Կարծիք

06.12.2011 10:56


Ինչո՞ւ եք վախենում մրցակցությունից, պարոնա՛յք

Ինչո՞ւ եք վախենում մրցակցությունից, պարոնա՛յք

Հայաստանում ընտրակեղծիքների դեմ պայքարի պլատֆորմի գաղափարի՝ իշխանության նյարդային արձագանքներից դատելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի շրջապատը մահու չափ վախենում և սարսափում է արդար մրցակցությունից:

Կարծես բավական հանգիստ պետք է ընդունվեր Լևոն Տեր-Պետրոսյանի հատկապես ընտրակեղծիքների դեմ պայքարելու առումով ԲՀԿ-ին ուղղված մեսիջը, քանի որ պարզապես խոսվել է որակյալ ընտրություններ ապահովելու համար համագործակցության հեռանկարի մասին, ինչպես տեղի ունեցավ Իջևանում: Եթե չեմ սխալվում, որակյալ ընտրություններ անցկացնելու մասին շատ ինտենսիվորեն խոսում է նաև ՀՀԿ դեռևս չգործող  շտաբի պետի տեղակալ, համատեղության կարգով նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Այսինքն, եթե իշխանության համար էլ է գերնպատակ խորհրդարանական ընտրությունները որակյալ անցկացնելը, ապա տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանը ևս ողջուներ Լևոն Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը և ցանկություն հայտներ այդ շրջանակներում համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ: Եթե, իհարկե, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին իշխանության կողմից շռայլվող խոստումները հերթական դեմագոգիկ և փուչ հայտարարությունները չեն:

Հանուն արդար և ազատ ընտրությունների պլատֆորմի գաղափարը  ողջունելու փոխարեն գործող իշխանությունը կարծես սկսել է խոսել կրակոցների և ահաբեկման լեզվով, որը բացահայտում է ընտրությունների որակի վերաբերյալ իշխանության ունեցած մոտեցումների բովանդակությունը:

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական նպատակն է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառել ծավալներով աննախադեպ ընտրակեղծիքներ, ինչին կարող են նախանձել անգամ ԱՊՀ տարածաշրջանում ընտրակեղծիքների հարուստ փորձ ունեցող շատ ու շատ համակարգեր: Կեղծիքների ծավալներն աննախադեպ են լինելու այն պատճառով, որ իշխող կուսակցության վարկանիշը բավական ցածր է, և հազիվ թե մինչև մայիս հնարավոր լինի ինչ-որ բան փոխել: Իսկ ցածր վարկանիշի պարագայում պետք է հնարավորինս շատ ու անխնա կեղծել անհրաժեշտ արդյունքին հասնելու և վերարտադրվելու համար: Սակայն այդ դեպքում հետընտրական ապակայունացման հավանականությունը մի քանի անգամ աճում է, որն ազգային անվտանգության տեսակետից անընդունելի է:

Հակադրվելով պետական և ազգային շահին՝  Սերժ Սարգսյանի թիմը պարզապես պատրաստ չէ արդար մրցակցության: Խորհրդարանական ընտրություններում արդար մրցակցությունը գործող նախագահի համար հավասար է քաղաքական ինքնասպանություն: Առանց որևէ լուրջ սոցիոլոգիական վիճակագրության էլ պարզ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը հատկապես իր ապաշնորհ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով չի կարող անգամ երազել խորհրդարանական մեծամասնության մասին: Զարմանալի կլիներ, եթե Սերժ Սարգսյանը լիսկաների, վարդանղուկասյանների, շմայսների և, Տիգրանի Սարգսյանի գլխավորությամբ, նմանատիպ այլ «կարկառուն» գործիչների ու դեմագոգների հետ դաշնակցելով՝ գրեթե զրոյական վարկանիշով մտածեր ազատ և արդար ընտրությունների մասին:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը