Մեկնաբանություն

12.12.2011 21:54


Կուժի և կուլայի պատմությունը

Կուժի և կուլայի պատմությունը

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական վերլուծությունից հետո սերժական շրջապատը փորձեց «վիլկայի» մեջ վերցնել Գագիկ Ծառուկյանին։ Շրջանառության մեջ դրվեց այն պնդումը, որ ԲՀԿ առաջնորդը պետք է Դուբայից վերադառնա և պարտադիր արձագանքի ՀԱԿ առաջնորդի «մեսիջին»։

Սերժական թիմն այդ օրերին անգամ մառազմի մեջ ընկավ՝ տարածելով, թե Ծառուկյանը Դուբայից չի վերադառնա, քանզի հայտնվել է ծանր կացության մեջ։ Այժմ, կարծում ենք, բոլորի համար պարզ է, որ Ծառուկյանի փոխարեն Սերժ Սարգսյանն ու իր երիտշրջապա՛տն են հայտնվել ծանր կացության մեջ։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ում մի կողմ շպրտեցին նախագահականից կառավարվող «մուտիլովկաները» և Տեր–Պետրոսյանին արձագանքեցին իրենց հարմար ձևով՝ անուղղակիորեն։ Ծառուկյանի մամլո խոսնակը հայտարարեց, որ Տեր–Պետրոսյանի քաղաքական վերլուծության մեջ առկա մտքերն ընդունվել են ի գիտություն։ ՀԱԿ–ից էլ ի պատասխան ասվեց, որ իրենք Ծառուկյանից արձագանք չեն ակնկալել և ադեկվատ են գնահատում ԲՀԿ պահվածքը։

Թվում է, թե ամեն ինչ պարզ է և հասկանալի։ Սակայն սերժատուները կորցրել են ինքնատիրապետումը։ Սրանք կպել ու պոկ չեն գալիս Ծառուկյանից։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի՝ Տեր–Պետրոսյանի ասածներն «ի գիտություն ընդունելու» արձագանքի մեջ կա մի հետաքրքիր նրբություն։ Այդ արձագանքի հասցեատերը «կուժ քեզ ասում եմ, կուլա դու հասկացիր» տարբերակով նաև Սերժ Սարգսյանն է։ Այդպիսով ԲՀԿ առաջնորդը ցույց է տալիս, որ ոչ միայն ինքն է ի գիտություն ընդունել հանրահավաքի ժամանակ հնչեցրած մտքերը, այլ նախևառաջ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի՛ն է խորհուրդ տալիս ի գիտություն ընդունել դրանք՝ հասկացնելով, որ ԲՀԿ–ն առաջվանը չէ, որ քաղաքական կոնյունկտուրան փոխվել է և որ կոալիցիոն նոր հուշագիրն այլևս ոչինչ չնշանակող «տուֆտա» փաստաթուղթ է։

Ծառուկյանի ակնարկն ուղղված Սարգսյանին այն է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարում ԲՀԿ–ՀԱԿ, ինչպես նաև մյուս շահագրգիռ քաղաքական ուժերի համագործակցությունը բնական է ու հնարավոր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Դատելով ամենից՝ այս տարվա փետրվարի 17–ին տեղի ունեցածի կրկնություն հնարավոր չէ, քանզի Սերժ Սարգսյանը կորցրել է իր կայունության երաշխիքներին։ Բացի այդ՝ կայունության երաշխիքները չունեն առաջվա թափը, որպեսզի կարողանան էականորեն ազդել իրավիճակի վրա՝ նույնիսկ եթե «երկխոսական» շրջանը փորձ արվի հետ բերել։

ԲՀԿ–ին այս պարագայում մնում է միայն «փաթեթավորած» ունենալ կոալիցիոն հուշագիրը, Սերժ Սարգսյանին սպասեցնել հաջորդ դասին, ինքնակազմակերպվել և գնալ ընտրությունների։ Վերջ։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Ինչ մնում է Սերժ Սարգսյանի թիմակիցներին, ապա նրանք թող սպասեն Տեր–Պետրոսյանի քաղաքական վերլուծությանը տրվելիք Ծառուկյանի պատասխանին։ Անկեղծ ասած՝ նրանց այլ բան էլ արդեն չի մնացել, քան սպասելը։

Այս խորագրի վերջին նյութերը