Մեկնաբանություն

21.12.2011 20:18


Ձևի և բովանդակության համատեղում

Ձևի և բովանդակության համատեղում

Այսօր Գ. Ծառուկյանի խոսնակը հայտարարություն էր տարածել, որի առանցքային երկու դրույթները հետևյալն էին.

  1. Ծառուկյանը վերահաստատում է, որ 100 մլն է տրամադրում մշակույթի աջակցմանը: Ավելին` պատրաստ է գումարի չափը մեծացնել:
  2. Լուծարում է Ռոբերտ Ամիրխանյանի գլխավորությամբ գործող մշակույթի աջակցման խորհուրդը:

Վերջին 1-2 տարում Ծառուկյանը ապացուցել է, որ ինքը կարող է ճշգրիտ և հաշվենկատ քայլերով քաղաքականություն  վարել: Ավելին, վերջին կես տարվա ընթացքում միայն այդպիսի քայլերի շնորհիվ էր, որ Ծառուկյանին հաջողվեց ոչ միայն առանց կորուստների դուրս գալ ներքաղաքական խիստ խճճված մթնլորտից, այլև հայտնվել ավելի շահեկան վիճակում: Եթե անկեղծ լինենք, մի պահ թե իշխանությունը, թե ըննդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, նրանից հենց  կոպիտ սխալներ էին ակնկալում ու սպասում:

Խ. Գալստյանի հայտարարությունը ստեղծված տհաճ պայմաններից շահեկան դուրս գալու, թերևս միակ տարբերակն էր: Այն ճիշտ էր, թե ձևի և թե բովանդակության առումով:

Երբ Ռ. Ամիրխանյանը ընտրվեց /նշանակվեց/ Մշակույթի աջակցման խորհրդի նախագահ, շատ մշակութային գործիչներ կասկած հայտնեցին, այդ թվում հրապարակային, որ այդ մարդը ի վիճակի չէ անկողմնակալ ու անշահախնդիր որոշումներ կայացնել: Հենց դա է ապացուցում այն, որ 7 ամսվա ընթացքում որևէ որոշում այդպես էլ չկայացվեց: Մեր ունեցած տեղեկություններով, մշակույթի աջակցման խորհրդի որոշ անդամներ հենց սկզբից նկատել էին, որ խորհրդի նախագահը անհասկանալի չափանիշներ է իր համար ընտրել ու չէին ցանկանում նրա թելադրած «անազնիվ խաղի» կանոններով շարժվել:

Իսկ շաբաթներ առաջ, Ամիրխանյանը նաև քաղաքական հարցազրույցներ սկսեց տալ: Եվ թիրախը ուղղեց, ինչ եք կարծում` ու՞մ դեմ, իհարկե, ԲՀԿ-ի: Սա արդեն ոչ թե ցածր մասնագիտական, այլ ցածր մարդկային արարք էր:

Մարդուն տալիս են հսկայական գումար և հսկայական լիազորություններ` անցկացնել օբյեկտիվ մրցույթներ և ֆինանսավորել մշակութային ծրագրեր, իսկ նա խորհդրի նիստում, երբ որևէ մեկը առարկում էր իր կողմից «առաջ քաշվող» նախագծերին, վկայակոչելով բյուջեի ուռճացվածությունը ու ծրագրի անիմաստությունը, պատասխանում էր. «ի՞նչ եք ուրիշի փողերի մասին մտածում»:

Սա՛ է մեր իրականությունը: Այն շատ տխուր է էմոցիոնալ առումով: Բայց քաղաքականության մեջ էմոցիաները պետք է լինում զսպել:

Ծառուկյանը, ոչ թե անձամբ, այլ իր խոսնակի միջոցով է հայտնում խորհրդի լուծարման մասին:  Սա ճիշտ էր ձևի առումով: Իսկ բովանդակության առումով, ճիշտ էր այն, որ նա ցույց տվեց, որ մարդիկ իրենց  քայլերի համար պատասխանատվություն են կրում: Որոշ դեպքերում` նաև պատժվում: Չի կարելի սովետական կուսակցական «ինտելեգենցիայի» արժեհամակարգով 21-րդ դարում մշակույթի աջակցման խորհուրդ ղեկավարել: Ընդ որում` ուրիշի փողերով:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը