ի հայտ գալ՝ ԱԺ-ում լրացուցիչ աթոռներ կորզելու համար:

Ամոթ է, որ Հայաստանում նման իրավիճակ է ձևավորվել, հասկանալի է նաև, որ հետփաշինյանական Հայաստանում, ամեն ինչ իր տեղը կընկնի, և բոլոր տեսակի քաղաքական փուչիկները կհեռանան քաղաքական դաշտից՝ զբաղվելով այլ հանրօգուտ գործերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը