Խմբագրական

28.03.2009 17:43


Արժեհամակարգային խնդիրների մասին

Արժեհամակարգային խնդիրների մասին

Մեր հասարակությունն իր հերոսին դեռ չի գտել։ Սովետական ժամանակների հերոսին կորցրել է, բայց սեփականը չի ստեղծել։ Ավելի ճիշտ, այժմ հերոսների մի մեծ ծաղկաբույլ կա, և նրանց մեջ մարդիկ դեռ ընտրություն չեն կատարել։ Իսկ մինչ այդ՝ կեղծ հերոսների շքահանդես է ։

Հերոսներն անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ նույնականացման օբյեկտներ ունենան։ Շատ կարևոր է, թե ու՞մ են որպես չափանիշ վերցնում փոքրիկ երեխաները, դպրոցականներն ու ուսանողները։ Շատ կարևոր է նաև, թե ի՞նչ արժեհամակարգի կրող ենք ուզում լինի ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը։

Մարդու առաջնային սոցիալականացման ժամանակ տեղի է ունենում նեղ արժեքային համակարգի ձևավորում. «կարելիների» և «չիկարելիների» մի ամբողջ փունջ նորմեր են հստակեցվում։ Հանրության հետ ավելի ակտիվ շփումները հասուն մարդու մոտ ձևավորում են արդեն արժեքային համակարգի երկրորդ շերտը՝ պետության, քաղաքացու, հայրենասիրության և այլնի վերաբերյալ։

Արժեքային համակարգի երկրորդ շերտ ձևավորողը պետությունն է։ Քաղաքացիական հասարակության արժեքներ կրող քաղաքացի հնարավոր է միայն պետության առկայությամբ։ Իսկ եթե պետություն չկա, կամ այն պետությունը, որի տարածքում ապրում է տվյալ ազգը, նույնացվում է բռնության և այլ արատավոր երևույթների հետ, ապա մարդն իր արժեհամակարգով դառնում է հակապետական մտածողություն կրող։

Պետություն չունենալու մի քանի հարյուրամյա ժամանակահատվածը՝ հայ ժողովրդի մոտ հակադրություն է մտցրել անհատական (սոցիալականացման 1 -ին փուլ) և քաղաքացիական (սոցիալականացման 2-րդ փուլ) արժեհամակարգերի միջև, որի հետևանքով մեր հավաքական մտածողությունը դարձել է հակապետական։

Օսմանյան կայսրության լծի տակ՝ հայկական ընտանիքների ինքնապահպանման բնազդն ուժեղացրել է ընտանիքի, «ախպերության» և երեխաների նկատմամբ ծնողների կապվածության կոդերը։ Դրանք բնականորեն պետք է հակադրվեին պետության, հանրային շահի և նմանատիպ այլ կոդերի հետ, քանի որ, այն պետությունը, որի տարածքում բնակվում էր հայությունը, այլ մշակութաբանական հարթության մեջ էր գտնվում։ Արժեհամակարգի անհատական և հասարակական այս հակադրության վրա իր խորը հետքն է թողել 1915-ին տեղի ունեցած ցեղասպանությունը, որի հետևանքները մենք հոգեբանորեն դեռ չենք հաղթահարել։ Ճիշտ է, 1915-ին հաջորդեցին 1-ին հանրապետության ստեղծումը, աթեիստական ԽՍՀՄ-ի կազմում 70-ամյա գոյությունը և, վերջապես, Հայաստանի 3-րդ հանրապետության ստեղծումը, սակայն քաղաքացիական արժեքային համակարգի արմատավորման խնդիրները դեռ չեն լուծված։ Ավելին, այն ավանդական արժեքները, որով մենք շատ ենք սիրում հպարտանալ (ընտանիքի պաշտամունքը, «ախպերության» գաղափարը , «ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում» և այլն)՝ այսօր ինչ-որ առումով խեղաթյուրում են հասարակական նորմալ հարաբերությունները։ «Ախպերապաշտական» կեղծ գաղափարներն այսօր հակադրության մեջ են քաղաքացիական հասարակության և իրավական պետության գաղափարների հետ։ Սրան գումարած՝ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ դեռևս.

ա. պետությունը՝ դա բռնություն է (օսմանյան կայսրության ժամանակահատվածից մնացած կոդ),

բ. մենք չենք կարող անկախ պետություն ունենալ (առաջին հանրապետության կարճատև գոյության հետևանքով առաջացած կոդ),

գ. այն ինչ պետական է՝ կարելի է թալանել (ԽՍՀՄ-ի ժամանակ ձևավորված մտածողության կոդ)։

Արդյունքում, երբ մենք այսօր ունենք անկախ պետություն՝ չենք կարողանում այն դարձնել ազգային առաջընթացի գործիք, դեռ շարունակում ենք պետությունը դիտարկել որպես.

1. բռնություն,

2. մեր համընդհանուր ուժերից վեր կառույց,

3. թալանի օբյեկտ։

Հանուն ճշմարտության նկատենք, որ հետանկախական շրջանում պետությունն էլ, ի դեմս իշխանության, ամեն ինչ արել է, որպեսզի մեր քաղաքացիների մոտ ամրապնդվի վերը նկարագրված «շտամպը»։

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանել, որ շատ հաճախ քննադատում ենք բռնությունը ոչ թե այն պատճառով, որ դա սխալ է, այլ որ մենք չենք այդ բռնության իրականացնողները։ Իսկ շատ դեպքերում՝ դատողն ու դատվողը նույն մեդալի հակառակ կողմերն են և արժանի համատեղ դատապարտման։

Մենք դժգոհում ենք ոչ թե կաշառակերությունից, այլ որ դա մենք չենք իրականացնում։ Ավելին. ազգային ֆոլկլորը, հիմնված անհատական արժեհամակարգի վրա, շատ հաճախ արդարացնում է կոռուպցիան. ««Զատո» ընտանիքն է պահում», - «խորաթափանցորեն» արձանագրում ենք մենք։ «Ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում», - ներկայացնում են կոռուպցիոներները։ «Լավ, թող «ուտեն», բայց մի քիչ խղճով «ուտեն»», - ըմբռնումով է մոտենում ժողովուրդը։

Մենք ցածրաձայն տենչում ենք մի «նամեստնիկի», ով կգա (ենթադրաբար՝ Հյուսիսից) ու կարգապահություն կհաստատի մեզ մոտ։ «Անկախությունը սխալ ա։ Հայերը պետություն չեն կարա կառուցեն» և այլ նմանատիպ ձևակերպումներ ինքս հաճախ եմ լսել, որը մեր բարդութավորվածության հետևանք է։

Սա է իրականությունը և մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական էլիտա, որը ներդաշնակություն կմտցնի անհատական (նեղ) և հանրային (լայն) արժեհամակարգերի միջև։ Պետք է այնպիսի էլիտա ձևավորվի, որն իր մեջ կրում է ժողովրդավարական և իրական (այլ ոչ թե՝ «քյարթու ախպերական») ազգային արժեքներ։ Այդպիսի էլիտա չեն կարող լինել «բուրբոնները», չեն կարող լինել նաև պլուտոկրատները։ Մենք հզոր պետություն կդառնանք, եթե լուծենք հանրային մթնոլորտի փոփոխության խնդիրը, որի արդյունքում քաղաքական դաշտի «դինոզավրերն» ինքնաբերաբար դուրս կգան դաշտից։ Իսկ առայժմ՝ խորը հակադրություն կա մեզանում գործող «մարդ-հասարակություն- պետություն» համակարգերի միջև, բայց այսպես երկար շարունակվել չի կարող։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը