Լրահոս

21.12.2011 10:18


Թուրքիան փորձում է սպառնալիքներով ու մեղադրանքներով հակազդել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

Թուրքիան փորձում է սպառնալիքներով ու մեղադրանքներով հակազդել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումը տեղ գտնելու փաստը շարունակում  է զայրացնել Թուրքիային։ Այս ամենի մասին գրում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում նաև բրիտանական  «ԲիԲիՍի»-ն և իսրայելական «Հաարեցը»։

Փարիզում Թուրքիայի դեսպանությունը սպառնալիքի կարգով հայտարարեց, թե եթե օրինագիծն ընդունվի, ապա դեսպանը անհայտ ժամանակով հետ կկանչվի Թուրքիա։

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նամակ էր գրել և զգուշացրել, որ քվեարկության դրվող հիշյալ օրենսդրական նախաձեռնությունը «թշնամական է» և ուղղված է Թուրքիայի ու Ֆրանսիայում ապրող թուրքերի դեմ։ Ավելին, Էրդողանը նշել է, թե Ֆրանսիան պետք է ուսումնասիրի իր սեփական «կեղտոտ և արյունոտ պատմությունը»։

«Ավելի լավ կլինի, Ֆրանսիայի Ազգային ժողովը դրա փոխարեն ուսումնասիրի Աֆրիկայում Ֆրանսիայի գործողությունները։ Կարող են ուսումնասիրել, թե ֆրանսիացի զինվորները որքան մարդ են սպանել Ալժիրում, ինչպես նաև նրանց մասնակցությունը Ռուանդայում 1994թ.  800 000 մարդու սպանությանը»,–Էրդողանի խոսքերը փախանցում է  «ԲիԲիՍի»-ն։

Բրիտանական լրատվամիջոցի հոդվածում նշվում է նաև, որ Թուրքիան Ֆրանսիային սպառնացել է նաև առևտրային պատժամիջոցներով և հավելում, թե Ֆրանսիայում թուրքական մոտ 1000 ձեռնարկություն կա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45 000 եվրո տուգանք։

Տեղեկացնենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն արդեն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

Այս խորագրի վերջին նյութերը