Կարծիք

14.01.2025 12:11


Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի (տեսանյութ)

Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի (տեսանյութ)

(Հարավկովկասյան այս տանդեմը շարունակում է քանդել ՀՀ անվտանգային հենասյուները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հանգստյան օրերին տեղի ունեցավ այն, ինչ շատ փորձագետներ Հայաստանում կանխատեսում էին՝ պաշտոնական Երևանը պատրաստակամություն հայտնեց բավարարել Իլհամ Ալիևի հերթական պահանջը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,- հայտնել են վարչապետի գրասենյակից։

2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը նշել է. (մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»։ Այս մասին գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին տեղի հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Հայաստանին անվանեց «ֆաշիստական պետություն», այլև պահանջեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շուտափույթ լուծարումը: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարություն նիստ հրավիրեց, իսկ նիստից հետո հրապարակեց տեքստ, որտեղ նկարագրել է իր տեսլականը Բաքվի հետ խաղաղության վերաբերյալ, որի շրջանակներում էլ նա պատրաստակամություն հայտնեց քննարկելու «ադրբեջանցիների վերադարձ» ՀՀ և Մինսկի խմբի լուծարման թեման: Նրա մամուլի քարտուղարը պարզապես հասցրեց այս գործը տրամաբանական ավարտին՝ վերջնականապես հաստատելով Մինսկի խմբի լուծարման հարցը:

Նախ, նշենք, որ ըստ «հին-բարի» ավանդույթի, Փաշինյանն ու Ալիևը կրկին սինխրոն գործեցին: Ալիևը սպառնաց, Փաշինյանն արագ համաձայնեց ոչնչացնել ևս մեկ կարմիր գիծ:

Երկրորդ, եթե ենթադրությունը ճիշտ է, և մենք իսկապես գործ ունենք համաձայնության հետ, ապա այդ համատեքստում, միևնույն է, Փաշինյանը օգնում է Ալիևին ուժով «Ղարաբաղյան խնդրի» լուծման փաստը լեգիտիմացնելու, օրինականացնելու էթնիկ զտումը:

Սա իր հերթին, համադրելով Ջերմուկի և Սև լճի ադրբեջանական օկուպացիայի հետ, բացում է «Օվերտոնի պատուհանը»՝ ուժ կիրառելու նաև հենց Հայաստանի նկատմամբ : ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով՝ պաշտոնական Երևանը օրինականացնում է Ադրբեջանի «իրավունքը» ապագա էսկալացիաների համար, չէ որ Երևանն անում է ամեն ինչ, որպեսզի ուժի կիրառումը ԼՂՀ-ի նկատմամբ չպատժվի, գոնե այն ձևաչափով, որը ստեղծված էր Արցախյան հարցի լուծման համար:

Սա «միակողմանի ճանապարհ է», որը Հայաստանին ոչ մի դրական բան չի խոստանում:

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը