Քաղաքական

13.01.2025 21:55


Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ

Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ

Այս պահին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն են սկսել ոսկու շուկային աշխատողները:

Օրեր առաջ հատուկ հայտարարությամբ հանդես էին եկել փաստաբանները:

Չի բացառվում, որ այս բողոքի ալիքին միանան նաև մյուս ոլորտների ներկայացուցիչները:

Փորձենք հասկանալ, թե ինչ է փոխել կառավարությունը հարկային դաշտում, այս տարվա հունվարի 1-ից:

Դեռ անցյալ տարվա մայիսի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց 2025-ից բարձրացնել փոքր բիզնեսի ոլորտում գործող ընկերությունների հարկերը:

Դրանից հետո ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված այս որոշումները, որոնք փաստացի կրճատում են խոշոր և փոքր բիզնեսի հարկերի տարբերությունները:

Ըստ այս որոշման՝ փոփոխությունների արդյունքում, շրջանառության բազային հարկի դրույքաչափը կրկնապատկվում է. առևտրի և ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների համար 5 տոկոսը դառնում է 10 տոկոս:

Արտադրական ձեռնարկությունների համար 3.5 տոկոսը դառնում է 7 տոկոս, սննդի օբյեկտների շրջհարկը 6-ից կավելանա մինչև 12 տոկոս:

Սննդի այն օբյեկտների համար, որոնք գործում են մարզերում, այս փոփոխությունները կյանքի կկոչվեն մյուս տարվանից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի մեկից:

Բացի այդ, այս տարվանից միկրոբիզնեսի ռեժիմից դուրս են բերվում մարզային առևտրային կազմակերպությունները, վարսահարդարները, բրոքերային ընկերությունները և ավտոտեխսպասարկման կետերը:

Հիշեցնենք, որ մինչ այս, բոլոր այս ընկերությունները, որոնց շրջանառությունը չէր գերազանցում 25 մլն դրամը, ազատված էին ընդհանրապես հարկերից:

Ավելին, փաստաբանական և նոտարական գրասենյակները ընդհանրապես դուրս են բերվում շրջհարկի տիրույթից և ամբողջովին մտնում են ԱԱՀ-ի դաշտ, ինչը կհանգեցնի այդ գրասենյակների մի մասի փակմանը, իսկ մյուսները կսկսեն իրենց գործնեության մի մասը մտցնել ստվերային դաշտ:

Ի դեպ, այս տարվա հուլիսի մեկից նույն ճակատագրին են արժանանալու ֆինանսական ոլորտում զբաղվող ընկերությունները, ինչը մեծ հարված է հասցնելու նաև այս ոլորտի ընկերություններին:

Ավելին, Փաշինյանն համարում է, որ շրջհարկը իր մեջ պարունակում, իբր բիզնեսի զարգացումը զսպող գործոն և այն պետք է ընդհանրապես վերացվի:

Նման տգետ պատկերացումներ քարոզվում էր նաև 2008-ին, երբ այն ժամանակվա ՊԵԿ-ի նախագահի տեղակալներից մեկը նշում էր, թե իբր պարզեցված հարկը նպաստում է ստվերային տնտեսության զարգացմանը և ուրեմն՝ պիտի վերացվի:

Թե ինչ եղավ այն ժամանակ, բոլորս ենք հիշում. պարզեցված հարկը վերացվեց, և Հայաստանի փոքր բիզնեսը խորը ճգնաժամի մեջ հայտնվեց:

Այն մուլտիպլիկատիվ ձևով ազդեց նաև բիզնեսի մյուս ոլորտների վրա և արդյունքում 2009-ին Հայաստանում Համաշխարային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ ամենա մեծ անկումներից մեկը գրանցվեց. մինչև 14 տոկոսի չափով:

Հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փոխեց հարկային քաղաքականությունը, մտցվեց շրջհարկ հասկացություն, որը մոտավորապես նախկին պարզեցված հարկի ձևն էր: Դրա արդյունքում հանրապետությունում կրկին սկսեց զարգանալ փոքր բիզնեսը: Եվ ահա այս նոր որոշումով Փաշինյանը կրկնում է նախկինների սխալները և կրկին փորձում է սահմանափակել փոքր բիզնեսի արտոնությունները:

Հայաստանում փոքր բիզնեսից հավաքված հարկերը չեն գերազանցում ընդհանուր մուտքերի 2 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ այս քայլով կառավարությունը չի կարող հիմնավորել, որ ձգտում է համալրել երկրի գանձարանը:

Ինչ վերաբերվում է ստվերի դեմ պայքարին, ապա դրա համար այլ գործքներ են պետք:

Բացի այդ, եթե նույնիսկ որոշ խոշոր ընկերություններ կարող են օգտվել և իրենց բիզնեսի մի մասը տրոհում են մի քանի մասերի, որպեսզի քիչ հարկեր վճարեն, դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա:

Դա համաշխարային պրակտիկա է և բոլոր հարկային տեսչությունները փորձում են դա սահմանափակել:

Բայց հայտարարել, որ այդ երևույթի կանխման համար, պիտի վերացնել շրջհարկը պարզապես հակապետական մտածողություն է, որի հետևանքով երկրում կարող է առաջ գալ նոր ճգնաժամ:

Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց գնալ այս քայլին, առանձին խոսակցության թեմա է:

Պարզ է մեկ բան. այն, որ Փաշինյանը կրակի հետ է խաղում, երբ մարդկանց, առանց այդ էլ դժվարին սոցիալական վիճակը հաշվի չառնելով, փորձում է է՛լ ավելի ծանրացնել մարդկանց վիճակը:

Դրա հետևանքը տեսանելի է բոլորին:

Պարզապես զարմանալի է, որ բոլոր հետադիմական ռեժիմները նույն սխալներն են կատարում և արդյունքում մերժվում են ժողովորդի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը