Քաղաքական

18.12.2024 13:15


Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Կառավարության՝ «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրն» ի սկզբանե քննարկվել է «Գոյ» թատրոնի հետ, և այդ ծրագրի կոնկրետ և առաջին շահառուն պետք է լիներ հենց «Գոյ» թատրոնը։ Սակայն այսօր նախագիծը որևէ կերպ թատրոնին չի առնչվում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը», որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։ Ծնպատակն է աջակցել մասնավոր թատրոններին՝ ապահովելով նրանց բովանդակային և կազմակերպչական աճ։

Աջակցությունը կտրվի մինչև 3 տարի ժամկետով։ Շահառուները պարտավորվում են ապահովել ներկայացումների որակը, հանդիսատեսի թվաքանակը, ինչպես նաև ներգրավվել միջազգային փառատոներում։

«Նախագծի քննարկման ընթացքում «Գոյ» թատրոնը նախապայման ուներ. թատրոնը պետք է աշխատի նույն վայրում, ուր աշխատել է 39 տարի։ Ընդ որում, մենք այդ տարածքն անհատույց չէինք ուզում, այլ՝ վարձով։ Մենք պետությանը պարտավորվում էինք վարձ վճարել, էլ չեմ ասում, որ կլինեինք ՍՊԸ, որի համար ևս հարկեր կվճարեինք։ Այսինքն՝ մեր առաջարկը պետության համար շատ շահեկան տարբերակ էր։

ԿԳՄՍՆ-ն սկզբից կարծես համաձայնեց, և փորձ արվեց նախագիծ կազմել։ Դրա մեջ գրված էր, որ պիլոտային ծրագրի առաջին շահառուն հենց մեր թատրոնն է լինելու։ Բայց քննարկումների ժամանակ որտեղից որտեղ հայտնվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և նախապայմաններ դրեց։ Նախարարությունը մեզնից և նրանցից պահանջեց խրագիր, թե տարածքն ում ինչի համար է պետք։ Բնականաբար մենք տրամադրեցինք այդ ծրագիրը՝ նշելով, որ թատրոնի տարածքը մեզ պետք է ներկայացումներ բեմադրելու համար։ Սունդուկյանից էլ ասացին, որ այդ տարածքում ցանկանում են դերասանական ստուդիա հիմնել»,-իրավիճակը ներկայացրեց Սարգիս Արզումանյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ նախարարությունը, սակայն, ինչ-որ պահի հրաժարվել է տարածքը տրամադրել «Գոյ» թատրոնին՝ նշելով, որ կարող են աջակցել միայն ֆինանսապես։

«Այսինքն՝ ամբողջ մի թատրոնի զրկում են իր կարգավիճակից, տարածքից, տալիս են ընդամենը 3 տարվա գումար և թողնում են դրսում։ 3 տարի հետո պետությունն այլևս չի հոգում թատրոնի որևէ կարիք, այսինքն՝ ասում է՝ դառնալով անկախ թատրոն՝ ինչ ուզում ես՝ արա։

Գուցե նորաստեղծ որևէ թատրոնի համար սա շատ լավ հնարավորություն է, բայց «Գոյ» թատրոնի պարագայում դա պարզապես ծիծաղելի է։ Զրկել ամեն ինչից, հետո ասել՝ դու քո գլխի ճարը տես, դա մի տեսակ նման է առևտրի՝ եկեք ձեր փողը տանք, ձեր ձայնը կտրեք։ Իհարկե, մենք այդ ամենի հետ չենք համաձայնել, որովհետև մեզ համար տարածքի հարցը շատ սկզբունքային է եղել»,-նշեց Սարգիս Արզումանյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ին խնդրել են հարցին միջանկյալ լուծում՝ մինչև դատարանը կորոշի՝ կողմերից ով է ճիշտ, ով՝ սխալ։

«Գոյ»-ի ստեղծագործական կոլեկտիվը համաձայնել է նախարարության առաջարկին՝ որպես ՍՊԸ՝ անկախ թատրոն, առժամանակ աշխատել թատրոնի տարածքում, սակայն մինչ օրս ԿԳՄՍՆ-ից որևէ արձագանք այդպես էլ չի ստացվել։

«Այդ մարդիկ կրկին չպահեցին իրենց խոստումը։ Տեսեք, մեզ առաջարկ է արվել, մենք համաձայնել ենք դրան, ուրեմն ինչո՞ւ թատրոնն այսօր չի գործում։ Կարծում եմ՝ իրենց նպատակը «Գոյ» թատրոնին ձեռք մեկնելը չէ. բանակցությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ դա իմիտացիա է եղել՝ ընդամենը մեզ խաբելու համար»,-ամփոփեց Սարգիս Արզումանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը