Մեկնաբանություն

15.12.2011 20:59


Շարլ Ազնավուրը «նախաձեռնողականության» զոհ

Շարլ Ազնավուրը «նախաձեռնողականության» զոհ

Երբ Սերժ Սարգսյանը ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտն արտաքինով փոխհատուցելու նպատակով սկսեց «նախաձեռնողական» քաղաքականություն իրականացնել՝ ակնհայտ էր, որ պետական կառավարման հայտնի մեթոդներին փոխարինելու է գալիս թամաշան ու էժանագին շոուն։

Իշխանությունն, ըստ այդմ, խնդիր էր դրել ոչ թե պետության առջև ծառացած խնդիրները լուծելու, այլ «նյուզմեյքերություն» անելու։ Սերժ Սարգսյանին հետաքրքրում էր ոչ թե բովանդակությունը, այլ ձևն ու արտաքին փայլը։ Այդ տրամաբանությամբ էր, որ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը նշանակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան։ Ակնհայտ էր, որ այդ որոշումը սխալ էր, քանզի Ազնավուրը ոչ ֆորմալ առումով հայ ժողովրդի դեսպանն է ամբողջ աշխարհում, ու ամենևին կարիք չկար նրանից չինովնիկ սարքել։ Սակայն Ս. Սարգսյանը, խաղալով շանսոնյեի հայրենասիրական զգացմունքների վրա, օգտագործեց նրան, որպեսզի երկրի ներսում ցույց տա. «Տեսե՛ք, թե ով է իմ շրջապատը»։

Հայ–թուրքական թամաշայի փուլն անցավ, և որոշ ժամանակ անց Ազնավուրը հանդես եկավ հայտնի հայտարարություններով, որոնց հետևանքով Սարգսյանն ու իր երիտթիմը հայտնվեցին անհարմար վիճակում, և հիմա չեն կարողանում դուրս գալ ՀՀ իշխանության մաս կազմող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ Շարլ Ազնավուրի քննադատության տակից։ Դեսպանի պաշտոնից նրան հեռացնել չեն կարող (աշխարհով մեկ խայտառակ կլինեն), բայց դե Ազնավուրի քննադատությունն իշխանության հասցեին նույնպես մարսել չեն կարող։ Արդյունքում ընտրել են ստորագույն տարբերակ. որոշել են վարկաբեկել Մեծ հային։ Սկզբում իշխանական կատարածուներից մեկը հայտարարեց, թե Շարլը տարիքն առել է ու բան չի հասկանում։ Հետո, երբ Ազնավուրը ավելի կոշտ ձևով քննադատեց ներքին ցեղասպանություն անող իշխանություններին, արտգործնախարարությունից շտապ կազմակերպեցին մի հերքում, որտեղ շանսոնյեն ասում էր, թե սխալ են թարգմանել իր խոսքերը։ Շատ չանցած պարզվեց, որ ոչ մի սխալ թարգմանություն չկա։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը հերթական «հաջողություններն» է արձանագրում. Ազնավուրը, իշխանության մատուցմամբ, վերածվել է անկապ դուրս տվող, խոսքից հետ կանգնող և նախագահական նստավայրին կից գործող սովորական չինովնիկի։

Սա ցույց է տալիս, որ տխրահռչակ «ֆուտբոլը» վնասեց ոչ միայն ՀՀ պետական շահերին, այլ նաև խաղաց մարդկանց բարի համբավի ու հեղինակության հետ, մասնավորապես հարվածելով հայ ժողովրդի ու համայն առաջադեմ մարդկության սիրելի Շարլին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին, հանուն սեփական աթոռի, հաջողվեց «փուռը» տալ Ազնավուրին։ Էլ չասած այն մասին, որ «նախաձեռնողականությունը» նվաստացուցիչ էր Ղարաբաղյան պատերազմում հաղթած հայ ժողովրդի համար, քանզի Սարգսյանը մեր պետությունը ներկայացնում էր որպես մուրացկան ու հարևանի նետած փշրանքներին սպասող միավոր։

Մեկ բան աներկբա է. «նախաձեռնողականությունը» դեռ շատ ավերածություններ է գործելու Հայաստանում, քանի դեռ մենք պետական համակարգում հանդուրժում ենք Աստծո անունը հաճախ տվող, սակայն իրականում սատանային ծառայող «բարեշրջիչներին»։ Ուստի՝ պետք է օգտագործել համապետական ընտրությունների առիթն ու դեպի «Հայկական աշխարհ» ուղարկել «ֆուտբոլիստներին»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը