Կարծիք

14.12.2011 15:32


Ինչո՞ւ պետք է մերժել Սերժ Սարգսյանի իշխանությունը

Ինչո՞ւ պետք է մերժել Սերժ Սարգսյանի իշխանությունը

Շատ դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն առաջիկա նախընտրական քարոզարշավին ինչ գործոնների վրա է շեշտադրում կատարելու՝ քաղաքացիներին համոզելու, որ վստահեն գործող իշխանություններին: Յուրաքանչյուր իշխանություն, նույնիսկ ավտորիտար վարչակարգերի պարագայում, պետք է ունենա հատուկ շեշտադրված նպատակ՝ իշխանության գալու և, առավել ևս, այն պահպանելու: Նպատակ ասելով՝ պետք է հասկանալ հասարակակենտրոն և ոչ ամենևին անձնական նպատակ, որի հիմնական մեխը թալանչիությամբ զբաղվելն ու ժողովրդին հարստահարելն է:

Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում 2000թ. Վլադիմիր Պուտինի իշխանության գալն ընդգծված ձևով պահանջված էր ռուս հասարակության կողմից: Ելցինյան ժամանակաշրջանի ամենաթողությունն ու սոցիալական կատաստրոֆիկ վիճակը պահանջում էր ուժեղ ձեռքի առկայություն, որն ի վիճակի կլիներ կարգ ու կանոն հաստատել և բարելավել ռուսների սոցիալական վիճակը: Այդ մարդու կերպարում հանդես եկավ Վլադիմիր Պուտինը, որը հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցներով պարտադրվեց ռուս հասարակությանը: Տվյալ ժամանակահատվածում Պուտինը որոշակի առումով կատարեց իրենից ակնկալվող գործողությունները: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ պուտինյան կառավարման մեթոդները, որոնք նախկինում օգնում էին Ռուսաստանի առաջընթացին, այժմ սկսել են խանգարել, քանի որ կայունության և ուժեղ պետության վերաբերյալ դեմագոգիան այլևս հոգեհարազատ չէ միջին վիճակագրական ռուս քաղաքացուն:

Սերժ Սարգսյանի նախորդները ևս իրենց ժամանակահատվածում լավ թե վատ լուծել են պետության և հասարակության համար կարևորագույն որոշակի խնդիրներ, որն էլ նրանց հնարավորություն է տվել իշխանավարել: Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև 1995թ. հասարակության մեծամասնության համար ընդունելի էր՝ կար հաղթանակ Արցախում, և երկրի ժողովրդավարացման առումով կատարվում էին ինչ–որ քայլեր: Սակայն երբ առաջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը պղծում է խորհրդարանական, այնուհետև նախագահական ընտրությունները, փլվեց Տեր-Պետորսյանի իշխանության հենասյուներից մեկը, պարզվեց, որ նա այն նախագահը չէ, որը Հայաստանում կարող է երաշխավորել ժողովրդավարական արժեքների անվտանգությունը: Երկրորդ հենասյունը, որն Արցախի հաղթանակն էր, փլվեց այն ժամանակ, երբ առաջին նախագահը պատրաստակամություն հայտնեց փուլային տարբերակով Արցախը կամ ազատագրված տարածքները զիջել ազերիներին: «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնավարումն անտրամաբանական էր և անընկալելի: Հասարակության համար նա դարձավ մերժված: Այդ իսկ պատճառով հաջողվեց առանց լուրջ ցնցումների Լևոն Տեր-Պետրոսյանին ուղարկել 10-նամյա հանգստի:

Նրա հաջորդից՝ Ռոբերտ Քոչարյանից առաջին հերթին ակնկալում էին կոշտ ու չզիջողական կեցվածք արցախյան հակամարտության կարգավորման շրջանակներում և սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավում: Այդ խնդրին ևս լավ թե վատ հաջողվեց լուծումներ տալ, չնայած երկրի ժողովրդավարական ինստիտուտները զարգացում չապրեցին: Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերոհիշյալ սյուների, այսպես ասած, անձեռնմխելիությունն ապահովեց երկրորդ նախագահի անվտանգ պաշտոնավարումը մինչև ՀՀ Սահմանադրությամբ հատկացված ժամկետի ավարտը:

Հիմա ի՞նչ էր ակնկալվում Ռոբերտ Քոչարյանի հաջորդից՝ հիմնականում այն, ինչ պակասում էր նախկինում. տնտեսական զարգացման տեմպերի ավելացում կամ առնվազն պահպանում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, նյութական և հոգևոր բարիքների արդարացի բաշխում: Հետևելով 2007-2008թթ. Սերժ Սարգսյանի վարած գորշ քարոզարշավին՝ շատ քչերը հավատացին, որ նա այն գործիչն է, որը կկարողանա լուծել առաջադրված խնդիրները: Այնուամենայնիվ, մարտի 1-ի գնով նախագահի աթոռին բազմելուց հետո Սերժ Սարգսյանը վերջին տարիներին չառանձնացավ հասարակության շահերից բխող գրեթե ոչ մի գործով: Ընդհակառակը՝ իր պատկերացմամբ այդպիսի նախաձեռնությունները հիմնահատակ տապալվեցին և ավելի շատ չարիքի վերածվեցին պետության և ժողովրդի համար: Մասնավորապես Սերժ Սարգսյանի ձեռնարկած հայ-թուրքական քաղաքական ֆուտբոլը ոչ միայն չբացեց հայ-թուրքական սահմանը, այլ ավելի լարեց երկրու երկրների հարաբերությունները, իսկ Թուրքիային հնարավորություն տվեց միջամտել արցախյան հակամարտության կարգավորմանը: Արցախի հարցում Սերժ Սարգսյանն առավել զիջող գտնվեց, քան կարելի էր սպասել: Սիրիական «Ալ Վաթան»-ին տված հարցազրույցը կարդալուց հետո կպատկերացնեք, թե ինչ նպատակներ ունի գործող նախագահն ազատագրված տարածքների հետ կապված:

Ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը. ավելին՝ Սերժ Սարգսյանի թիմն այն ավելի ու ավելի խորացրեց: Իսկ սոցալ-տնտեսական ոլորտում ինչքան Սերժ Սարգսյանն ու նրա վարչապետ Տիգրան Սրագսյանը խոսում են տնտեսական զարգացման մասին, այնքան Հայաստանի տնտեսության վիճակն օրհասական է դառնում, հայտարարվում է ստվերի դեմ պայքարի մասին, տնտեսական ստվերը, հակառակի պես, ավելի է շատանում: Էլ չանդրադառնանք ֆինանսական կենտրոններին, ազատ տնտեսական գոտիներին, տեխնոպարկերին,  Իրան-Հայաստան երկաթգծին, արտագաղթի ահագնացող տեմպերին…Կարելի է բերել նմանատիպ բազմաթիվ օրինակներ գործող իշխանության ապաշնորհությունն ապացուցելու համար:  Կարելի է համոզվածությամբ կանխատեսել, որ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակների հիմնական թեման լինելու է այն, թե ինչպես է իշխանությունն իր բերանից կտրելով՝ աղետի գոտում անօթևանների համար շինարարություն անում: Բայց այդտեղ, բնականաբար, չի ասվելու, որ այդ շինարարությունն արվում է ռուսական կեսմիլիարդանոց վարկով, որը ռուսներին տոկոսներով հետ են վերադարձնելու ոչ թե Սերժ ու Տիգրան Սարգսյաններն անհայտ և մութ ճանապարհներով հարստացած իրենց գրպաններից, այլ մենք ու մեր երեխաները:

Հիմա հարց՝ ինչո՞ւ ընտրել Սերժ Սարգսյանին։

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը