Լրահոս

05.05.2009 16:33


Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը

Մայիսի 4-ին Փաստահավաք խմբի անդամներ Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը փաստահավաք խմբի գործունեությունը կարգավորող կարգադրությամբ սահմանվող աշխատանքային կարգի խախտումով, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես, դադարեցրել են իրենց աշխատանքը փաստահավաք խմբում:

Մենք մտահոգված ենք նման զարգացումով եւ լուրջ հիմքեր ունենք հայտարարելու, որ այդ քայլը կատարվել է իշխանությունների ճնշման ներքո: Մեր այս համոզմունքը հատկապես խորացնում է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի վերոհիշյալ անդամները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ փաստահավաք խումբը իր ուսումնասիրությունների առաջին արդյունքը՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող նյութերը ուղարկեց մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով եւ դրանք հրապարակվեցին մամուլում:

Մարտի 1-ի սպանությունների հանգամանքների բացահայտման գործընթացի ժամանակավոր կասեցումը անընդունելի է եւ չի կարող արդարացվել ոչ՛ բարոյապես, ոչ՛ քաղաքական նկատառումներով, քանի որ փաստահավաք խումբը պատասխանատվություն է կրում եւ՛ զոհերի հարազատների առջեւ, եւ՛ ամբողջ հասարակության առջեւ՝ ժամ առաջ ճշմարտությունը բացահայտելու առումով:

Մենք դատապարտում ենք իշխանությունների փորձերը վիժեցնելու փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը հատկապես այն ժամանակաշրջանում, երբ խմբի աշխատանքը սկսել է տալ իր առաջին պաշտոնական արդյունքները: Պահանջում ենք իշխանություններից անմիջապես դադարեցնել փաստահավաք խմբի աշխատանքի նկատմամբ բոլոր խոչնդոտները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ փաստահավաք խմբի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման համար:    

Այս խորագրի վերջին նյութերը