Մեկնաբանություն

16.12.2011 16:18


Իշխանությունը մնացել է «մուտիլովկաների» ու «դհոլների» հույսին

Իշխանությունը մնացել է «մուտիլովկաների» ու «դհոլների» հույսին

Ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով Սերժ Սարգսյանն առանց այդ էլ ցածր հասարակական վարկանիշին գումարեց նաև պետական կառավարման համակարգում վստահության կորուստը։ Անգամ իշխանական լրատվամիջոցներն են ստիպված արձանագրել, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը մենակ է մնացել, բայց դա հետևանք է ոչ թե արտաքին ու ներքին միջավայրի փոփոխության, որին, իբր, չի կարողանում համարժեքորեն արձագանքել ներկա համակարգը, ու դրա համար է Սարգսյանը «հպարտ» մենության մեջ հայտնվել, այլ անարդյունավետ կառավարման ու մարդկային ագահության։

Նախագահ դառնալուն պես Ս. Սարգսյանը ներդրեց խարդավանքային կառավարման, տնտեսության գերկենտրոնացման ու թամաշայական քաղաքականության մոդելը, ինչը չէր կարող չբերել արտագաղթի, կապիտալի արտահոսքի և ներիշխանական ճգնաժամի։ Արդյունքում՝ Հայաստանում հիմա, մեծ հաշվով, անիշխանություն է։ Կոալիցիան դե յուրե կա, բայց դե ֆակտո գոյություն չունի։ ՀՀԿ–ն ֆորմալ մեծամասնություն է, բայց նույնքան օտարված է որոշումներ կայացնելու գործընթացից, որքան Արշակ Սադոյանի կուսակցությունը։ Սերժ Սարգսյանն ավելի շատ պայքարում է իր «գործընկերոջ»՝ ԲՀԿ–ի դեմ, քան տիտղոսային ընդդիմության։ Խորհրդարանական մեծամասնությունը փաստացի «պասլատ» է անում կառավարությանը, իսկ նախագահական նստավայրի իշխանությունը դարձել է հարաբերական։

Սերժ Սարգսյանի իշխանական թիմ կոչվածը «տիրացուն» է, փեսան, նախագահի գեներալ–վարորդապետը, քարտուղարուհին ու էլի մեկ–երկու հոգի։ Մնացած «իշխանականները» կամակատարի կարգավիճակ ունեն, որոնց օգտագործում են՝ հետագայում «քցելու» մտադրությամբ։ Պոտենցիալ «քցվողներից» է, մասնավորապես, «նոր տեսակի» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում ուղարկել են «օրգան»՝ ԲՀԿ–ի դեմ հերոսաբար պայքարելու, այլ ոչ թե երկրի կարգ ու կանոնին հետևելու համար։

Ահա այս պայմաններում, երբ Սերժ Սարգսյանն իրական իշխանություն չունի, նախագահական նստավայրում ստիպված են ամենակարողության վիրտուալ պատրանք ստեղծել։ Այդ նպատակով գործի են դրվել «ազատ, բայց սերժատու» մամուլը և հին ու նոր դհոլները։ Սրանց արածն այն է, որ ամեն օր տարածեն, որ ԲՀԿ–ն արդեն կոտրվել է ու միասնական ցուցակով է գնալու Սերժ Սարգսյանի հետ, և որ Բաղրամյան 26–ի տիրակալի թուրն աջ ու ձախ կտրում է։ Իրականությունը, սակայն, այլ է։ «Դհոլների» ու ծախու գրչակների հույսին մնալը ցույց է տալիս Սարգսյանի թուլությունը։

Բամբասանքների, «վերլուծությունների», պատվերով ասուլիսների առատությունը վկայությունն է այն բանի, որ Սերժ Սարգսյանին ու իր երիտթիմին մնացել է միայն կարճաժամկետ ազդեցության PR–էֆեկտներով կառավարման և օր ձգելու տարբերակը։ Ուրիշ ուժ նրանց ձեռքում չկա։ Ու քանի որ չկա, նրանք ամեն օր բարձր գոռում են այդ ուժի մասին, որպեսզի գոնե մինչև ընտրություններ ամբողջովին չփլվեն, ու, պատկերավոր ասած, գոնե քարտուղարուհին սուրճ մատուցի, այլապես ստիպված են լինելու իրենք իրենց հյուրասիրել։

Սերժ Սարգսյանը կարող է ապավինել նաև Գյուլին, ինչպես դա արեց 2008–ի նախագահական ընտրություններից հետո, բայց դե...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը