Մեկնաբանություն

05.05.2009 14:38


Սկսել ա...

Սկսել ա...

Մեկնարկեց Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Պաշտոնական, որովհետև ոչ պաշտոնական քարոզարշավը մասնակիցներն այս կամ այն կերպ սկսել էին վաղուց։

Գործողությունների ձեռագիրը այլ ընտրությունների քարոզարշավներից էականորեն չի տարբերվում, եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանական կոալիցիան (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) հանդես է  գալիս առանձին։

Օբյեկտիվորեն աղքատացել է նախընտրական քարոզչամիջոցների զինանոցը։ Բակերի ու մուտքերի բարեկարգումը, փողոցների ասֆալտապատումն ու «կենդանաբանական այգիների բացումը» հիմնականում մնացել է ՀՀԿ քարոզչության մենաշնորհային ուղեկիցը։ 

Բուռն մեկնարկ է ստացել (համենայն դեպս զգացական տեսակետից) ՀԱԿ քարոզարշավը։ Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմը, թերևս,  փորձելու է Երևանի ավագանու ընտրությանը տալ համապետական նշանակություն, ինչը հասկանալի է։ Բայց նաև նկատենք, որ վերջին հանրահավաքում ներկայացված դիրքորոշումը ենթադրում է, որ նախագահական ընտրությունների լարվածությունը չի լինելու։

ԲՀԿ-ն աչքի է ընկնում մասսայական հանդիպումներ կազմակերպելով, տարբեր տեղեկատվական առիթներ ստեղծելով և առավելապես  Գագիկ Ծառուկյանին՝ որպես քարոզչական պերսոն,  շրջանառության մեջ դնելով։ Հարություն Քուշկյանը քարոզարշավի հենց սկզբից ընտրողների մոտ տպավորվել է որպես երկրորդ PR դեմք։ Դրանից ԲՀԿ քարոզարշավն ավելի կուսակցական-կորպորատիվ տեսք է ստացել, որը համահունչ է ավագանու ընտրությունների համամասնական ձևին։

Նույն կուսակցական կորպորատիվիզմի դրոշակով է սկսել քարոզարշավը նաև ՀՅԴ-ն։ Իրականում, իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո, դաշնակցական էլեկտորատն ու նրանց համակիրները սպասում էին բուռն ու ավելի քաղաքականացված մեկնարկի, սակայն ՀՅԴ-ն առայժմ կոմունալ-կենցաղային և արդյունավետ մենեջմենտի շեշտադրումներով է բավարարված։ Ժամանակը ցույց կտա, թե  ի՞նչ զարգացումներ կլինեն ՀՅԴ-ի քարոզարշավում։

Տիգրան Կարապետյանը բարի քարոզարշավի սկզբունքն է որդեգրել, իսկ ՕԵԿ-ը ձգտում է թաքցնել իր ներքին մտահոգությունը, որը, երևի թե,  կապված է 7 տոկոսը չհաղթահարելու գիտակցությամբ։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Հ.Գ.։  Ի դեպ, մոռացա ՀԱՍԿ-ին, բայց դե Մովսես Շահվերդյանն իր մասին հիշելու ոչ մի առիթ դեռ չի տվել...

Այս խորագրի վերջին նյութերը