Կարծիք

12.08.2025 17:27


Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից

Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող երթուղին:

Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԱՄՆ-ն

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիևը, Փաշինյանը և Թրամփը ստորագրեցին յոթ կետից բաղկացած եռակողմ հռչակագիր, որում Բաքուն և Երևանը նախ հաստատեցին, որ կաշխատեն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ և բացի այդ, այս հռչակագրի մեկ այլ կարևոր կետ նվիրված էր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Ինչպես հայտնի է, նույնանման մի համաձայնագիր կնքվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն Պուտինի հովանու տակ: Այն համաձայնագրով ենթադրվում էր, որ «Տարածաշրջանում պիտի բացվեին բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը», և որ Հայաստանը պիտի ապահովեր անվտանգ տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Արդյունքում, պետք է ապահովվեին մարդկանց, տրանսպորտի և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։

Սակայն նոյեմբերի 9-ի համաձայնագրով, Ադրբեջանը իր հերթին պիտի ապահովեր մարդկանց, տրանսպորտի և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով՝ Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան և Ռուսաստան:

Այսինքն, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր իրավունքներ և պարտականություններ էին ունենում:

Ենթադրվում էր, որ այս բոլոր երթուղիները պիտի վերահսկվեին Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահ ծառայության կողմից։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ռուսական կողմը պիտի ապահովեր ընդամենը կապուղիների անվտանգությունը և ուրիշ ոչինչ:

Բացի այդ, ռուսական կողմը շահագրգրված կլիներ, որ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի կապուղիները անվտանգ գործեին, քանի որ այդ համաձայնագրով Հայաստանը ցամաքային կապով կապվում էր Ռուսաստանի և Իրանի հետ: Իրանի մասով կգործեր նաև երկաթգիծը:

Վաշինգտոնում կնքված համաձայնագրով գործում է բոլորովին այլ ռեժիմ: Այստեղ հայկական կապուղին հանձնվում է ամերիկյան կողմին 99 տարով, գրեթե բոլոր իրավունքներով:

Ընդ որում, Փաշինյանը խոստացվել էր, որ համաձայնագիրը այնպես է պատրաստվելու, որ 99 տարի անց, այն կրկին շարունակվի: Թրամփը ասուլիսի ժամանակ դա նշեց և Փաշինյանը հաստատեց դա:

Իսկ դա նշանակում է, որ այդ կապուղին Հայաստանը փաստացի հավերժ է հանձնում ամերիկյան կողմին:

Ընդ որում, ամերիկյան կողմը հայկական կողմի համաձայնությամբ, կարող է այդ կապուղին շահագործել երրորդ կողմի հետ:

Հասկանալի է, որ այդ երրորդ կողմը կլինի կամ Թուրքիան, կամ էլ՝ Ադրբեջանը:

Այսինքն Թրամփը բրոկերի դեր է կատարելու Հայաստանի տարածքը կառավարելու հարցում գործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Հասկանալի է Թուրքիայի և Ադրբեջանի շահը:

Հասկանալի է ԱՄՆ-ի շահը:

Ո՞րն է Հայաստանի շահը, հասկանալի չէ:

Ընդ որում նույնանման առաջարկ ամերիկացիները կատարել էին դեռ 1999 թվականին, սակայն այն ժամանակ, այդ կապուղին պիտի փոխարինվեր Արցախի հետ:

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը մեծ ոռնոց էին դրել, թե՝ Հայաստանի տարածքը հանձնում են թշնամուն:

Այսօր նույն Փաշինյանն ու Արամ Զավենիչը հանձնում են այդ տարածքը միջնորդավորված ձևով, առանց Արցախի, այսինքն նվեր են հանձնում, դիմացը փորձելով ստանալ երաշխիք, որ ամերիկացիները կաջակցեն իրենց իշխանության վերևարտադրման համար:

Այսինքն Փաշինյանն ու Արամ Զավենիչը այսօր կատարում են դասական իմաստով պետական դավաճանություն, որի անունը դնում են «տարածքի հանձնում՝ հանուն խաղաղության»:

Հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին այս ամենից հետո:

Ցինիկաբար Հայաստանի տարածքի հանձնումը անվանում են «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Փաշինյանը ծաղրում էր, հայտարարելով, թե իբր այս համաձայնագրով Հայաստանը կստանա հնարավորություն բաց կապուղիներով համագործակցել նաև Ռուսաստանի և Իրանի հետ:

Ամերիկացիները, բնականորեն, շահագրգրված չեն լինի, որ Հայաստանը ցամաքային կապ հաստատի Ռուսաստանի և Իրանի հետ:

Հասկանալի է, որ այս հակահայկական ծրագիրը շահավետ չի լինի նաև Ռուսաստանի և Իրանի համար: Քանզի այդ ծրագրով Իրանն ու Ռուսաստանը կարող են զրկվել Հյուսիս-Հարավ կապուղիներից մեկից:

Բացի այդ, Չինաստանը շահագրգրված չի լինի այդ ուղիով իր ապրանքները ուղարկել դեպի Եվրոպա: Այսինքն, այդ ծրագրով Հայաստանը դառնալու է տարածաշրջանային փակուղի, դրանից բխող հետևանքներով:

Ընդ որում, Ադրբեջանն ու Վրաստանը Չինաստանի հետ ռազմավարական համաձայնագրեր են կնքել և Ադրբեջանով և Վրաստանով կանցնեն չինական ապրանքները, իսկ Հայաստանը, փաստացի դուրս կմնա այդ ծրագրերից:

Սա տնտեսական մասով:

Իսկ հետագայում, այդ կապուղին կարող է դառնալ անվտանգության խնդիր Իրանի համար:

Եվ իզուր չէ, որ Իրանում խիստ մտահոգված են այդ ծրագրերով:

Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանը միշտ դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ այն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, կվերաձևի սահմանները և կհանգեցնի Հայաստանի փլուզմանը։ «Իրանը պնդում է, որ կգործի Հարավային Կովկասի անվտանգության պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»։

Ճիշտ է, հաջորդ օրը այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարեց, թե Իրանը դեմ չէ, եթե Իրանի և Հայաստանի ցամաքային կապը չի խզվելու, սակայն այդ երկրում այս հարցի շուրջ կա կոնսենսուս, որ ամերիկացիների մուտքը տարածաշրջան սպառնալիք է Իրանի համար:

Խիստ գնահատական տվեց նաև Ռուսաստանի ԱԳ խոսնակը:

Ռուսաստանը թեև դրական արձագանքեց այս համաձայնագրին, Զախարովան նշեց, որ այս գործնթացի սկիզբը դրվել էր Ռուսաստանի ջանքերով: Հետո, ակնարկելով Փաշինյանի խաբեությունը, ԱԳ խոսնակը նշեց, թե կողմերը մինչև վերջին պահը խոստանում էին, որ բանակցությունները վարում են, առանց միջնորդի: Իսկ հետո պարզվեց այն, ինչ բոլորին էր հայտնի: Այսինքն երևացին միջնորդի ականջները՝ Վաշինգտոնից:

Այսինքն, Փաշինյանի ջանքերով տարածաշրջան մտավ ԱՄՆ-ն, ինչով խիստ մտահոգված են Մոսկվայում, Թեհրանում և Պեկինում:

Ընդ որում, ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի սահմանափակ հնարավորություններ գործելու և դրա պատճառով նա աշխատելու է Թուրքիայի դերը մեծացնելու համար:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենիչը և մյուս հայտնի գործիչները ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում թուլանա Ռուսաստանի, Իրանի դերակատարումը և մեծանա ԱՄՆ-ի և Թուրքիայի դերը:

Այն Թուրքիայի, որ առաջարկում էր Ալիևին դատական հայցերով հանդես գալ Հայաստանի դեմ, որպեսզի հետագայում, լեգիտիմ տեսք ստանան Սյունիքի հանդեպ տարածքային պահանջները:

Մարդկության պատմության մեջ նման պետական դավաճանության դեպքեր հազվագյուտ են եղել:

Իսկ ինչու հենց Փաշինյանին և Արամ Զավենիչին որոշեցին հանձնել այդ անպատվավեր դերակատարումը, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը