Կարծիք

21.12.2011 14:58


«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Սերժ Սարգսյանի փեսան և տոնածառի հանդեսը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Սերժ Սարգսյանի փեսան և տոնածառի հանդեսը

Խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ Գյումրիում, ըստ էության, ակտիվ նախընտրական քարոզարշավ է սկսել«Շիրակի» ֆուտբոլային ակումբի նախագահ և սեփականատեր Արման Սահակյանը: Ըստ հավաստի տեղեկությունների՝ Արման Սահակյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական կարգով առաջադրվել Գյումրիում՝ որպես պատգամավորության թեկնածու: Նույն տեղեկությունների համաձայն՝ Արման Սահակյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերական շրջապատից է: Այս տեղեկությունը ևս ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում վերևից, այսպես ասած, «դաբրո» ունենալու տրամաբանության շրջանակներում:

Արդեն իսկ բոլոր հնարավոր միջոցներով Արման Սահակյանը գովազդվում է, որի մեջ բավական մեծ ֆինանսական միջոցներ են ներդրված: Գյումրիում Արման Սահակյանին գովազդելու գործին է լծվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով օրեր առաջ «Շիրակի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ հետ մասնակցել էր ՀՊՃՀԳՄ գիտխորհրդի նիստին, իսկ նորաթուխ ֆուտբոլասերի ներկայությունը նիստին հիմնավորել էր ՀՖՖ և նախարարության միջև առկա սերտ համագործակցությամբ: Սակայն գիտխորհրդի նիստի մասնակիցներից ոմանց տպավորությունն այն է եղել, որ Աշոտյանը ենթատեքստով հասկացրել է՝ ընտրությունների ժամանակ ՀՊՃՀԳՄ-ի աշխատակիցներն ու ուսանողները ինչպես պետք է կողմնորոշվեն:

Իսկ այս օրերին Արման Սահակյանի թիմն իր PR–ի համար ակտիվորեն օգտագործում է ամանորյա տոները: Մասնավորապես բնակելի շենքերի բակերում, ձմեռ պապիկի մասնակցությամբ, բարձր երաժշտության ներքո շոուներ են կազմակերպում երեխաների համար, միաժամանակ այցելում են բնակարաններ և մանկահասակ երեխաներ ունեցողներին Նոր տարվա տոնածառի հանդեսի տոմսեր բաժանում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից՝ երաշխավորելով, որ անպայման նվերներ էլ կլինեն: Բնակիչներից մեկի հարցին, թե ինչ կապ ունի «Շիրակը» երեխաների տոնածառի հանդեսի հետ, տոմսեր բաժանող ձմեռ պապը պատասխանել է. «Դե, մարդ է, լավություն է անում, ժողովրդի մասին է մտածում, վա՞տ է»:

Բնականաբար, չի բացահայտվում,որ ժողովրդի մասին մտածելը պայմանավորված է նեղ անձնական շահերով, այն է՝ պատգամավոր դառնալով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը