Մեկնաբանություն

07.12.2011 13:39


Ինչու՞ են կախվել Ծառուկյանի ... թևերից

Ինչու՞  են կախվել Ծառուկյանի ... թևերից

Իշխանական նեղ թիմը կենաց ու մահու պայքար է տալիս, որպեսզի կայանա ՀՀԿ—ԲՀԿ միասնական ցուցակը: Գործի են դրվել բոլոր հայտնի մեթոդները` մենթական և տեղեկատվական:  Հետագա զարգացումները հասկանալու համար, նախ պետք է հասկանալ, թե ինչու է իշխանական թևն այդքան ուզում միասնական ցուցակ, և կբավականացնի՞ արդյոք նրա ռեսուրսները այդ բաղձալի նպատակին հասնելու համար:

Սերժ և Տիգրան Սարգսյանները տապալվել են արտաքին և ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով: Տնտեսությունը փլուզված է, մարդկանց սոցիալական վիճակը` աղետալի: Երկրում ստեղծվել է  բարոյալքման և հուսահատության մթնոլորտ:

Սերժ և Տիգրան Սարգսյանները, ՀՀԿ-ում իրականացրած պերմանենտ հեղաշրջումների արդյունքում, այդ կուսակցության վարկանիշը հասցրել են իր ողջ պատմության մեջ ամենացածր շեմին: Իշխող նեղ վերնախավը վերջին տարիների ընթացքում վատացրել է իր հարաբերությունները  ուժի բոլոր ազդեցիկ բևեռների հետ:

Եվ վերջապես, Ս. Սարգսյանի լեգիտիմությունը և նրա վստահության գործակիցը պետական համակարգում խիստ ցածր է: Այդ պայմաններում, Ս. Սարգսյանը հստակ հասկանում է, որ չի կարողանալու անհրաժեշտ ծավալի կեղծիքներ  անել, որը նրան թույլ կտա վերարտադրվել կամ գոնե իշխանությունը պահել 2012-ի մայիսից մինչև 2013-ի փետրվար ընկած ժամանակահատվածում:

Իշխանական նեղ թիմին պետք է ԲՀԿ-ն, այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ի վարկանիշն այսօր շատ բարձր է: Միասնական ցուցակը Ս. Սարգսյանը պատկերացնում է հետևյալ կուռ տրամաբանությամբ.

  1. Կօգտագործվի Ծառուկյանի բարձր վարկանիշը
  2. Կօգտագործվի ԲՀԿ-ի մենեջերական ռեսուրսը
  3. Միասնական ցուցակի մասին հայտարարության հենց հաջորդ օրվանից ողջ սերժատու մամուլը և սերժատու քաղաքագիտական համայնքը կաշխատացվի Ծառուկյանի դեմ:
  4. Ընտրություններից հետո Ս. Սարգսյանը չի պահի որևէ պայմանավորվածություն, որը ձեռք էր  բերվել Ծառուկյանի հետ (ապագա իշխանության մասով) և կասի. «Ծառուկյան ջան, տեսնում ես էսքան վարկաբեկվեց ԲՀԿ-ն, իսկ մեզ նոր չվարկաբեկված թիմ է պետք, որ Լևոնի դեմը առնենք»:

Ահա, այս չորս պարզ քայլերի հաջորդականությունն է ընկած այն հաշվարկի հիմքում, որը կոչվում է «միասնական ցուցակ» ու դրա համար էլ իշխանական նեղ խումը կախվել է Ծառուկյանի  ... թևերից (ուրիշ բան չմտածեք):

Հասկանո՞ւմ է, արդյոք, այս ամենը ԲՀԿ-ն: Վստահաբար` այո:

Հիմա ռեսուրսի հարցը: Իշխանական նեղ թիմը դրել է խնդիրը, բայց, արդյոք, ունի՞ դրա լուծմանը հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները: Պարադոքսն այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գիտեն, որ այդ ռեսուրսը իշխանական նեղ թևը չունի: Կբռնեն 5 հոգու, տասը` հոգու, լավ 100: Բա հետո՞:

Ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում  Ծառուկյանն ունենալու է լրատվական-վերլուծական դաշտի ամենազդեցիկ հատվածների աջակցությունը: Եվ այս ոլորտում նույնպես ազատ, բայց սերժատու մամուլը պարտվելու է: ԲՀԿ-ի առանձին մասնակցելու դեպքում Ծառուկյանը ստանալու է երկրի առաջադեմ ուժերի  ոչ թե քողարկված, այլ արդեն բացահայտ աջակցությունը: Իսկ եթե հանկարծ, իշխանական նեղ թիմը փորձի ավելի սրել ճնշումները և դրանք հանել խաղի կանոններից, ապա արաբական գարունը ընդամենը մեկ օրում կհանգրվանի Բաղրամյան պողոտայում: ֆորսմաժորային պայմաններում` Ծառուկյանի վարկանիշը, Լ. Տեր-Պետրոսյանի կոնսոլիդացված ընդդիմադիր զանգվածը և Ռ. Քոչարյանի զգալի ազդեցությունը պետական համակարգի վրա, իրարից անկախ, կհամատեղվեն: Բոլորի կարգախոսն այդ դեպքում իրոք կդառնա «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի»՝ «ա լյա» Քադաֆի տարբերակով։

Արման Սահակյան

Հ.Գ.։ Իսկ ինչու՞ է պետք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցի առանձին: Սա նույնպես շատ պարզ է. որ երկիրը չմտնի արյունալի զարգացումների փուլ, հասարակությունը կարողանա անցնցում փոփոխություններ իրականացնել:

Հ.Գ.-2։ Ի դեպ, միասնական ցուցակի նախադեպ ՀՀԿ-ն ունեցել է 2008-ին: Բայց հետևություններ, կարծես թե, չի արել:

Այս խորագրի վերջին նյութերը