Քաղաքական

14.01.2025 15:15


ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Երևանի ցանկության հետ, քանի որ այդ միջազգային ասոցիացիաները գործում են տարբեր սկզբունքներով։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալուն՝ Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունն անհամատեղելի կառույցներ են։

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,-նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ խնդիրներ չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։

«Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատմության՝ ոչ գաղութային հարթությունում պատկերացումներից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը, օրինակ, Սյունիքի մարզում, ես դա իրականում չեմ հասկանում»,- եզրափակել է Լավրովը։

Նա նաև հավելել է, որ, ռուսական կողմի տեղեկություններով, «ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը մեծամասամբ զբաղվում է ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով»:

Այս խորագրի վերջին նյութերը