Կարծիք

22.12.2011 17:43


Հին մեթոդներն այլևս չեն աշխատում

Հին մեթոդներն այլևս չեն աշխատում

Հայաստանը թեև դանդաղ, բայց թևակոխում է նոր ժամանակաշրջան: Հին կարգերը, բնականաբար, դիմադրում են, չեն կարողանում հաշտվել նոր իրավիճակի հետ, բայց այս աշխարհում գոյություն ունեն գործընթացներ, որոնք տեղի են ունենում անկախ մեր կամքից և ցանկությունից: Հիմա որքան էլ Սերժ Սարգսյանի, Սյունիքի մարզպետի կամ Խոսրով Հարությունյանի համար անցանկալի և տհաճ լինի, այդուհանդերձ, տեխնոլոգիաների դարաշրջանում փոխվում է նաև Հայաստանում ապրող մարդը, որը չի պատրաստվում հանդուրժել պաշտոնյաների և նրանց հովանավորությունը վայելող կամ նրանց հետ սերտաճած, այսպես կոչված, գործարարների կամայականությունները:

Վարչախումբը ծրագրել էր առանց ցնցումների, երգով ու պարով իրականացնել «Վերարտադրություն–2018» ծրագիրը, բայց յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի են համոզվում, որ ոչ միայն անհնար է իրականացնել «Վերարտադրություն–2018»-ը, այլև «Վերարտադրություն 12-13»-ը:

Վարչախումբը փորձեց պահպանել իշխանությունը՝ հետևություններ չանելով նախկին սխալներից, բացթողումներից։ Ավելին, փորձեց խորացնել նախկին արատավոր երևույթները: Զավեշտ է, բայց բոլոր ոլորտներում անհաջողության մատնված վարչախումբը ձգտում է պահպանել իշխանությունը: Նման բան լինում է միայն բռնապետական և գերհետամնաց երկրներում՝ Հյուսիսային Կորեայում, Մյանմայում, Գաբոնում և նմանատիպ այլ երկրներում: Հայաստանում նման բան այլևս հնարավոր չէ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը դեռ մտածում է, որ գործի դնելով հին մեթոդները և եղանակները՝ կկարողանա վերարտադրվել, բայց, մեղմ ասած, նա թյուրիմացության մեջ է: Բանն այն է, որ մեր հասարակությունը շատ է փոխվել։ Փոխվել է նաև քաղաքական իրավիճակն ու դասավորությունը։

Սյունիքի մարզպետը չի կարողանում հասկանալ, թե քաջարանցիներն ինչպես են համարձակվում ընդդիմանալ իր կամքին, այն էլ այն բանից հետո, երբ նախագահի աչքի առաջ՝ Երևանի կենտրոնում, ապտակեց մի գործարարի և մնաց անպատիժ: Նա զարմանում է, որ իր դիմաց կանգնում են երիտասարդ բնապահպաններ և իրենից չեն սարսափում: Ոչինչ, մի փոքր էլ կզարմանա, հետո կհասկանա, որ ինքը վաղուց իր տեղում չի գտնվում:

Սերժ Սարգսյանը զարմանում է, որ իր ուզածը չիրականացավ.  Գագիկ Ծառուկյանը չգնաց միասնական ցուցակ կազմելու ճանապարհով: Ոչինչ, մի փոքր էլ այլ թեմաներով կզարմանա, իսկ հետո կհասկանա, որ մեր երկրին այլ իշխանություններ են անհրաժեշտ:

Եթե Սերժ Սարգսյանին ինչ–որ մեկը համոզել է, որ եթե Հենրիխ Մխիթարյանին շքանշան հանձնի, ապա ֆուտբոլասերները քվեարկելու են նրա և ՀՀԿ-ի օգտին, ապա նա ճիշտ կվարվի, եթե ազատվի նման խորհրդականներից, քանի որ հայ ֆուտբոլասերը ինքնակամ ինքնաոչնչացման չի գնա: Նման տեխնոլոգիական հնարքները կարող են աշխատել այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունները լեգիտիմ են, իսկ ֆուտբոլասերներն էլ յուրաքանչյուր օր չեն բախվում անօրինականության և անարդարության հետ և հազիվ են ապահովում իրենց ընտանիքի մի կտոր հացը:

Սերժ Սարգսյանի միակ հույսը կրկին մնում են ընտրակեղծիքները, բայց դրանք էլ չեն աշխատելու, որովհետև որևէ մեկն այլևս չի պատրաստվում կանգնել և նայել, թե մի խումբ արկածախնդիրներ ինչպես են պատրաստվում կործանել մի ամբողջ երկիր: Մեր նախնիները հարյուրամյակներ շարունակ չեն երազել անկախ Հայաստանի մասին, որ մենք հիմա ձեռքներս ծալած հետևենք մեր հայրենիքի անկախության կորստին:

Բարեբախտաբար, ստեծվել է մի վիճակ, որը մեզ թույլ է տալիս արմատապես փոխել իրավիճակը և ստեղծել այնպիսի երկիր, որ այլևս որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ այն կարող է կործանվել կամ թուլանալ: Մենք կարող ենք և պետք է ստեղծենք որակապես նոր երկիր, որտեղ ո՛չ անարդար ընտրություններ կլինեն, ո՛չ էլ մարդը ծաղրանքի առարկա կդառնա իշխանությունների կողմից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը