Հարցազրույց

14.01.2025 11:47


«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի համար. Աբբաս Ջումա (տեսանյութ)

«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի համար. Աբբաս Ջումա (տեսանյութ)

Ռուս միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ին մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հավանականությունը։

«Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն բազմիցս արտահայտվել է։ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Սահմանների փոփոխությունն ու Իսրայելի կողմից այդ գործընթացներին միջամտելը և Թուրքիայի ակտիվ մասնակցությունը չափազանց անցանկալի են Թեհրանի համար։ Հակաիրանական դաշինքը, որը բաղկացած է ԱՄՆ-ից և Իսրայելից, ի դեպ Թուրքիան և Ադրբեջանն Իրանը ևս ընկալում է որպես այդ դաշինքի անդամներ, սկսում է առաջ մղել «Զանգեզուրի միջանցքը» և Իրանը շրջափակելու ռազմավարությունը։

Սա չի կարող չանհանգստացնել իրանական վերնախավին, և այժմ ոչ միայն հայերը, այլ նաև իրանցիներն են զգում, որ տարածաշրջանին լուրջ վտանգ է մոտենում՝ հերթական ռազմական հակամարտության տեսքով։

Ես առայժմ կթողնեմ կանխատեսումները, հույս ունեմ, որ ոչինչ տեղի չի ունենա, հույս ունեմ, որ Իսլամական Հանրապետության դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական ջանքերը կաշխատեն։ Ես այնպես եմ հասկանում, որ իրանցիները կարողանում են նաև սպառնալ, թե ինչի դեպքում ստիպված կլինեն խաղի մեջ մտնել, պարզապես այն պատճառով, որ տարածաշրջանում պատերազմն ուղղակիորեն սպառնում է իրենց։

Այն փաստը, որ Իրանում Ադրբեջանին ընկալում են ոչ թե թշնամաբար, այլ զգուշավորությամբ, և այն փաստը, որ իրանցիները Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը հավանական են համարում, ստիպել Է Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարին նախ մեկ, ապա մեկ այլ երկիր այցելել դիվանագիտական այցերով: Այդ այցերի շրջանակներում, անշուշտ, քննարկվել են ոչ միայն և ոչ այնքան երկկողմ հարաբերությունները, որքան «Զանգեզուրի միջանցքը», Իրանի լոգիստիկան և խաղաղապահ ջանքերը ՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կանխելու համար։ Ես չեմ ասում, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, ես ասում եմ, որ Իրանը ուսումնասիրում է այս տարբերակը, և դա շատ է անհանգստացնում իրանցիներին»,-նշել է փորձագետը։

Աբբաս Ջումայի խոսքով՝ Իրանը ուշադիր հետևում է Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարմանը։

«Սիրիայում, Գազայում, Լիբանանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները Իրանում ընկալում են որպես մեկ շղթայի օղակներ, որոնք պետք է կապեն Իրանին և չեզոքացնեն Իսրայելի համար իրանական սպառնալիքը։ Ես չեմ բացառում, որ Բաքվում, Թել Ավիվում, Վաշինգտոնում և Անկարայում Սիրիայի իրադարձությունները կարող են գնահատել որպես Իրանի թուլություն։ Ավելին, կրկնում եմ, որ Իրանում ի գիտություն են ընդունում այս տրամաբանական շղթան և կարծում են, որ դա իրադարձությունների զարգացման միանգամայն հնարավոր սցենար է մոտ ապագայում։

Այդ իսկ պատճառով ակտիվացել են մի կողմից դիվանագիտական այցերը, մյուս կողմից՝ զորավարժությունները։ Եվ ի դեպ, ոչ միայն Իրանում։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելից Ադրբեջան ներկրվող զենքի քանակն աճել է, և եթե նայենք, թե ինչպես է աճել իսրայելական զենքի ներկրումը վերջին տարիներին, ապա կարող ենք փաստել, որ դա Ադրբեջանի սպառազինության կեսից ավելին է։ Սա շատ է անհանգստացնում իրանցիներին։ Այս ամենն, ըստ իրանցիների, եկել է Իրանի ծոցից։ Իրանցիները մտահոգված են Ադրբեջանում իրանաֆոբ տրամադրություններով, որոնք ամեն կերպ խթանում են Իսրայելը և Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջուման։

Այս խորագրի վերջին նյութերը