Խմբագրական

02.04.2009 17:03


Տաքսի, տաքսի...

Տաքսի, տաքսի...

Ապրիլի 1-ին գյումրեցի տաքսիստները ցույց տվեցին, որ ամենևին էլ կատակելու տրամադրություն չունեն։ Իսկ Երևանում անհատ տաքսիստների համար գրեթե ամեն օր «ապրիլի 1» է։ Նրանք իրենց օրը վաղուց արդեն սկսում են՝ «տեցի կռուգում» հավաքվելով։

Ի՞նչ է ուզում կառավարութունն անհատ տաքսիստներից

Խնդիրը հասկանալու համար նախ պետք է տարանջատել տաքսիստներին՝ ըստ իրավական կարգավիճակի։ Տաքսի ծառայությանը պատկանող մեքենաների հետ կարծես խնդիր չկա։ Երևանում, Գյումրիում և շուտով երևի նաև Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ալիքը բարձրացնում են անհատ տաքսիստները, ովքեր համեմատաբար ավելի քիչ ֆինանսական մուտքեր և հնարավորություններ ունեն։

Վեճի առարկան հետևյալն է՝ կառավարությունը որոշել է, որ անհատ տաքսիստները պետք է ունենան դեղին պետհամարանիշեր և դրա համար պետք է գումար վճարեն, ինչպես նաև 10-ը տարուց ավելի հնության մեքենաները իրավունք չունեն տաքսի ծառայություն մատուցելու։

Կան նաև այլ կետեր, բայց որքանով, որ ես եմ հասկացել՝ նշված 2 կետերի շուրջ է հիմնական անհամաձայնությունը, մանավանդ որ, դեղին պետահամարանիշեր չունեցողներին արդեն սկսելու են տուգանել 20.000 դրամի չափով, ինչն, անշուշտ, անհատ տաքսիստների ուժերից վեր է։

Ի՞նչ են ուզում անհատ տաքսիստները կառավարությունից

Անհատ տաքսիտների հիմնական հակափաստարկը կառավարության որոշմանն այն է, որ այս տնտեսական իրավիճակում իրենք հնարավորություն չունեն նոր մեքենա ձեռքբերելու, ինչպես նաև դեղին պետհամարանիշով Վրաստան չեն կարող դուրս գալ (ամռան ամիսներին դեպի Վրաստան պատվերները, հասկանալի պատճառներով, շատանում են)։ Բացի այդ, բոլորն էլ դժգոհում են, որ իրենց պարտադրվում է փաստաթղթային և հաշվապահական որոշակի գործունեություն իրականացնել, որոնք տաքսիստները չեն պատկերացնում, թե ինչպես անել։

Հնարավոր լուծումներ

Կարծում եմ, որ անհատ տաքսիստների հարցին փոխընդունելի լուծում պետք է տրվի։ Հաշվի առնելով, որ մի կողմից կառավարությունն արդարացիորեն ուզում է կարգավորել այդ ոլորտը, մյուս կողմից էլ՝ ոչ ճիշտ պետական միջամտության արդյունքում մարդկանց մի մեծ խումբ կարող է կանգնել սոցիալական խնդիրների առաջ՝ առաջարկում եմ գնալ հետևյալ լուծմանը.

ա) Առնվազն 3 տարով (տնտեսական վիճակի բարելավման ենթադրյալ ժամանակահատված) հետաձգել 10 տարուց ավելի հնության մեքենաների գործունեությունը արգելող դրույթը։ Եթե պետությունը տեխզննման կտրոն է տրամադրում 12 կամ 15 տարեկան ավտոմեքենաներին, ապա դրանք կարող են շահագործվել։ Բացի այդ, թող շուկայական մեխանիզմներով կարգավորվի ավտոպարկի թարմացումը տաքսի ծառայության ոլորտում։ Եթե հաճախորդը ուզում է ավելի բարձրակարգ մեքենա նստել, ապա դա, ի վերջո, կհանգեցնի տաքսիների որակի բարելավմանը։ 90-ականների սկզբին Հայստանի ամբողջ փողոցները «դախլայապատված» էին, իսկ այժմ դրանք չկան կամ գրեթե չկան։ «Դախլներին» փոխարինեցին ժամանակակից խանութները։ Այս գործընթացը տեղի ունեցավ շուկայական խաղի կանոններով։ Այս պահին, ո՞րն է կարևորը՝ տաքսիստները դառնան գործազու՞րկ, թե՞ աշխատեն ու պետության համար լրացուցիչ բեռ չդառնան։ Չպետք է մոռանալ, որ խոսքը վերաբերում է շուրջ 7.000 անհատ տաքսիստի։ Այսինքն՝այդքան ընտանիքի։

բ) Հասկանալի է, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պետք է հարկեր վճարի պետբյուջե, բայց մյուս կողմից էլ այդ հարկը չպետք է խանգարի բիզնեսին և հարկերի վճարման կարգը պետք է լինի հնարավորինը պարզեցված։ Տաքսիստների հետ կապված խնդիրը ոչ միայն բիզնես, այլ նաև սոցիալական երանգ ունի։ Այդ մարդիկ մեծ շրջանառություն չունեն, որ պետությունն էլ որոշի ստվերը կրճատել։ Հետևաբար անհրաժեշտ է անհատ տաքսիստների համար սահմանել հաստատագրված ամսեկան, այլ ոչ թե տարեկան վճար (քանի որ անհատ տաքսիստը կարող է որոշել, ենթադրենք, ձմեռային ամիսներին չաշխատել ու նա այդ ընթացքում, բնականաբար, չպիտի հարկ վճարի), որը պետք է ողջամիտ թիվ լինի։ Անհատ տաքսիստներին առայժմ պետք է ազատել նաև փաստաթղթային հաշվառման խնդիրներից, որովհետև տաքսիստներից մեծ մասի համար դա դժվարություն է առաջացնում։ Այս տնտեսական իրավիճակից ելնելով՝ անհրաժեշտ է նման քայլ, իսկ հետո արդեն կամաց-կամաց կարելի է անցնել քաղաքակիրթ համակարգի։

Որպեսզի և՛ պետությունը կարողանա իր գործառույթներն իրականացնել, և՛ տաքսիստները չտուժեն՝ ցանկալի է հետյալ կարգը մշակել. անհատ տաքսիստը դիմում է համապատասխան պետական մարմնին և գրանցվում, որպես տաքսի ծառայություն մատուցող սուբյեկտ։ Մեքենայի տեխզննման կտրոնի առկայության դեպքում պետական մարմինն անմիջապես գրանցում է տաքսիստին իր գրանցամատյանում և նրանից ստանալով հաստատագրված վճարը, անհատ տաքսիստին տրամադրում է կտրոնը, որն այնուհետ պարտադիր պետք է փակցվի մեքենայի դիմապակու վրա, ինչպես որ տեխզննման կտրոնի դեպքում է։ Եթե տաքսիստը չի ունենա այդ կտրոնը, ապա արդեն կարելի է նրան տուգանել։ Եվ վերջ։ Ու արդեն ոչ մի բյուրոկրատական քաշքշուկ չի լինի։ Ու արդեն պետք չէ անհատներին պարտադրել դեղին պետհամարանիշ։ Կշահի և՛ պետությունը, և՛ անհատ ձեռներեցը։

Հասկանալի է, որ նշածս առաջարկները իրավիճակային են, բայց կարծում եմ, որ սա է կոմպրոմիսային լուծումը։ Պատրաստ եմ առավել մանրամասն քննարկել նշյալ խնդրի օրենսդրաիրավական հարցերը պետական իրավասու մարմնի հետ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը