Քաղաքական

11.04.2025 13:04


Ադրբեջանական կողմից կրակոցները նաև Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերում են լսվում

Ադրբեջանական կողմից կրակոցները նաև Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերում են լսվում

Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինար և Մովսես գյուղերում։

Չինար գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները։

«Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,–ասաց Չինարի բնակիչը։

Չինարի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող լուրերը, միայն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել։

«Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»,–ասաց նա։

ՀՀ ՊՆ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։

Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է:

Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։

Այս խորագրի վերջին նյութերը