Կարծիք

10.12.2024 15:53


Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում

Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում

Թուրքիայում արդեն չեն թաքցնում, որ սիրիական վերջին զարգացումների հետևում իրենք էին կանգնած:

Թուրքական Hurriyet պարբերականը նշում է, որ Անկարայի համար անսպասելի չէին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին Ասադի վարչակազմի անկմանը։

«Ազգային հետախուզական կազմակերպությունը և Թուրքիայի զինված ուժերը մշտապես վերահսկում էին իրավիճակը տարածաշրջանում: Նոյեմբերի 27-ին, երբ սիրիական ընդդիմությունը հարձակում սկսեց Հալեպում, Անկարան գիտեր, որ «Կայծակ» օպերացիան արագորեն կհասնի Դամասկոս: Այդ իսկ պատճառով Ասադի տապալումը անակնկալ էր ողջ աշխարհի համար, բայց ոչ՝ Անկարայի համար»,- գրում է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Թուրք վերլուծաբաններն արդեն հրապարակավ նշում են, թե ինչ չորս գերակա խնդիրներ է հետապնդելու մոտակա ժամանակահատվածում Էրդողանը:

Ըստ նրանց, Թուրքիան Սիրիայում հետապնդելու է չորս կարևոր նպատակներ.

Առաջին. Սիրիայում ձևավորել թուրքամետ իշխանություն, որը մեծապես կախված կլինի Անկարայից:

Երկրորդ.հակազդեցություն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK-ին) և նրա սիրիական ճյուղին՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի:

Թուրքիան այս հարցում արդեն անցել է կոնկրետ քայլերի: Անկարայի աջակցությունն ունեցող Սիրիական ազգային բանակի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի գրավումից հետո, այն մտադիր է դադարեցնել PKK-ի ներկայությունը Քոբանիում և Քաշիմլիում՝ հարևան երկրի նույն շրջանում, գրում է Hurriyet-ը։ Թուրքական իշխանությունները նախապես հայտարարել էին Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մտադրության մասին՝ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա վերահսկողություն ապահովելու և նրա տարածքից բխող սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար:

Երրորդ. Թուրքիան նպատակ ունի ապահովել սիրիացի փախստականների վերադարձը Հայրենիք: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում 2,9 մլն սիրիացի կա:

Չորրորդ. Էրդողանը նպատակ ունի նոր գազամուղ կառուցել Քաթարից դեպի Թուրքիա, որի արդյունքում Թուրքիային կդարձնի տարածաշրջանի խոշորագույն էներգետիկ հանգույցներից մեկը:

Արդեն Թուրքիան բանակցում է որոշ արևմտյան երկրների և ծոցի արաբական երկրների հետ՝ Սիրիա ներդրումներ բերելու համար:

Այդ ֆոնին թուրքական շխնարարական ընկերությունների ակցիաները երկրի բորսաներում կտրուկ աճ են գրանցել:

Սակայն Թուրքիայի այս ծրագրերին կարող է խանգարել Իսրայելը, ով նույնպես համարում է իրեն հաղթող կողմ և ցանկանում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի վրա, հենվելով առավելապես քրդերի, դրուզների և քրիստոնյաների վրա:

Թեև Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում աշխարաքաղաքական խոշոր պարտություն կրեցնին, նրանք էլ չեն ուզում հրաժարվել ապագայում այդ երկրում ազդեցություն ունենալուց:

Ընդ որում, այս երկու կողմն էլ կարող են հենվել Սիրիայի ալավիական հատվածի վրա, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը:

Հիշեցնենք, որ 20 դարի սկզբին, Սիրիայի ալավիները մի անգամ փորձ կատարել են ստեղծելու համար առանձին պետություն: Ճիշտ է դա անհաջող փորձ է եղել, սակայն ով կարող է երաշխավորել, որ մեր ժամանակներում, դրա կրկնությունը հաջողությամբ չի պսակվի:

Այնպես որ, հետասադական ժամանակաշրջանի Սիրիայում գործընթացները դեռ նոր են ծավալվում, և ոչ ոք չի կարող ասել, թե որ ուղիով դրանք կարող են զարգանալ:

Ինչ վերաբերվում է այդ երկրի հայ համայնքի հետագա ճակատագրին, ապա այս հարցում Հայաստանը կարող էր դեր կատարել, մանավանդ, որ բոլոր բանակցային գործնթացներում, հայերը, մյուս քրիստոնյաների հետ միասին համարվում էին քաղաքական երկրխոսության գործընթացի սուբյեկտ:

Սակայն հաշվի առնելով, թե ով է այսօր կառավարում Հայաստանը, չենք կարող հույս ունենալ, որ Հայաստանը կկարողանա այս հարցում ինչ-որ դեր ստանձնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը