Քաղաքական

24.05.2025 12:55


Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը․ «Մայր Հայաստան»-ի դիմումը բավարարվել է

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը․ «Մայր Հայաստան»-ի դիմումը բավարարվել է

Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Այս մասին գրում է Հետքը։

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը:

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Ավագանու ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումն այն է, որ բարձրացնելով կոնկրետ փողոցներում տեղական տուրքը՝ պատասխանող վարչական մարմինը չի սահմանել ու չի բացահայտել, թե որն է այն լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն կոնկրետ փողոցներում բարձրացնել ավտոկայանատեղերի վճարը: Բացի այդ, առնվազն նորմատիվ-իրավական ակտի մակարդակում չի կանխորոշել այն օրենքով սահմանված նպատակը, որը հետապնդում է փողոցներում այդչափ բարձր տեղական տուրքերի սահմանումը:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները կարծում են, որ եթե ավտոկայանատեղերի տեղական տուրքի թանկացումը դիտարկվում է բացառապես որպես Երևան քաղաքը խցանումներից ազատելու միջոց, ապա դա ինքնին լեգիտիմ նպատակ չէ, և նման իրավասությամբ տեղական ինքնակառավարման մարմինն օժտված չէ: Ճանապարհային երթևեկության ավտանգության, այդ թվում՝ խցանումներից ճանապարհը ազատելու իրավասություններով օժտված են Ներքին գործերի նախարարության պարեկային և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

«Որևէ կերպ չեն քննարկվել ավելի մեղմ կամ ավելի քիչ ծախս ու դրամական պարտավորություն առաջացնող միջոցներ, հակառակի վերաբերյալ ապացույցներ և հիմնավորումներ չեն ներկայացվել»,-վարչական դատարանին հայտնել է խմբակցությունը:

Դիմողը նշել է նաև, որ համարժեք իրավական մեխանիզմ կարող էր լինել նաև տարեկան վճարային համակարգի սահմանումը` ամսական (մաս-մաս) վճարումներ կատարելու միջոցով, ինչը չի կատարվել, քանզի ամսական վճարումներ կատարելու պարագայում տարեկան գանձվում է 56 000 դրամով ավելի շատ գումար, քան սահմանված է միանգամից տարեկան վճարը կատարելու դեպքում: Սա ևս դիտարկվել է ոչ իրավաչափ և ոչ պիտանի վարչարարության հերթական դրսևորում:

«Մայր Հայաստան» խմբակցությունը նշել է, որ սոցիալական բեռի կտրուկ ավելանալը ապացուցվում է մի շարք տնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրության համաձայն` 2021թ. տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին` 320 հազար դրամ, մինչդեռ 2021 թվականին բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ, իսկ 2022-ին` արդեն 88 հազար դրամ: Բացի այդ, 2025թ-ին` ի տարբերություն 2024թ.-ի, պաշտոնապես կանխատեսվել է ավելի ցածր տնտեսական աճ, ավելացել է գործազրկության մակարդակը:

Վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, արձանագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը նույնպես պետք է համապատասխանեն օրենքին:

Դատարանն արձանագրել է՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի առաջնորդվել համաչափության սկզբունքով, քանի որ չի հիմնավորվում ընտրված միջոցի և անհրաժեշտ ծախսերի միջև արդարացի հավասարակշռումը՝ խախտելով օրենքի պահանջները:

Նշենք, որ ավագանու նույն խմբակցությունը դատարան էր դիմել նաև 2024թ. դրույքաչափերը վիճարկելու պահանջով: 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը դարձյալ անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը