Լրահոս

19.12.2011 10:48


«Գրոհել» են ՀՖՖ նախագահի էջը

«Գրոհել» են ՀՖՖ նախագահի էջը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին արտահայտությունը, թե հարձակվող Էդգար Մանուչարյանը ուղեղի պրոբլեմ ունի, և թե նա վախկոտ է, թե հնարավոր չէ Մանուչարյանին համեմատել համարձակ և հզոր Մովսիսյանի հետ, վրդովեցրել է երկրպագուներին: Նրանք «գրոհել» են Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը՝ բողոքելով.

«ՀՖՖ նախագահի կողմից սիրուն չի հավաքականի ֆուտբոլիստին մեծարել՝ նվաստացնելով խաղընկերոջը։ Բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ վնասվածքի ժամանակ Էդգարը սրսկումներով խաղացել է, որ իր կարողությամբ օգտակար լինի թիմին»։

«Չե՞ք կարծում, որ Մանուչարյանը կվիրավորվի ու էլ հավաքական չի գա»։

«Դուք ուղղակի իրավունք չունեք այդպես խոսել Մանուչարյանի մասին՝ թեկուզ և հարգանք ունենալով, որ այդ տղան մեկ անգամ չէ հանդես եկել հավաքականում և պաշտպանել երկրի պատիվը։ Այսօր դուք նրան եք վիրավորել, վաղը նույնը կասեք մեկ այլ ֆուտնոլիստի մասին։ Ցանկալի է արհեստավարժի տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում»։

«Պարոն Հայրապետյա՛ն, ձեր խոսքերից տպավորություն է, որ հավաքականում այս կամ այն ֆուտբոլիստի խաղալը դո՛ւք եք որոշում, իսկ ո՞ւր մնաց մարզիչը»։

«Դուք մեկ անգամ էլ ձեր խոսքերով ապացուցեցիք, որ Ձեր տեղը չեք զբաղացնում ֆեդերացիայում»։

Արձագանքելով այս բողոքներին՝ Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին գրել է, որ Հայաստանի ազգային հավաքականին վախկոտ և իրենց կաշվի մասին մտածող ֆուտբոլիստներ պետք չեն։

«Հայաստանի հավաքականին պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին կան՝ բացի Էդգար Մանուչարյանից։ Էդգարը, իմ անձնական կարծիքով, վերջին 30 տարվա ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է։ Բայց Էդգարը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս իր հնարավորությունների 10%–ով։ Էդգարը պետք է հետևություն անի։ Կա՛մ ինքը լրիվ ուժով նվիրվի ֆուտբոլին և լրիվ ուժով հանդես գա բոլոր մակարդակների խաղերում, կա՛մ ինքը հավաքականում անելիք չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրա նեղանալուն, մեծական շատ լավ խոսք կա՝ կսկսենք 2 վերմակ օգտագործել։ Ինչ վերաբերում է մի ֆուտբոլիստին մեծարելուն՝ մյուսին քցելու հաշվին, դուք չարաչար սխալվում եք, եթե նման բան եք զգացել։ Յուրա Մովսիսյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստին մեծարելու համար ընդհանրապես պետք չէ Էդգարին քցել։ Յուրա Մավոսիսյանը, ինչպես նաև հավքականի բոլոր այն տղաները, ովքեր նվիրվածությամբ են հանդես գալիս ազգային հավքականում, նրանք իմ գլխի վրա էլ տեղ ունեն։ Իսկ այն ֆուտբոլիստը, որը կրում է հավաքականի մարզաշապիկը և իմ երկրի զինանշանը, իրավունք չունի մտնի մարզադաշտ և պահի իրեն այնպես, ինչպես պահում է իրեն Էդգարը։ Իսկ ամենավերջում կուզենամ ասեմ, որ բոլորդ էլ իմանաք։ Էդգարը երբեք չի մտել մարզադաշտ ցավազրկումով։ Էդգարը չունի՛ այդ կամքը, որ փոքրիկ ցավի դեպքում անգամ խաղա։ Եվ հիմա իմ կողմից կուզենամ բոլորիդ խորհուրդ տալ՝ չփորձել ինձ ուղղություն ցույց տալ, թե ես ինչ ոճով եմ իմ ֆուտբոլիստների հետ աշխատում և ինչ եմ պահանջում նրանցից։ Ինձանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ պետք է անել։ Այն ֆուտբոլիստները, ովքեր նվիրվում են ազգային հաքականին, իմ կողմից կստանան 10 անգամ ավել պատասխան։ Այն ֆուտբոլիստը, ով չի անում մեր պահանջները և նվիրվածությամբ չի խաղում, կստանա ամենաճիշտ քննադատությունները, որովհետև ինձ համար ազգային հավաքականից ավելի արժեքավոր բան չկա»,–գրել է ՀՖՖ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը