Կարծիք

14.12.2011 13:30


Ռուբեն Հայրապետյանի «քաղաքական» գնահատականների մասին

Ռուբեն Հայրապետյանի «քաղաքական» գնահատականների մասին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ունի համոզմունք ունենալու իրավունք, բայց թե ո՞վ է նրան ասել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է միանալ Լևոն Տեր-Պետրոսյանին, դժվար է ասել:  Իրականությունն այն է, որ հիմա Ռուբեն Հայրապետյանը կարծում է, թե Գագիկ Ծառուկյանի մտքին նման բան կա, և որոշել է իր ընկերոջը այդ «սխալ» քայլից ետ պահել:

Այստեղ տեղին է Ռուբեն Հայրապետյանին և նրան շփոթմունքի մեջ գցողներին հուշել, որ Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու մտադրություն չունի և չի էլ կարող ունենալ, այնպես որ այդքան անհանգստանալու կարիք չկա: Նման խնդիր չկա դրված ոչ ԲՀԿ–ի, ոչ էլ ՀԱԿ–ի կողմից։ Իսկ եթե Ռուբեն Հայրապետյանին և նրա կուսակիցներին անհանգստացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը և այն, որ ԲՀԿ-ն չհայտարարեց ՀԱԿ-ի ու մյուսների հետ համատեղ ընտրակեղծիքների դեմ պայքարի շրջանակներում հնարավոր համագործակցության անընդունելիության մասին, ապա դա արդեն այլ խոսակցության նյութ է:

Ռուբեն Հայրապետյանն ասում է, թե Գագիկ Ծառուկյանը խելացի է և այնքան է սիրում հայրենիքը, որ հաստատ չի միանա Տեր-Պետրոսյանին: Մեկ անգամ ևս շեշտենք, որ եթե պարոն Հայրապետյանը միանալ ասելով հասկանում է համագործակցություն, ապա այստեղ պետք է երկար մտորել, թե ինչո՞ւ է ՀՖՖ նախագահը կարծում, թե հանուն արդար և ազատ ընտրությունների համագործակցությունը հայրենասիրություն չէ:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, թե որքան է վարչախմբին անհանգստացնում ԲՀԿ-ի ինքնուրույն գործունեությունը: Ավելին, նախագահականի լիակատար ազդեցության տակ գտնվող թերթերի և մյուս լրատվամիջոցների հրապարակումներն էլ վկայում են՝ դեռ կան մարդիկ, որոնք երազում են, որ ԲՀԿ-ն կհամաձայնի ՀՀԿ-ի հետ ընտրություններին մասնակցել միասնական ընտրացուցակով: Ամենակարևորն այն է, որ վարչախումբն իրար է անցել հիմա, երբ խոսքը դեռ ընդամենը հնարավոր համագործակցության մասին է: Կարելի է պատկերացնել, թե այդ անհանգստության աստիճանն ուր կհասնի, եթե Տեր-Պետրոսյանը կարողանա հաղթահարել ներքին ճնշումը և քաղաքագիտական վերլուծությունը դարձնել իրականություն՝ ընտրատեղամասերում լայն ճակատ կազմած կռիվ տալով ընտրակեղծարարների դեմ:

Ուշագրավ է նաև Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, թե ինչ էլ լինի, միևնույն է, հաղթելու է ՀՀԿ-ն: Ի դեպ, նա նաև համոզված է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն է կազմելու: Ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանը մեր ժողովրդի մասին բավական վատ կարծիք ունի:

Իսկ ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է ձայն տա ՀՀԿ-ին: Մի՞թե խորհրդարանի նախորդ ընտրություններից մինչև այսօր կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից մինչ օրս հայ մարդու կյանքը բարելավվել է: Նույնիսկ պաշտոնական վիճակագիրները չեն կարող պնդել, թե վերջին 3-4 տարում ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը գոնե մի փոքր աճ է արձանագրել: Իսկ մի՞թե կգտնվեն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին ձայն կտան միայն նրա համար, որ ընդամենը երկու-երեք տարվա ընթացքում փոքր բիզնեսը նոկաուտի ենթարկվեց, իսկ միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կանգնած են համլետյան «լինե՞լ, թե՞ չլինել» հարցի առաջ:

Հնարավո՞ր է՝ գտնվեն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին օգտին կքվեարկեն նրա համար, որ արտագաղթի թափը հասել է աննախադապ մասշտաբների, իսկ իրենք էլ գրեթե յուրաքանչյուր ժամ մտածում են երկիրը ճարահատյալ լքելու մասին:

Չի բացառվում, որ Ռուբեն Հայրապետյանին թվում է, թե հայ ժողովուրդը ՀՀԿ-ի օգտին քվեարկելու է խայտառակ դատաիրավական համակարգ ունենալու համար: Ոչինչ չի կարելի բացառել, բայց դժվար է պատկերացնել, թե կգտնվի գոնե մեկ մարդ, ով կքվեարկի այն կուսակցության օգտին, որի ներկայացուցիչ մարզպետը հարվածում է կին գործարարի և դրանից հետո ոչ միայն չի ազատվում զբաղեցրած պաշտոնից, ոչ միայն չի հեռացվում կուսակցությունից, այլև դատական պատասխանատվության էլ չի ենթարկվում: Ռուբեն Հայրապետյանի բնորոշած խելացի հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է սպասում իրեն, եթե հանկարծ, Աստված չանի, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ստանա:

Դժվար է հավատալ, թե ՀՀ քաղաքացիներից ինչ–որ մեկին հրճվանք է պատճառում, որ Վրաստանի նախագահն անթաքույց հեգնանքով է խոսում մեր երկրի մասին, այն էլ ՀՀ նախագահի ներկայությամբ: Չեմ հավատում, թե մեր շարքերում նման մազոխիստներ կգտնվեն: Եվ, վերջին հաշվով, ինչո՞ւ պետք է քվեարկենք մի կուսակցության օգտին, որի նախագահի խոսքը պարզապես խոսք է և գործի չի վերածվում: Մի անգամ Սերժ Սարգսյանը խոստացավ, թե Հայաստանում բարձրագույն արժեք պետք է դառնա մարդը, բայց նույն այդ մարդն այսօր ամեն քայլափոխի բախվում է անարդարության և իրեն ստորացված է զգում:

Այսօր դպրոցից վերադարձած դուստրս հարցրեց, թե ինչո՞ւ է Սարգիսն իր ընտանիքի հետ մշտական բնակության մեկնում Միացյալ Նահանգներ, իսկ հարևանուհի Մանիկն էլ Թուրքիա է մեկնում է՝ այնտեղ բնակություն հաստատելու համար: Հետաքրքիր է, եթե Ռուբեն Հայրապետյանի երեխան իրեն նման հարց տա, ինքն ի՞նչ պատասխան կտա: Ժամանակը չէ՞, որ դադարենք տարատեսակ խաղեր խաղալ և սթափ նայենք իրականությանն ու փորձենք կործանումից փրկել մեր երկիրը:

Մինչև ե՞րբ պետք է աչք փակենք, իրականությունը չտեսնենք և զբաղվենք թվանկարչությամբ: Կարելի է պատկերացնել, թե Ռուբեն Հայրապետյանն ինչ կանի հավաքականի այն մարզիչի հետ, որը կատարյալ ձախողումներից հետո ինչ–որ թվերով նրան կփորձի ապացուցել, թե ամեն ինչ լավ է: Ու չեմ կարծում, թե Ռուբեն Հայրապետյանը կմնար ՀՖՖ նախագահի պաշտոնում, եթե մեր ազգային հավաքականը դասակարգման աղյուսակում նահանջ ապրեր կամ դոփեր նույն տեղում: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այս դեպքում Հայրապետյանը կարծում, թե հայ ժողովուրդը պարտավոր է քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը