Մեկնաբանություն

08.12.2011 16:14


Տեխնիկական վրիպակներով լի Ազգային ժողովը, կամ ՀՀԿ–ն մոռացել է դեմ քվեարկելու ձևը

Տեխնիկական վրիպակներով լի Ազգային ժողովը, կամ ՀՀԿ–ն մոռացել է դեմ քվեարկելու ձևը

Այսօր ՀՅԴի հարցապնդմանը, որով ՀՀ նախագահին ԱԺի կողմից առաջարկվում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, կողմ քվեարկեց 13 պատգամավոր, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 4։

Ճշտելու համար, թե որ պատգամավորն ինչպես է քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելուն, ԱԺ քարտուղարությունից վերցրեցինք սղագրությունը։ Պարզվեց, որ այդ հարցին մի շարք հանրապետականներ դեմ չե՛ն քվեարկել, ինչպես և նախապես հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալոււստ Սահակյանը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քվեարկությանը մասնավորապես չեն մասնակցել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Կորյուն Նահապետյանը, Դավիթ Հարությունյանը, Մանվել Ղազարյանը, Սեդրակ Սարոյանը, Աշոտ Աղաբաբյանը, Կարեն Ճշմարիտյանը, Համլետ Հարությունյանը, Աշոտ Արսենյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Վազգեն Կարախանյանը, Արտակ Զաքարյանը։

Քվեարկությանը չեն մասնակցել նաև «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, ԲՀԿականներ Վերսանդիկ Հակոբյանը, Մելիք Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Մխիթար Վարագյանը, Տիգրան Թորոսյանը, Վարդան Խաչատրյանը։

Կառավարությանն անվստահություն հայտնելուն ձեռնպահ են քվեարկել ՀՀԿական, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՀՀԿական Գագիկ Աբրահամյանը, ԲՀԿական Վաչագան Խուրշուդյանը, անկուսակցական Լյովա Խաչատրյանը։

Ճիշտ է, թվարկված պատգամավորներից ոմանք դահլիճում չէին, և նրանց փոխարեն առավոտյան իրենց ընկերներն էին գրանցվել, բայց կային պատգամավորներ, ովքեր ներկա էին դահլիճում, բայց չէին մասնակցել քվեարկությանը։

Փորձեցինք հենց նրանցից պարզել, թե կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ ինչո՞ւ են նման դիրքորոշում արտահայտել։ Շատ զավեշտալի պատկեր ստացվեց։

Անկուսակցական Մխիթար Վարագյանը, լսելով մեր հարցը՝ ինչու չի մասնակցել կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությանը, մի պահ մտածեց, հետո պատասխանեց՝ քվեարկել եմ, չի աշխատել, ու արագ հեռացավ։

«Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը ևս պնդեց, թե իր կոճակը չէր աշխատում։

Անկուսակցական Լյովա Խաչատրյանը իր ձեռնպահ քվեարկելը նույնպես պատճառաբանեց «տեխնիկական վրիպակով»։

Ակնհայտ էր, սակայն, որ դա զուտ պատճառաբանություն էր, հետևաբար, ծագումով ապարանցի Լյովա Խաչատարյանից հետաքրքրվեցի՝ եթե հստակ քաղաքական դիրքորոշում է արտահայտել դահլիճում, ինչո՞ւ է հիմա վախենում հստակ բարձրաձայնել դա.

Դու տեսե՞լ ես մի ապարանցու, որ ինչոր մի բանից վախենա։ Նախ՝ վախենալու համար ուղեղ է պետք ունենալ, մտածել, հասկանալ, թե վախն ինչ է։ Ապարանցիներն այդպիսի բան չունեն, չեն հասկանում՝ վախն ինչ է,–պատասխանեց նա։

Ուղեղ չունեն, դրա համա՞ր չեն հասկանում,–ճշտեցինք։

Ուղեղ ունեն։ Մենք վախ չունենք, վախի զգացողություն չունենք։ Մենք պռոստը գիտենք՝ վախն ինչ է։

ՀՀԿ–ական Վազգեն Կարախանյանն էլ այսպես պատասխանեց.

Հայերեն ոնց են ասո՞ւմ՝ կնոպկան չէր աշխատում։

Մեկ այլ ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանն էլ իր չքվեարկելը պայմանավորեց տեխնիկական խնդիրներով։

Տեխնիկական պատճառով այդ պահին կոճակը չաշխատեց։ Միակ պատճառը դա էր,–վստահեցրեց նա։

ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանը շատ զարմացավ, որ չի մասնակցել քվեարկությանը՝ դա պատճառաբանելով պատահականությամբ։

Չեմ էլ նկատել, որ չեմ քվեարկել։ Եթե որևէ մեկը կասկածում է, որ ես կունենամ քաղաքական դիրքորոշում և չեմ արտահայտի, սխալ է։ Ավելի շատ ուշադրություն դարձրեցի, որ Վարդան Այվազյանը սխալմամբ ձեռնպահ սեղմեց։ Որ ինքն ասաց՝ էս ո՞րն ա, ո՞րն ա, էդ պահին այդ կողմ նայեցի,–պնդեց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ինքը դեմ է ՀՅԴ–ի ներկայացրած հարցապնդմանը։

Իսկ ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանը, ինչպես միշտ, ուղղակի ցնցեց իր անկեղծությամբ։

Առաջին անգամ է, որ դեմ ենք քվեարկում, և կոճակը շփոթեցի։ Երկու կոճակ պետք է սեղմեի, մեկը սեղմեցի,–ասաց նա։

Այսինքն, ՀՀԿականներն այնքան են կողմ քվեարկել, որ արդեն մոռացե՞լ են, թե ինչպես պետք է դեմ քվեարկեն։

ՀՀԿականները երբ պետք է, դեմ են քվեարկում, բայց ահագին ժամանակ էր՝ դեմ կոճակը չէինք սեղմել, սովոր չէինք,–խոստովանեց ՀՀԿ–ական պատգամավորը։

Ի դեպ, նույնօրինակ զավեշտալի իրավիճակ է գրանցվել նաև 2012թ. պետական բյուջեի նախագծի ընդունման ժամանակ։ Այն ընդունվեց ընդամենը 66 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Բյուջեի քվեարկությանն էլ չէին մասնակցել ՀՀԿականներ Մանվել Ղազարյանը, Համլետ Զաքարյանը, Արտակ Զաքարյանը, ԲՀԿական Մարտուն Գրիգորյանը, անկուսակցական Տիգրան Թորոսյանը։ Բյուջեին դեմ քվեարկած պատգամավորներն են ՀՅԴական Գագիկ Գևորգյանը և «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Հատկանշական է, որ այս քվեարկությունից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կուսակցության սենյակում նախատում էր Համլետ Զաքարյանին. «Քվեարկելուց չես տեսնո՞ւմ, որ չես քվեարկել»։–ՀՀԿ–ական պատգամավորն էլ շարունակ արդարանում էր, թե զուտ տեխնիկական խնդիր է եղել։ Գալուստ Սահակյանի սենյակից դուրս գալուց հետո էլ Համլետ Զաքարյանը շարունակեց արդարանալ, թե արդարանալու խնդիր չունի.

Ո՞նց կարող է՝ ես չքվեարկեմ՝ լինելով տնտեսագետ ու հասկանալով բյուջեն։ Սիստեմներն այդ պահին չէին աշխատում։ Մելիքյանն ասեց, ասեցի՝ ի՞նչ, ո՞վ ա ասում, որ չեմ քվեարկել։ Բացառվո՛ւմ է։ Ես Գալուստ Սահակյանին բացատրեցի, որ դա ի՛մ մեղքը չէ, դա սիստեմների մեղքն է։ Սուբյեկտիվ գործոնն այդտեղ դեր չունի։ Ես ինքս գնացի ասացի՝ պարո՛ն Գրիգորիչ, ինչոր սենց խոսակցություններ կան, մեղավորը սիստեմներն են, կնոպկաները չեն աշխատում։ Ես արդարանալու բան չեմ տեսնում, ես հոգեպես և տրամաբանորեն կողմ եմ պետական բյուջեին,–պնդում էր ՀՀԿ–ական պատգամավորը։

Ի դեպ, մինչև բյուջեի քվեարկությունը տեղի ունեցած քվեարկության ժամանակ, երբ ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը, ձայների անբավարարության պատճառով քվորում չապահովվեց, և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստիպված երկու անգամ վերաքվեարկություն կազմակերպեց։ Սակայն բյուջեի քվեարկության ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մասնակցե՛ց քվեարկությանը՝ դեմ կոճակը սեղմելով։ Փաստորեն, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ դեմ քվեարկությունները բյուջեն ընդունելու քվորում ապահովելու համար արվեցին։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, հերքեց դա։ Նա պնդեց, որ իրենց խմբակցությունից միայն Արմեն Մարտիրոսյանն էր ներկա, և եթե մյուս անդամներն էլ լինեին, նրանք էլ դեմ կքվեարկեին։

Մեզնից ինչոր մեկը պետք է լիներ «Ժառանգության» դեմ դիրքորոշումն արտահայտելու համար։ Ի դեպ, բոլոր քվեարկություններից առաջ «Ժառանգությունը» շատ աննկատ հաշվում է դահլիճում առկա պատգամավորների թիվը և նոր է որոշում՝ դե՞մ քվեարկել, թե՞ ուղղակի չքվեարկել՝ տապալելու համար օրինագիծը։ Կարծում եմ, որ տվյալ պարագայում, անկախ նրանից՝ «Ժառանգությունը» չէր քվեարկի, թե կքվեարկեր, միևնույն է՝ կար բյուջեն ընդունելու չափազանց մեծ հավանականություն,–պնդեց Ստյոպա Սաֆարյանը։

Հ.Գ. Ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը 2012թ. պետական բյուջեի նախագծին կողմ է քվեարկել։ Թեև նա կատակով նշեց, որ դա՛ էլ է տեխնիկական վրիպակի արդյունք։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը