Քաղաքական

05.12.2011 15:23


Սամվել Նիկոյանի առաջին հրամանը Հովիկ Աբրահամյանի հրամանը վերանայելն է լինելու

Սամվել Նիկոյանի առաջին հրամանը Հովիկ Աբրահամյանի հրամանը վերանայելն է լինելու

ՀՀԿ–ի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Նիկոյանն իր ելույթում հայտարարել է, որ ինչպես ցանկացած կառույցում, այնպես էլ ԱԺ–ում ժամանակի հրամայականից բխող ճշգրտումներ են անհրաժեշտ։

–Այս առումով, սույն ելույթում հնչող իմ մտքերը և հետագայում գործունեությունը եթե չհամընկնեն մինչև այժմ հնչած մտքերի և տեսակետների հետ, խնդրում եմ դա չդիտարկել հակասությունների դաշտում, այլ իմ մոտեցումները ձեռքբերումների բնական շրջանակներում։ Հնարավոր է, որ մինչև այժմ իրականացված բազմաթիվ ծրագրերում որոշակի սրբագրումների, որոշակի շեշտադրումների փոփոխություններ լինեն։ Նորից եմ խնդրում դա չդիտարկել հակասությունների և կահակշիռների դաշտում,–ասել է Ս. Նիկոյանը։

ԱԺ նախահագի թեկնածուն ընդգծել է նաև, որ ԱԺ գործառույթները հստակ սահմանված են Սահմանադրությունում, իսկ ԱԺ–ի լիազրությունների դերի կատարումը և դրանից դուրս գալը կխախտի իշխանության երեք ճյուղերի միջև գործող հակակշիռների փոխադարձ հսկումների սկզբունքը, ինչն ինքը համարում է անընդունելի։

–Ուստի ես զերծ կմնամ օգտագործել «ԱԺ–ի դերի բարձրացում» անչափելի եզրույթը և կառաջարկեմ «Սահմանադրությամբ և օրենքներով հստակ ամրագրված լիազորությունների լիարժեք իրագորմուն» տերմինը։ Մի քանի խոսք նաև կառավարություն–ԱԺ փոխհարաբերությունների մասին։ Ես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ եմ և քաղաքագիտորեն պետք է հանդիսանամ կառավարության քաղաքական հենարանը, որպեսզի կարողանա կառավարությունն իր ծրագրերն իրականացնել։ Եթե ընտրվում եմ ԱԺ նախագահ, ապա սահմանադրորեն իմ պարտականնությունն  ԱԺ–ի բնականոն գործունեությունն ապահովելն է։ Այս դեպքում ես հանդիսանում եմ ոչ թե քաղաքական մեծամասնության, այլ ԱԺ նախագահ, որտեղ կան նաև անկախ պատգամավորներ և երկու ընդդիմադիր խմբակցություններ։ Կարծում եմ, որ չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ կառավարության համար, այլ կապահովվի գործընկերային հարաբերությունների ամրապնդումը,–նշել է Ս. Նիկոյանը։

Նա նաև որոշել է, թե ԱԺ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին հրամանը որն է լինելու՝ հավատարմագրված լրագրողներին թույլատրվելու է աշխատանքային օրերին նույնպես մուտք գործել խորհրդարան։

–Անհրաժեշտ է վերանայել ԱԺ տարածք լրագրողների մուտք գործելու ժամանակային սահմանափակումները,–հայտարարել է Ս. Նիկոյանը,–սա մեր մշտական աշխատանքային վայրն է և լրագրողներն իրավունք ունեն անարգել մուտք գործել և լուսաբանել մեր աշխատանքները։

Ի դեպ, նշենք, որ ԱԺ դերի բարձրացման մասին հաճախ խոսում էր ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանը։ ԱԺ տարածք լրագրողների մուտք գործելու ժամանակային սահմանափակումները մտցվել էին կրկին նրա հրամանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը