Կարծիք

13.12.2024 15:16


Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էին ՔՊ-ի երկու անդամների շուրջ իրադարձությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին հեռացրեցին խմբակցությունից, իսկ հետո նույն ճակատագրին արժանացրեցին նաև մյուս ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին:

Ֆորմալ պատճառը ձևակերպվեց այն, թե իբր Հովիկ Աղազարյանը ինչոր «գաղտնի» տեղեկություններ է տրամադրել մամուլի միջոցներին, ինչը փաստագրվել էր և այդ իսկ պատճառով էլ նրան հեռացրեցին խմբակցությունից:

Իսկ ինչ վերաբերվում է Ասլանյանին, ապա վերջինս մտերմիկ հարաբերությունների մեջ լինելով Աղազարյանի հետ, սկզբում շփոթվել ու պաշտպանել է նրան: Հետո հասկացել է, որ քաղաքականապես սխալվել էր, բայց արդեն ուշ էր, և իրեն էլ հեռացրին խմբակցությունից:

Սակայն դրանով այս պատմությունները չեն ավարտվելու:

Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի՝ «... ՔՊ-ն պնդելու է որ այդ երկու պատգամավորները նաև դնեն իրենց մանդատները և դուրս ԱԺ-ից...»:

Այսինքն, Փաշինյանը չի բավարարվելու միայն այս երկու պատգամավորներին ՔՊ-ի շարքերից հեռացումով, նա ամեն ինչ անելու է, որպեսզի նրանք հեռացվեն ԱԺ-ից:

Վերջիններս էլ վախենում են, որ մանդատները վայր դնելուց հետո, նրանց կարող են նաև ռեպրեսիայի ենթարկել, քանի որ խախտել են Փաշինյանի կողմից գծված «իշխանության կարմիր գիծը»:

Ո՞րն է այս կոնֆլիկտի քաղաքական պատճառը

Հովիկ Աղազարայնն ու Հակոբ Ասլանյանը երբեք ՔՊ-ի հետ քաղաքական, կամ գաղափարական հակասություն չեն ունեցել, երբ հանձնվեց Արցախը, երբ 2021-ին որոշվում էր իշխանության ապագան:

Աղազարյանի կոնֆլիկտը Փաշինյանի հետ չէր, նա համոզված էր, որ որպես ՔՊ-ական պատգամավոր, ուներ ինդուլգենցիա՝ տնտեսական դաշտում չարաշահումներ կատարելու համար:

Եթե Փաշինյանին թույլ էր տրված կատարել չարաշահումներ միջազգային մաշտաբի, ապա իրեն՝ Աղազարյանին թույլ էր տրված կատարել նման չարաշահումներ, բայց ավելի փոքր մաշտաբներով, կարծում էր նա:

Սակայն պետական համակարգի տեսանկյունից, ով ենթարկվում է Փաշինյանին, գործում է հետևյալ հայտնի սկզբունքը. «Այն, ինչ թույլատրվում է Յուպիտերին, ցուլին չի թույլատրվում» (Quod licet Iovi, non licet bovi.):

Այս բանաձևը գործել է մարդկության ողջ պատմության ընթացքում, գրեթե բոլոր ավտորիտար ռեժիմների ժամանակ:

Պարզապես Հովիկ Աղազարյանը այդ ամսին տեղյակ չի եղել:

Ավելին, համոզված է եղել, որ իր լկտի պահվածքով, անպարկեշտ մտքի արտահայտություններով, նա ստանում էր լրացուցիչ իրավունք՝ իրեն պահել նաև խորհրդարանից դուրս:

Ավելին, շատերը, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտից և ԶԼՄ-ներից նրան համարում էին իշխանության «Գիքորը», ով ասում է այն , ինչ իշխանության մտքին է լինում:

Հասկանալի է, որ Աղազարյանի պահվածքը դուր չէր կարող գալ իշխանությանը, սակայն դա պատճառ չէր դառնում, որ նրա հանդեպ բռնաճնշում իրականացվեր:

Սակայն երբ պարզվեց, որ իր և իր շրջապատի սանձարձակությունները ԱԺ-ից դուրս դառնում էին հանրության լուրջ քննարկման առարկա, պետական համակարգի ներկայացուցիչները սկսեցին բացատրել Փաշինյանին, որ նման պահվածքը կազմալուծում է համակարգը և լեգիտիմության ճգնաժամ է առաջացնում համակարգում, քանզի բոլորի համար տեսանելի է դառնում, որ այն ինչ չի կարելի շարքային քաղաքացիներին, կարելի է ՔՊ-ականներին: Մինչդեռ բացառությունը պիտի վերաբերվի միայն Փաշինյանին:

Հիշենք, որ նույնիսկ Ալեն Սիմոնյանի բարեկամը չդարձավ բացառություն, ինչու՞ պիտի այդպիսի բացառություն դառնար Աղազարյանը:

Այստեղից էլ առաջ էր եկել ԱԺ-ի ՔՊ-ականների և պետական կառույցների միջև լարվածությունը, որն փորձեց օգտագործել իր շահերին ԱԺ-ի փորձված ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Առաջ քաշելով պատկան մարմինների ղեկավարների գործնեության վերաբերյալ լսումները ԱԺ-ում, Քոչարյանը խնդիր ուներ մի կողմից ցույց տալ, որ պետական մարմինները չեն կարող հետապնդել ՔՊ-ականներին, մյուս կողմից ուզում էր ցույց տալ, որ Փաշինյանի գլխավոր հենարանը, ոչ թե այդ մարմիններն են, այլ ԱԺ-ի ՔՊ-ական խմբակցությունն է:

Իսկ երբ այս ողջ թատրոնը հրապարակային դարձավ, և մարդիկ տեսան հրապարակային բախումը ՔԿ-ի ղեկավարի և Աղազարյանի միջև, Փաշինյանն ստիպված եղավ հանրության աչքից հեռացնել այս թատրոնի գլխավոր դերակատարներին:

Փաշինյանի պահանջը բավարարեցին բոլոր կողմերը, բացի Աղազարյանից:

Իսկ դա նշանակում էր, որ ԱԺ-ում առաջ էր եկել վտանգավոր նախադեպ, որ ՔՊ-ական պատգամավորը կարող է հակադրվել Փաշինյանին:

Հասկանալի է, որ ավտորիտար ռեժիմներում, դա վարկաբեկում է ավտորիտարին և նա ստիպված պիտի պատժի շարքային իր թիմակցին: Հակառակ դեպքում կնշանակի, որ այլ առիթով մեկ այլ շարքային կարող է այլ հարցով նույնպես հակադրվել ավտորիտարին:

Իսկ եթե դրան գումարենք այն, որ այսօր Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրել ժողովուրդի մեջ, դա կնշանակի ուղակի սպառնալիք Փաշինյանի համար:

Ահա թե ինչու Փաշինյանն պիտի ամեն կերպ պատժեր Աղազարյանին և նույնիսկ հեռացնի ԱԺ-ից:

Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին, ապա նա մի պահ շփոթվեց, ինչը հերիք էր, որ նա էլ հայտնվեր պատժամիջոցների տակ:

Դա, իհարկե, չի նշանակում, որ ԱԺ-ում այլևս չկան նոր «աղազարյաններե: Բնականաբար, կան:

Բայց այս որոշումներով, Փաշինյանը փորձում է վախի մտնոլորտով պահպանել իր թիմը խորհրդարանում, մինչև որ կարողանա վերականգնել իր կորսված հեղինակությունը:

Սակայն քաղաքական ճոճանակի բանաձևը անդրդվելի է, և Փաշինյանի վարկանիշը անվերադարձ է անհետացել, քանզի 6 տարին հերիք էր, որ մարդիկ հասկանային, որ Փաշինյանը պատահական մարդ էր երկրի կառավարման համակարգում:

Այդ իսկ պատճառով Փաշինյանի բոլոր հույսերը՝ «նորե մարդկանցով փոխարինել իր համակարգը, վերջնարդյունքում հաջողությամբ չեն պսակվելու:

Ի վերջո, Ասադն էլ էր ցանկանում 2020-ից հետո վերափոխել իր թիմը, որ կարողանար շարունակել իշխել, սակայն ամեն ինչ փլվեց օրերի ընթացքում և անսպասելի ձևով:

Քանի որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, մանավանդ, երբ երկրի ղեկավարը այլևս չի ունենում երկրի համար նոր առաքելությանը համահունչ բավարար վստահության ռեսուրս:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը