Քաղաքական

13.12.2011 12:41


Սյունիք մարզպետի դեմ գործ չհարուցվեց. վարույթը կարճվեց

Սյունիք մարզպետի դեմ գործ չհարուցվեց. վարույթը կարճվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի  սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տևական ժամանակ  Ս.Խաչատրյանի և Ս.Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջև 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է  նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել և կցվել է քրեական գործին:

Ս.Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:

Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է  ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Օրենքով սահմանված կարգով՝ կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել՝ միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը