Խմբագրական

26.03.2009 17:36


Խորհուրդներ ստեղծելու խորհուրդը

Խորհուրդներ ստեղծելու խորհուրդը

Խորհուրդներ ստեղծելու իշխանությունների    մոլուցքն  ապշեցնում է։ Ապշեցնում է նաև մեդալներ, կոչումներ ու պատվոգրեր բաժանելու էնտուզիազմը։

2008թ-ի  նախագահական ընտրություններից հետո, նախագահի, ԱԺ-ի ու կառավարության մատույցներում առնվազն 5 խորհուրդ ու հանձնաժողով է ստեղծվել, որոնց գլուխգործոցը նախագահին կից Հանրային խորհուրդն է։ Թե ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ արդյունքներ կան՝ հանրությունը չգիտի։

Սովետական «ագիտպրոպը» հիշեցնող ռեպորտաժներում մեծ պաթոսով նշվեց, որ կառավարությունը ձևավորել է ազգային տնտեսության մրցունակության բարձրագույն խորհուրդ և  հակաճգնաժամային օպերատիվ շտաբ։ Նկատենք, որ հետագայում ազգային մրցունակությունն ընկավ նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալներով, քանի որ ՀՆԱ-ի և արտահանման անկում է գրանցվել։ Իսկ տնտեսական ճգնաժամին ընդառաջ ձևավորված օպերատիվ շտաբը, թերևս, նույն արդյունավետությամբ է աշխատում, ինչպես որ «ՀՀ նախագահ-կուսակցության գրանցման վկայան ունեցող սուբյեկտներ» քննարկման ձևաչափի պարագայում։ Իսկ ընդհանրապես, ՀՀ-ում ինչը որ հայտարարվում է նպատակ կամ թիրախ՝ ճիշտ հակառակ արդյունք ենք ստանում։ Հայտարարվել էր, որ արտահանումը գերակա նպատակ է, բայց այսօր ունենք շուրջ հնգապատիկ տարբերություն ներմուծման և արտահանման միջև՝ հօգուտ ներմուծման։ Շատ այլ օրինակներ էլ կան, սակայն վերադառնանք խորհուրդների թեմային։

Խորհուրդներ ստեղծելու կարիք առաջանում է  բոլոր այն  իշխանությունների մոտ, որոնք

  1. սեփական իշխանության թուլությունը փորձում են կոմպենսացնել՝ հնարավորինս  շատ մարդկանց ներգրավելով մերձիշխանական  շրջանակներ,
  2. իրականում իմիտացիայով են զբաղված և հանրային լեգիտիմության պակասը փորձում են լրացնել բազմամարդ ու բազմաքանակ խորհուրդներով,
  3. չեն կարողանում ո՛չ լրիվ ավտորիտար ռեժիմ դառնալ, ո՛չ էլ ժողովրդավար լինելու  գիտակցություն ու մտադրություն  ունեն։

ՀՀ իշխանությունների մոտ նշածս երեք կետերն էլ առկա են։

Ոմանք Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարների հետ հանդիպելը անկեղծորեն գնահատում են նրա՝ որպես հանդուրժող և ավելի բաց ղեկավար լինելու տեսանկյունից։ Իրականում՝  իշխանության գործողությունները հուշում են, որ իրենք անհանգստացած են ու պատրաստ են սեղան նստել բոլորի հետ։ Միայն թե աթոռը չերերա։ Այդ տրամաբանությամբ՝ շուտով, երևի, իշխանության տիտղոսային սոցիալական հենարան հայտարարված թոշակառուներին էլ փորձ կարվի մասնակից դարձնել կառավարման գործընթացին։ Բայց, անկեղծ ասած, զուտ կազմակերպչական առումով չեմ պատկերացնում, թե որտե՞ղ և ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել «ՀՀ նախագահ- ՀՀ-ում գրանցված 550 հազար թոշակառուներ» քննարկումը։

Նախագահը, ինչպես վերջերս իր հիացական տպավորություններն էր կիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը, բավական համբերատար է և բոլորին լսելու ունակություն ունի։ Վարչապետն էլ, ըստ նույն աղբյուրի, լսելու կարողությամբ է օժտված։ Պարզապես խնդիրն այն է, որ յուրաքանչյուր թոշակառու մի 5 րոպեի ասելիք կունենա։ Բայց  հանուն հանրային կարծիքը լսելու՝ կարելի է նաև նմանատիպ մի հանդիպում կազմակերպել։ Հեռուստառեպորտաժների տեքստն արդեն  պատկերացնում եմ. «Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի հանդիպում, որը վկայում է ՀՀ նոր իշխանությունների՝ հանրության ձայնը լսելու և երկխոսության գնալու պատրաստակամության մասին։ Արտաքին քաղաքական նախաձեռնողականությունը թափանցում է նաև ներքին կյանք։ ՀՀ նախագահի Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը, մայնդորֆյան հռչակագրի ստորագրմանը, ԱԺ-ում արված ուղերձին հաջորդել է համաթոշակառուական քննարկումը՝ ՀՀ-ում գրանցված ավելի քան 550 հազար թոշակառուների հետ։ Այս քայլով ՀՀ-ն կարող է դառնալ թոշակառուների ձայնը լսող միջազգային կենտրոն։ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն լծվել է համապատասխան հայեցակարգի մշակմանը։ Իսկ մինչ այդ, հանդիպումը դեռ շարունակվում է և մենք առաջիկա օրերին թարմ տեղեկություններ կհաղորդենք քննարկման մանրամասների և մասնակիցների ինքնազգացողության վերաբերյալ»։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը