Մեկնաբանություն

12.12.2011 15:08


Բառիս բուն իմաստով` EPP

Բառիս բուն իմաստով` EPP

Բյուջեն ընդունվեց պարզ գողությամբ: Վարչապետը երջանիկ էր: Տեսախցիկները ֆիքսեցին գողությունը` առնվազն երկու պատգամավոր քվեարկում էին ուրիշների փոխարեն: Բյուջեն ընդունվեց ծայրը ծայրին` 66 ձայնով: Հետևաբար կեղծված ձայները հանելուց հետո` բյուջեն չի ընդունվել:

Վարչապետը գիտի, որ իր կառավարության բյուջեն չի ընդունվել, բայց նա դարձյալ երջանիկ է: Գուցե պապը ասել է, որ գողացված ձայնով բյուջեն է ճիշտը: Նույն օրը վարչապետի շեֆը երդվում էր Եվրոպայի արևով ու կրծքանշան ստանում: Հարբած ելույթից հետո վարչապետն արդարանում էր, թե իրեն ճիշտ տեղում չէին կանգնեցրել, իսկ քվեարկությունը կեղծելուց հետո, երևի, ասելու է, թե իրեն ճիշտ տեղում չէին նստեցրել:

EPP-ի մանդատ ստանալուց հետո սա ՀՀԿ-ի առաջին EPP-ական քայլն էր: Այլևս EPP-ական Շմայսը, ալրաղացը, Սաշիկը, Պուրտոն, Նեմեցը, Բելաջիոն,  «պոլիտիկ-Լֆիկը» իրենց «ֆուտբոլասեր» նախագահով և «սուպերեվրոպացի» վարչապետով կերտելու են պետություն, որի կարգախոսը լինելու է. «Կեղծված բյուջեով ու հարբած վարչապետով դեպի արդար ընտրություններ»:

Նույն օրերին Բաղրամյան 26-ի լրատվական միջոցը անընդհատ քննարկում էր, թե ինչու է Եվրոպան մերժել ԲՀԿ-ին: Հավանաբար նկատի ունեն, որ EPP-ն, ի տարբերություն ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության», ԲՀԿ-ին գրկաբաց չի ընդունել:: Իրականում, մեր խնդիրը չէ քննարկել, թե ինչու Շմայսը ավելի եվրոպացի համարվեց, քան ասենք, Արամ Սաֆարյանը; Բայց  կան հարցեր, որոնք մեզ հետաքրքիր են: Օրինակ, ինչու  է «ժառանգությունը» անբացատրելի երջանկության մեջ, երբ իրեն և ՀՀԿ-ին հավասարապես «զնաչոկ»  են տվել: Քաղաքականապես շատ ավելի գրագետ և մարդկայնորեն ավելի հասկանալի կլիներ, եթե «Ժառանգությունը» «զնաչոկ» վերցնելուց առաջ հարց բարձրացներ, թե ինչու  է EPP-ն ողջունում և իր շարքերը վերցնում մի կուսակցության, որը 1998-ից  կեղծել է, կամ առնվազն մեծ մասնկացություն է ունեցել  Հայաստանի վերջին տասը տարվա բոլոր ընտրությունների բռնաբարմանը: Մի կուսակցության, որի կառավարման շնորհիվ Հայաստանում ծաղկել է կոռուպցիան, անպատժելիությունը և գողականությունը:  Եթե չի բարձրացնում օդում կախված հարցերը, ապա այսուհետ EPP-ի Րաֆֆին քիչ է տարբերվելու EPP-ի Ռազ-ից, կամ EPP-ի Քլոսից:

Իսկ EPP-ական դառնալուց օրեր առաջ, ՕԵԿ-կարկառուն դեմքը հայտարարում է, որ իրենց կուսակցության վրա ժողովրդի արյուն չկա: Հասկանալի է, թե ում նկատի ունի.   EPP-ական իր ավագ գործընկերոջը:

Հայաստանը հիմա մի փուլում է, որտեց եվրոպական «կտերով» երկիր այլևս չես պահի: Կա՛մ ժողովուրդը և քաղաքական ուժերը իրենց մեջ ռեսուրս կգտնեն իրավիճակը փոխելու, կա՛մ  երկիրը կգնա անխուսափելի վախճանի:

EPP-ական շոուն լավ էր այն իմաստով, որ մեկ անգամ ևս ցույց տրվեց, որ  մեր փոխարեն ոչ ոք, ոչ մի Եվրոպա չի պայքարելու, չի փոխելու մեր պետությունը, չի պատժելու մեր հանցագործներին, չի բռնելու ընտրակեղծարարի ձեռքը:

Նույն EPP-ն ընտրությունների հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ , կասի, որ այս ընտրությունները  «հիմնականում համապատասխանում էին Եվրոպական չափանիշներին ու մի մեծ քայլ առաջ էին նախորդ բոլոր ընտրություններից»:  Նույնիսկ այն դեպքում, եթե ՀՀԿ-ն 131 տեղանոց խորհրդարանում ստանա 132 մանդատ:  EPP-ական գործիչներն ուղիղ կես տարի ցիտատ կբերեն EPP-ական  դիտորդներից: Իսկ EPP-ական Լարիսան բարձր ձայնով կողբա անարդարությունը:

Այս պայմաններում ոչ EPP-ական ԲՀԿ-ն, ոչ EPP–ական մյուս քաղաքական ուժերը և ամենակրևորը՝ ոչ EPP-ական ժոդովուրդը պետք է պայքարեն, որ EPP-ի օրիգինալն ու պատճենը իրար ձեռք բռնած չգողանան մեր ձայնը, այնպես ինչպես գողացան, ասենք, բյուջեի քվեարկությունը: Պետք է անել մեկ բան` պայքարել կեղծքիներ դեմ: Սա է ամենալավ համագործակցությունը: Ով չարեց, բառիս բուն իմաստով` EPP-ի անդամ է:

Արման Սահակայն

Այս խորագրի վերջին նյութերը