Աշխարհ

19.03.2025 17:34


Բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունը գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել (տեսանյութ)

Բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունը գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել (տեսանյութ)

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության շրջանում։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել իրենց բողոքը արտահայտելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:

Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը: Բայց Իմամօղլուի ձերբակալության մասին լուրից անմիջապես հետո նրա կողմնակիցները հավաքվել են Վաթան փողոցում, որտեղ գտնվում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Ցուցարարները վանկարկել են. «Էրդողանը բռնապետ է»։

Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս բողոքի ակցիա են կազմակերպել: Որոշ ժամանակ անց իրավիճակը թեժացել է, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ սկսել է պղպեղ պարունակող գազ և ռետինե փամփուշտներ կիրառել։

Իշխանությունները խստացրել են վարչական շենքերի անվտանգության միջոցառումները. Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տարվել։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը