Քաղաքական

08.12.2011 13:24


Խորհրդարանում խառնաշփոթ է. զոռով են անցկացնում օրենքները

Խորհրդարանում խառնաշփոթ է. զոռով են անցկացնում օրենքները

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում դահլիճում 77 պատգամավոր էր ներկա, և երբ ընդդիմադիր խմբակցությունների անդամները չէին մասնակցում քվեարկություններին, օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ 66 ձայնը չէր ապահովվում։ Այդպես եղավ արդեն նախօրեին տապալված օրինագծի քվեարկության ժամանակ։ Այն այսօր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կրկին դրեց քվեարկության, սակայն միայն 49 պատգամավոր կողմ քվեարկեց։ Ու քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, չընդունվեց։

Այս իրավիճակ շփոթեցրեց Սամվել Նիկոյանին։

–Կոճակի հետ խնդիրնե՞ր կան, ի՞նչ խնդիրներ կան,–դիմելով ՀՀԿ–ական պատգամավորներին, թերևս նաև հուշելով՝ ասաց Նիկոյանը, և վերաքվեարկություն հայտարարեց։

Այս անգամ էլ օրինագծին 55–ը կողմ քվեարկեցին և կրկին քվորում չապահովվեց։ Բոլոր ՀՀԿ–ականները հանկարծ միաժամանակ սկսեցին բողոքել, թե իրենց կոճակն անսարք է։

–Իմն էլ չի աշխատում,–պնդում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը և ընդգծեց.

–Պարոն Նիկոյա՛ն, ձեր համառ ջանքերն արդյունք չեն տալիս։ Այս քվեարկությունը կազմակերպվեց երեկ և նույնպես քվորում չապահովվեց։

Ա. Շահբազյանը պնդեց՝ քանի որ երեկ արդեն այս օրինագծի ընդունումը տապալվել է, այն այսօր վերաքվեարկության դնելն օրենքի խախտում է։

Այդուհանդերձ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդեց, որ օրինագիծը կրկին քվեարկության դրվի։

–Օրենքի խախտում կանենք, որ երկու վերաքվեարկությունից հետո նորից քվեարկենք,–իր հերթին պնդեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

ԱԺ նախագահը, սակայն, արդեն երկրորդ անգամ վերաքվեարկություն կազմակերպեց։ Այս անգամ ՀՀԿ–ական պատգամավորները սկսեցին քվեարկել նաև ուրիշի փոխարեն, և օրինագիծը 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ի վերջո, ընդունվեց։

–Քվեարկություններն այսուհետ զոռով են լինում և այս մոտեցումն անընդունելի է,–բողոքեց Արմեն Մարտիրոսյանը։

Այս խուճապային իրավիճակում էլ քվեարկության դրվեց 2012թ. պետական բյուջեի նախագիծը։ Այն ընդունվեց ընդամենը 66 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Այնուհտեև քվեարկության դրվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների վիճահարույց փաթեթի երկրորդ ընթերցումը հատուկ կարգով՝  մինչև դեկտեմբերի 5–8 չորսօրյա նիստերի ավարտը ընդունելու մասին հարցը։

–Հատուկ իրավիճակ պետք է պետության մեջ հայտարարվի և ոչ թե այս օրինագծի հետ կապված։ Մենք դե՛մ ենք նման գործելաոճին,–ընդվզեց Արմեն Մարտիրոսյանը։ Այդուհանդերձ, 66 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց։

Այս ամենից հետո քվեարկության դրվեց ՀՅԴ–ի հարցապնդումը, որով ՀՀ նախագահին ԱԺ–ի կողմից առաջարկվում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ «Ժառանգությունը» հայտարարեց, որ միանում է ՀՅԴ–ի այս հարցապնդմանը, իսկ ՀՀԿ–ն՝ հակառակը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին կողմ քվեարկեց 13 պատգամավոր, դեմ՝ 48, 4–ը՝ ձեռնպահ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պնդեց, որ կառավարությունը խախատում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և ՀՅԴ–ն դիմում է պատրաստել ու պատգամավորների անհրաժեշտ ստորագրությունները ստանալուց հետո պատրաստվում է այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Այս ամենից հետո կրքերը մի փոքր հանդարտվեցին։ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցութան քարտուղար է ընտրվել Գագիկ Մելիքյանը։ Նա արդեն մի քանի շարք ներքև էր իջել և զբաղեցրել ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախկին տեղը։

Խորհրդարանը, սակայն, դժվարությամբ անցավ մնացած օրինագծերի քննարկումներին։ Բանն այն է, որ դահլիճում ներկա նախարարներն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն էին միմյանց շնորհավորում բյուջեի ընդունման կապակցությամբ։

–Լռությո՛ւն դահլիճում,–խիստ տոնայնությամբ պահանջեց Էդուարդ Շարմաանովը։ Բայց կառավարության անդամներն այդ պահանջին չարձագանքեցին և շարունակեցին շնորհավորել ու շնորհավորանքներ ընդունել։

–Ճանապարհենք կառավարությանը՝ նոր,–ստիպված ասաց Շարմազանովը և միայն դրանից հետո խորհրդարանն անցավ իր աշխատանքները շարունակելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը