Իշխանության քարոզչամենքենան պարզունակ քայլի է դիմում։ Այն պահից, երբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որոշ լրատվամիջոցներ անմիջապես շրջանառության մեջ դրեցին «Երևանին մենեջեր է պետք, ոչ թե քաղաքական գործիչ» թեզը։ Իհարկե, որևէ մեկը չի կարող ժխտել, որ ցանկացած համակարգ ունի գրագետ մենեջմենտի խնդիր։ Երևան քաղաքն այդ առումով բացառություն չէ։ Բայց անհասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները փորձում անհավասարության նշան դնել քաղաքական գործչի և մենեջերի միջև։ Ստացվում է՝ եթե մարդը քաղաքական գործիչ է, ապա նա պետք է անպայման վատ մենեջեր լինի, կամ հակառակը։ Այդ տրամաբանությամբ՝ ինչպիսի՞ գործիչներ պետք է լինեն երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը, վարչապետը՝ քաղաքակա՞ն, թե՞ ֆունկցիոներական։ Երկընտրանքն անհեթեթ է։ Դա նույնն է, թե ընտանիքի լավ հայրը չի կարող նաև լավ արհեստավոր լինել։
Գագիկ Բեգլարյանի և ՀՀԿ-ական թիմի քարոզչական «օդապարիկների» իմաստը հետևյալն է. «Ժողովու՛րդ, մենք հասկանում ենք, որ Լ. Տեր-Պետրոյանն ու Գ.Բեգլարյանը համեմատելու չեն, բայց դե մեր մայրաքաղաքին «զիբիլ հավաքող» է պետք։ Եկեք թողնենք, թող Գագիկը դա անի։ Բա Լևոնը «զիբիլ հավաքո՞ղ» է»։ Մի խոսքով, իշխանական միակ PR-հնարքն այն է լինելու, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը նույնացնեն «զիբիլ թափողի» գործառույթի հետ։ Ուրիշ ճար չունեն։ Մանավանդ, որ Գագիկ Բեգլարյանի պարագայում սևագործ աշխատանքի քարոզը նույնիսկ բնական կարող է թվալ (հասկանալի պատճառներով)։ Չեմ զարմանա, եթե նախընտրական փուլում իշխանության թեկնածուին «Ձյաձյա Վանյայի» շորեր հագցնեն ու ցախավելն էլ ձեռքը տան։ «Մայրաքաղաքին մենեջեր է պետք» օպերացիան այլ կերպ հնարավոր չէ գլուխ բերել։
Մայրաքաղաքային ընտրությունների հանդեպ իշխանության նման վերաբերմունքը ևս մեկ անգամ բացահայտում է իշխող խավի ապաքաղաքական բնույթը։ Այսօրվա որոշումներ կայացնողները քաղաքական մտածողությունից զուրկ են։ Ամեն ինչ արվում է՝ կլանային տրամաբանությունից ելնելով։ Այլապես, մի քանի հազարամյա մայրաքաղաքի բնակիչների առջև «սևերես» դուրս չէին գա։
«Իշխանությունը փող է , փողը՝ իշխանություն». սա է այսօրվա խաղի կանոնը։ Եվ բանկան է, որ այս պայմաններում իրոք, «մենեջեր» է պետք, որպեսզի նա «զիբիլը թափելու» փողը ժողովրդից հավաքի, բայց այդ փողերն «ատկատ» անի իր իսկ կողմից ստեղծված աղբահանող կազմակերպությանն ու քաղաքն էլի կեղտոտ մնա, որպեսզի նա վաղը-մյուս օրը համապետական ընտրությունները «ճիշտ մենեջմենթի» ենթարկի և այլն, և այլն։
Իսկ ընդհանրապես, եթե նկատել եք, «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ձևակերպումը կառավարման ամբողջ վերնախավի բառապաշարի բաղկացուցիչ մաս է կազմում։ Նման նախադասություն են օգտագործում նախարարները, համայնքապետերը, մարզպետները, պատգամավորները և այլոք, ովքեր իրականում միայն քաղաքականությամբ պիտի զբաղվեին։ Ընթացիկ կառավարում իրականացնելը չի նշանակում, որ դու դադարում ես քաղաքականությամբ զբաղվել։
Իշխանավորների պատկերացմամբ՝ քաղաքական գործիչն այն մարդն է, ով հանրահավաքներ է անում, ելույթներ է ունենում, գաղափարներից է խոսում, բայց այնքան «հարիֆ» է, որ չի կարողանում «փող շինել»։ «Քաղաքական գործիչ» բառակապակցությունն այդ ենթատեքստով հայհոյանքի և արհամարանքի առարկա է «մենեջերների» համար։
Չգիտեմ, գիտակցաբա՞ր թե՞ ենթագիտակցաբար են իշխանությունները փորձում քաղաքականությունը դուրս մղել հանրային կյանքից։ Բայց նրանց ջանքերն այդ ուղղությամբ հուշում են, որ նպատակ կա՝ մարդկանց անդեմ զանգվածի վերածելու։
«Մարդը քաղաքական կենդանի է»,-ասել է հույն փիլիսոփա Արիստոտելը։ Այսինքն, եթե մարդու քաղաքական բնույթը ոչնչացնես, ապա նա կդառնա կենդանի։ Կենդանուն ավելի հեշտ է կառավարել, իսկ քաղաքականությունից դուրս դրված հասարակությանը՝ առավել ևս։ Քաղաքական կյանքից զուրկ հասարակությունը վերածվում է հոտի և այդ հոտի համար կիրառելի է «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» կարգախոսը։ Այ, հե՛նց սրան են ձգտում իշխանությունները, երբ սպասվելիք ընտրական գործընթացը փորձում են ներկայացնել որպես ապաքաղաքական երևույթ։
Մենեջե՞ր, թե՞ քաղաքական գործիչ. կեղծ երկընտրանք

Անդրանիկ Թևանյան