Լրահոս

18.12.2024 19:19


Ալիևը փորձում է համոզել ՌԴ-ին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու

Ալիևը փորձում է համոզել ՌԴ-ին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու

Ադրբեջանի ղեկավարը հարցազրույց է տվել ռուսական «Russia Today» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին, որտեղ նա պատասխանել է մի շարք հարցերի, որոնց մի մասը վերաբերվում է նաև Հայաստանին:

Նախ, սկսենք նրանից, որ Ալիևը, հասկանալով, թե որ լսարանի համար է հարցազրույց տալիս, հանդես է եկել ընդգծված հակաարևմտյան թեզերով:

Նա քննադատել է արևմտյան լրատվամիջոցների գործնեությունը, հատկապես ընդգծելով չորս լրատվամիջոց՝ The Washington Post, The New York Times, Figaro և Le Monde:

Խորամանկ Ալիևը «ընտրել էր»քննադատության համար ֆրանսիական և երկու ամերիկյան այն լրատվամիջոցներին, որոնք պայքարելեն նաև Թրամփի դեմ:

Հատկանշական էր, որ Ալիևը քննադատելով ԱՄՆ-ին, փորձում էր այդ շարքից դուրս բերել Թրամփին:

Մասնավորապես նշելով, թե իբր՝ «... Հայաստանին ռազմական օգնություն են տրամադրել ԱՄՆ-ի սորոսական շրջանակները...»:

Պարզ է, որ Ալիևի այս ձևակերպումները ուղղղված էին ռուսական լսարանին և Թրամփի վարչակազմին, կարծես ակնարկելով, որ ի տարբերություն Հայաստանի, հենց ինքը՝Ալիևն է Թրամփի և Ռուսաստանի իրական դաշնակիցը:

Օգտվելով այդպիսի գաղափարական փաթեթավորումից՝նա սկսում է արդեն կոնկրետ պահանջներով հանդես գալ Հայաստանի հանդեպ, կարծես ակնարկելով, որ իրականում Հայաստանը մերժում է խաղաղությունը և,այդ իսկ պատճառով, եթե բռնկվի պատերազմ, ապա դա կլինի հայերի մեղքով:

Որպես հիմնավորում, որ Ադրբեջանը խաղում է հակաարևմտյան դաշտում, նա մեղադրում է Հայաստանին, որն,իբր,իր սահմանին տեղակայել է ՆԱՏՕ-ի փաստացի դիտորդներին, որոնք սպառնում են ոչ միայն Ադրբեջանին:

Ավելին, Թուրքիայի հանդեպ կողմնորոշումն Ալիևը փորձում էր քողարկել նրանով, որ Ադրբեջանն,իբր,փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև, հայտարարելով, թե թուրքական ռազմակայաններ Ադրբեջանում չկան և չեն լինի:

Ալիևի բոլոր ձևակերպումների մեջ կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, որ Ադրբեջանն է տարածաշրջանային շահերը պաշտպանող, մինչդեռ Հայաստանը փորձում է ապավինել Արևմուտքին, ով տարածաշրջանից հեռու է և թշնամի է Ռուսաստանի և Իրանի համար:

Այս մանր թուրքական խորամանկությունները գործում են միայն այն պատճառով, որ Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը:

Սա հայ ժողովուրդի ամենամեծ խայտառակությունն է: Ոչ մի թուրքական «խորամանկություն» չի գործի, եթե չլինեն դրա համար բարենպաստ պայմաններ:

Ինչո՞ւ թուրքամետ ուժերը գրավեցին Դամասկոսը: Որովհետև այդ երկրի ղեկավարը հիմնել էր պարզունակ թալանչիական համակարգ:

Ինչո՞ւ է Ալիևը կարողանում իր թեզիսները հրամցնել, քանի որ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ով վարում է բացառապես սեփական ընտանիքի շահերը սպասարկող քաղաքականություն:

Հերիք է այս շղթան գոնե մի տեղից կտրվի, և պարզ կլինի, որ ոչ մի թուրքական խորամանկություն կյանքի չի կոչվի:

Կոնկրետ Հայաստանի մասով դա նաև պարզ անվտանգության խնդիր է, առանց որի հայ ժողովուրդը չի կարող անվտանգ լինել այս տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը