Կարծիք

05.12.2011 23:30


Ականների պայթելու ժամանակը

Ականների պայթելու ժամանակը

Օրեր առաջ լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե Դուբայից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկն էլ համառորեն փորձում էր ԲՀԿ-ից տեղեկանալ, թե այդ հանդիպումը եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նույն այդ լրատվամիջոցները չէին փորձում այդ տեղեկությունը ճշտել ՀՀԿ-ից կամ նախագահականից: Այս փաստը վկայում է, որ վերոհիշյալ լուրի տարածումը մի նպատակ է հետապնդում` հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր վստահ են, որ Գագիկ Ծառուկյանը տեղի չի տա ճնշումներին եւ ամեն ինչ կանի, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Այս տեղեկությունը ճիշտ եւ ճիշտ նման էր այն տեղեկությանը, որ տարածվեց թերթերից մեկի կողմից ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, իբր թե Ծառուկյանը համաձայնել է միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Վստահաբար կարելի է ասել, որ այս ճնշումները գնալով ավելի կմեծանան եւ կդադարեն միայն այն ժամանակ, երբ վարչախումբը վերջնականապես համոզվի, որ ԲՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ որեւէ մտադրություն չունի ոչ միայն ՀՀԿ-ի հետ միասնական ընտրացուցակ կազմել, այլ նաեւ մասնակցել ընտրակեղծիքներին: Հիմա դժվար է ասել, թե այս գործընթացը որքան կտեւի, սակայն որքան էլ տարօրինակ հնչի, այս ամենը ԲՀԿ-ին օգնում է ավելի ամրանալ եւ անհրաժեշտ բարեփոխումների ենթարկվել:

Դժվար չէր կռահել, որ ՀՀԿ-ի հետ միասնական ընտրացուցակով ընտրություններին գնալու առաջարկը մերժելուց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո ճնշումները ԲՀԿ-ի վրա ավելի կմեծանան: Իհարկե, ոմանք կարծում էին եւ կարծում են, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը տեղի կտա ճնշումներին եւ կնահանջի, բայց, հազիվ թե, ԲՀԿ-ն երկու հոգու ձերբակալությունից իրեն կորցնի եւ հապճեպ եւ սխալ որոշումներ կայացնի: ԲՀԿ առաջնորդը չի կարող չգիտակցել, որ նահանջը վերջնական եւ ծանր պարտություն կլինի:

Հոգեբանական ճնշման է ենթարկվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանկարծ բացահայտեց, որ իր կողքին կան մարդիկ, որոնք որոնք հուզված խոսելով իշխանափոխության անհրաժեշտության մասին, հանկարծ դեմ են արտահայտվում ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը դեռ միայն խոսել է ընտրությունների արդար ընթացքն ապահովելու համար ԲՀԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության մասին: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն որոշ «հեղափոխականներ», երբ այդ համագործակցությունը կայացած փաստ լինի: Նրանք արդեն այսօր նյարդայնացած բացականչում են, որ չի կարելի ոչ մի դեպքում համագործակլցել ԲՀԿ-ի հետ: Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ ՀԱԿ-ը միայնակ կարող է իշխանափոխություն անել, եւ որ ԲՀԿ-ն էլ մասնակցել է 2008-ի ընտրակեղծիքներին: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ՀԱԿ-ը պետք է վաղուց արդեն իշխանափոխություն արած լիներ կամ էլ ընդհանրապես նույնիսկ ինքն իր հետ չհամագործակցեր, որովհետեւ ՀԱԿ-ի ղեկավար կազմում մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ավելի քան ակտիվ մասնակցել են 1996 եւ 1998 թվականների ընտրակեղծիքներին:

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի հզորության մասին խոսողները բացառապես մի նպատակ են հետապնդում` ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանը սահուն կերպով իրականացնի իր ծրագրերը եւ հաջողությամբ վերարտադրվի, իսկ 18 թվականին էլ արդեն դատարկված եւ ավերակների վերածված երկրում էլ թագադրի իր դստեր ամուսնուն կամ տեխնոլոգիաների սիրահար Տիգրան Սարգսյանին:

Բարեբախտաբար, Հայաստանում ստեղծվել է մի շատ պարզ իրավիճակ, երբ կողմնորոշվելն արդեն շատ հեշտ է եւ դժվար «ընդիմություն-ընդդիմություն» խաղալը: Այստեղ ահավոր ծանր վիճակում են հայտնվել նրանք, ովքեր աշխատավարձ էին ստանում «ընդդիմություն» խաղալու համար: Նրանց համար մոտեցել է պայթելու պահը: Իրավիճակն այնպիսին է, որ նրանք չեն կարող չպայթել: ԲՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը եւ Տեր-Պետրոսյանի թեեւ բավական ուշացած, բայց ճիշտ քայլերը ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ, ինչպես ասում են, խաղեր տալը գրեթե անհնար է:

Ծանր կացությունում են հայտնվել այն կուսակցությունները, որոնք իրենց դնելով ընդդիմադիր դաշտում հույս ունեին արտաքին ճնշումների եւ Սերժ Սարգսյանի խոստումների շնորհիվ մի քանի հոգով երջանիկ կյանք վարել խորհրդարանում: Հիմա նրանք ստիպված են լինելու կողմնորոշվել, թե որ ճանապարհով են գնում: Նրանք այլեւս չեն կարող ասել, թե իրենք դեմ են վարչախմբին, բայց դեմ են նաեւ այդ վարչախմբին դեմ հանդես եկող ուժերին:

Ընդամենը մեկ կամ երկու ամիս հետո արդեն պարզ կլինի, թե ով որ դաշտում է գտնվում եւ ինչ նպատակներ է հետապնդում: Ամենապարզ դիտարկումն էլ ցույց է տալիս, որ նրանք, ովքեր կշարունակեն հավատալ, որ իրենց պատգամավորական տեղեր են նվիրելու, ընտրություններից հետո կկանգնեն կոտրած տաշտակի առաջ եւ հետույքները քորելով վերջնականապես կհեռանան քաղաքական դաշտից` դառնալով անեկդոտների հերոսներ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը