Քաղաքական

06.04.2025 16:33


Կրկին կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում

Կրկին կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում

Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում այս գիշեր կրկին կրակոցներ են լսվել։ Խոզնավարում կրակահերթերը լսվել են գիշերվա ընթացքում մի քանի անգամ՝ 22։30-ից սկսած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները ոչ գյուղի, ոչ էլ հայկական դիրքերի ուղղությամբ չեն եղել. օդ են կրակել։

«Կրակոցներն ինտենսիվ էին, մի քանի անգամ են կրակել․ մեկը երեկոյանը 10 անց կեսին մոտ, հետո 12 անց կեսի մոտերքում ու ավելի դեպի լուսադեմ»,-նշեց Զաքյանը։

Նա հավելեց, որ արդեն մի 2 օր էր՝ կրակոցներ չէին լսվում։

Խնածախում կրակահերթերը լսվել են գիշերը մոտ 2-ից սկսած՝ կրկին մի քանի անգամ։ Այստեղ ևս կրակոցները գյուղի ուղղությամբ չեն արձակվել, մեզ հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։

2 գյուղերում էլ նշում են, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, հիմա իրավիճակը հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն առօրյայով են զբաղված։

Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում էին Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։

Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը