Կարծիք

05.12.2011 09:27


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցի շուրջ. հույսեր և պատրանքներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցի շուրջ.  հույսեր և պատրանքներ

Վերջին շրջանում ավելի հաճախադեպ են դարձել խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանրապես ճանաչման և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչման վերաբերյալ: Խոսակցությունները գլխավորապես քաղաքական բնույթի են, թեև պետության ճանաչումն առաջին հերթին իրավական երևույթ է: Հիշյալ խոսակցությունները հիմնականում կարելի է բաժանել 2 խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները գտնում են, որ ԼՂՀ ճանաչումը մեզ ոչինչ չի տա: Երկրորդ դիրքորոշման կողմնակիցների համար ԼՂՀ ճանաչումը կարծես վերջնական նպատակը լինի: Ես ձեռնպահ կմնամ այս մոտեցումներին գնահատական տալուց: Փոխարենն առավելապես կկենտրոնանամ հարցի իրավական կողմի վրա և կփորձեմ ցույց տալ, որ հարցն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից:

Որևէ պետության ճանաչում, ինչքան էլ այն խարսխված լինի քաղաքական դրդապատճառների վրա, այնուհանդերձ իրավական երևույթ է: Ըստ այդմ, անհրաժեշտ է քննության առնել այն նախադրյալները և այն իրավական հետևանքները, որոնք առնչվում են պետությունների ճանաչման հետ:

Նոր ժամանակների պատմության մեջ պայմանագրով ամրագրված առաջին ճանաչումը տեղի է ունե­ցել 1648թ.-ին, երբ խաղաղության պայմանագրով վերջ տրվեց իսպանանիդերլանդական ութսունամյա (1568-1648թթ.) պատերազմին, և Իսպանիան ճանաչեց իրենից 67 տարի առաջ անջատված և 1581թ.-ին իր ինքնիշխանությունը հռչակած Միացյալ Նիդերլանդների անկախությունը:

Նորահաստատ պետությունների ճանաչման հարցն ամբողջովին ընկալելու համար անհրաժեշտ է տեսնել, թե միջազգային իրավունքն ինչպիսի չափորոշիչներ է առաջ քաշում այդ երկրների անկախու­թյունը ճանաչելու համար: Ըստ միջազգային իրավունքի՝ դրանք երեքն են՝ որոշակի տարածք, բնակչու­թյուն և տվյալ տարածքի արդյունավետ կառավարում (fixed territory, a population, effective government):[1] Անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը տարածքի կամ բնակչության որևէ նվազագույն շեմ չի սահմանում: Տարածքի և բնակչության առումով կարևոր է, որ տարածքը լինի որոշակի, իսկ բնակչու­թյունը՝ մշտական: Այսքանը: Օրինակ, ներկայումս անկախացող հարավային Սուդանի և հյուսիսային Սուդանի միջև կա 2 տարածք՝ Աբյեիի (Abyei՝ 10 460 քկմ, 60 000 շունչ) և Հարավային Քուրդուֆանի (South Kurdufan՝ 158 355 քկմ, 1 100 000 շունչ) շրջանները՝ ընդհանուր առմամբ 1 160 000 բնակչությամբ 168 815 քկմ, որոնց ճակատագիրը որոշվելու է հետագայում: Ինչպես տեսնում եք, այս անհստակություն­ները չեն խանգարում անկախացման գործընթացին: Պետք է ընդգծել, որ ԼՂՀ տարածքը մինչև մի քանի մետր ճշգրտությամբ տարանջատված է Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է արդյունավետ կառավարման դրույթին, ապա միանշանակ է, որ առնվազն 1994թ. մայիսից ի վեր ԼՂՀ ընտրված իշխանություններն են իրականացնում կառավարումը Արցախի ողջ տա­րածքի վրա: Ուզում եմ հատուկ շեշտել, որ Ադրբեջանի Հանրապետությունը և ոչ մի օր չի իրականացրել արդյունավետ կառավարում ԼՂՀ տարածքի որևէ հատվածի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքանա­վար Մարզի տարածքի վրա ընդհանրապես որևէ տեսակի կառավարում չի իրականացրել երբևէ:

Վերոհիշյալը 3 չափորոշիչներն էին ճանաչման համար: Տեսնենք՝ չճանաչելու համար ինչ հիմքեր են պետք: Միջազգային իրավունքն առանձնանշում է 2 հիմք, որոնց պատճառով կարող է ճանաչումը տեղի չունենալ: Առաջինը ոչ բավարար անկախությունն է: Այստեղ ԼՂՀ դիրքերը բավականին թույլ են: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք՝ անկախություն նշանակում է անկախություն ոչ միայն Ադրբեջա­նից, այլև Հայաստանից: Այնպես որ, քանի դեռ ԼՂՀ դուրս է մղված բանակցային գործընթացից միամտու­թյուն է ակնկալել, որ որևէ երկիր կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Ճանաչմանը խոչընդոտող երկրորդ պատճառը ինքնորոշման սկզբունքի բաղադրիչներից որևէ մեկի ոտնահարումն է: Օրինակ, երբ իշխանության մեջ համարժեքորեն ներկայացված չեն տվյալ տարածքի էթնիկ կամ կրոնական խմբերը: Այս հարցում ԼՂՀ իշխանական սանդղակում ստեղծված իրավիճակը միանգամայն համապատասխանում է երկրի ներկայիս բնակչության կազմին:

Կարևոր հանգամանք է նաև ճանաչման ձգտող որևէ պետական միավորման մեջ հաստատված բարքերն ու կարգերը: Զուտ իրավական տեսանկյունից ժողովրդավարական վարչաձևի առկայությունն անկախության ճանաչման նախապայման չէ: Այնուհանդերձ, վերջերս ԼՂՀ հետընթացը ,մասնակի ազատ երկրներիցե ,անազատ երկրներիե շարքը, ըստ Freedom House-ի սանդղակի, լուրջ խոչընդոտ է ԼՂՀ ճանաչման ճանապարհին: Ինձ կարող են առարկել՝ ասելով, որ եթե ուզենան ճանաչել, ապա ժո­ղովրդավարության այս վիճակում էլ կճանաչեն: Համաձայն եմ: Բայց հենց խնդիրն էլ այն է, որ չեն ուզում ճանաչել, ուստի և նման պայմաններում միակ խելամիտ քաղաքականությունը չճանաչելու համար բոլոր պատճառների և պատրվակների բացառումն է:

Հիմա անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի. ի՞նչ իրավական հետևանքներ է ստեղծելու ԼՂՀ ճանաչումը կամ ավելի պարզ՝ ինչո՞ւ են ոմանք ուզում, որ ԼՂՀ ճանաչվի:

Այս հարցն ունի երկու կողմ, մեկը ԼՂՀ ճանաչումն է ՀՀ կողմից, մյուսը՝ այլ երկրների կողմից: ՀՀ կող­մից ԼՂՀ ճանաչումն ունի մի քանի դրսևորում: Ճանաչման կողմնակիցներն ավելի շուտ առաջ­նորդվում են քաղաքական նպատակներով: Սակայն հարցն ունի նաև իրավական լուրջ բարդություն, որը մշտա­պես անտեսվում է: Ըստ ՀՀ Սահմանադրության մաս հանդիսացող Անկախության հռչակագրի՝ Հայաս­տանի Հանրապետությունն անկախությունը հռչակել է նաև «հիմնվելով 1989 թվականի դեկտեմ­բերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերա­գույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա», այսինքն ճանաչել է նշյալ փաստաթղթի օրինականությունը: Հիշեցնեմ, որ նշյալ համատեղ որոշման 3-րդ կետը հռչակել է «Հայկա­կան ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»: Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն իր իսկ մի մասը ճանաչել անկախ: Ուզում եմ ընդծել, Արցախի՝ ՀՀ մաս լինելը ոչ միայն de jure ամրագրված է ՀՀ Սահմա­նադրու­թյան մեջ, այլև de facto կենսագործվում է մեր ամենօրյա կյանքում: Հակառակ դեպքում հայաս­տանցի զին­ծառայողների ներկայությունը ԼՂՀ-ում կլիներ անօրինական, արցախաբնակները չէին կարող ՀՀ անձնա­գրեր ստանալ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ չէր կարող մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին:

ԼՂՀ ճանաչման ձգտողները կարծում են, որ ճանաչումը կբարձրացնի ԼՂՀ անվտանգության աստիճա­նը: Եթե մոռանանք նման որոշման հակասահմանադրականությունը, գուցեև ճիշտ են: Սակայն հիշենք, որ ճանաչված պետություն լինելը չի ազատում այդ երկիրը արտաքին հարձակման վտանգից: Վերջին ժամանակաշրջանի օրինակները շատ են՝ թուրքական զորքերի պարբերական ներխուժումները Իրաք, հենց նույն Իրաքի ներխուժումը Քուվեյթ, դրանից առաջ իսրայելական ներխուժումը Լիբանան կամ թուրքական ներխուժումը Կիպրոս և այլն: Ուստի, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, կարող ենք ամփոփել. այո՜, միջազգային ճանաչումը կնպաստի ԼՂՀ անվտանգության աստիճանի բարձրացմանը, սակայն չի կարող երաշխավորել ԼՂՀ ապահով գոյությունը:

Հիմա ամենակարևոր հարցը. ի՞նչ անել: Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետական միավորնե­րը գոյություն ունեն, քանի դեռ այդ պետության և դրա հավանական հակառակորդների միջև առկա է ուժերի հավասարակշռություն: Ուստի, պատասխանը շատ պարզ է. պետք է պահպանել ուժերի հավա­սարակշռությունը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ,ուժե ասածը և ռազմական հզորությունը նույնական չեն: Ռազմական հզորությունն ուժի, թեև կարևոր, բայց ընդամենը բաղադրիչներից մեկն է: Այստեղ առաջ է գալիս ամենադժվար հարցը. ինչպե՞ս պահպանել ուժերի հավասարակշռությունը մի կողմից ԼՂՀ և ՀՀ, մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի միջև, երբ կողմերի ուժային զամբյուղների ձևավորման հիմքերն էականորեն տարբեր են: Պարզ ասած՝ մենք զիջում ենք մեր հավանական հակառակորդներին քաղաքա­կանպես, տնտեսապես, տարածքով, աշխարհագրական դիրքով, բնակչությամբ, ռեսուրսներով, ռազմա­կան արդյունաբերությամբ և այլն: Առաջին հայացքից դժվար թվացող այս հարցն ունի շատ պարզ պա­տասխան: Քանի որ հավասարակշռությունը հարաբերական հասկացություն է, այսինքն՝ կողմերի ուժերի համեմատությունն է, ապա եթե դու ի վիճակի չես հավասարակշռության հասնել ինքդ ուժեղանալով, ապա պիտի գնաս այլ ճանապարհով՝ պիտի տկարացնես քո հակառակորդին:

Հակառակորդին տկա­րացնելու բազմաթիվ ձևեր կան, ես միայն կանդրադառնամ դրանցից մի քանի­սին: Այսօր Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց թվաքանակն առնվազն 2.5-3 միլիոն է, լեզգինները, ավարները, ցախուրները, թալիշները, թաթերը, ուդիները և այլք, տառապում են ադրբեջանական ազգայ­նականության լծի տակ: Այո՜, ներկայումս նրանցից շատերի ինքնությունը ճնշված է կամ հարկադրաբար քողարկված, սակայն տեղեկատվական դաշտում նպատակային աշխատանքը կհանգեցնի նրանց ազ­գային գիտակցության զարթոնքին: Եվրոպական զանազան կառույցներում մեր պատվիրակությունները և մեր դեսպանությունները ողջ քաղաքակիրթ աշխարհում մշտապես պետք է արծարծեն Ադրբեջանում էթնիկ և այլ փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող խտրականության և հալածանքի փաստե­րը: Գործնական առումով անհրաժեշտ է ԼՂՀ-ից հեռարձակել այդ ժողովուրդներին հասցեագրված ռու­սալեզու, թուրքալեզու և այդ ժողովուրդների լեզուներով ռադիո- և հեռուստահաղորդումներ, ստեղծել համապատասխան կայքեր: Վստահ եմ, որ հիմնական առարկությունը կլինի, որ մասնագետներ չկան և միջոցներ չկան: Նախ միջոցների մասին: Եթե ԼՂՀ բյուջեում նախկին պաշտոնյաների պահպանման ծախսերը կրճատվեն կամ ի չիք դառնան, ապա միայն այդ գումարով կարելի կլինի իրականացնել նշածս ծրագիրը: Իսկ երբ լինեն միջոցներ, մասնագետներն ի հայտ կգան: Ադրբեջանի բնիկ ժողովուրդ­ների մեջ դեռ կան մարդիկ, որ ուզում են պայքարել սեփական ժողովուրդների ապագայի համար: Միև­նույն ժամանակ կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ Հայաստան համահայկական հիմնադրամը տարե­կան մի երկու դպրոց պակաս նորոգի կամ Սևանի ափին ուինդսերֆինգի ակումբ չկառուցի, սակայն իրականացնի նշածս ծրագրերը: Չէ՞ որ, երբ վերջնականապես խախտվի հավասարակշռությունը, ապա պատերազմը կդառնա անխուսափելի, իսկ այդ դեպքում կատարված բոլոր աշխատանքները պարզա­պես ավերակներ կդառնան: Այսինքն, ներքին հակակշիռների միջոցով արտաքին հավասարակշռության պահպանումը պիտի դառնա ՀՀ և ԼՂՀ քաղաքականության հիմնաքարերից մեկը:

Ասածս վերաբերում է նաև Թուրքիային: Թուրքիայում ներկայումս ընթանում են ինքնության որոնման խորքային խմորումներ: Օրինակ, որոշ տվյալներով Թուրքիայում մինչև 3 միլիոնի հասնող զազաները թիրախային խմբի լավագույն օրինակն են: Քրդերի հետ հարաբերությունները խիստ կարևոր են և, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, կարող են վճռորոշ լինել ՀՀ ապագայի համար: Հայաստանն իր քսանամյակի շեմին շատ ավելի հասուն և հեռահար քաղաքականություն պիտի իրականացնի: Մենք պետք է հասկանանք, որ եթե ոչ մեր իրավունքների վերականգնումը, ապա գոնե մեր և Թուրքիայի միջև միջնորմ պետության ստեղծումը բխում է մեր իսկ կենսական շահերից: Հակառակ պարագային մեր ճանաչված լինելը մեզ չի փրկի: Ուզում եմ հիշեցնել, որ առաջին հանրապետությունն ուներ լիակատար ճանաչում միջազգային համայնքի կողմից, այդ թվում նաև Թուրքիայի և Ռուսաստանի, սակայն դա չխանգարեց, որ ՀՀ հարձակման ենթարկվի դրանց կողմից և բաժանվի դրանց միջև:

ԼՂՀ անվտանգության ապահովման մյուս ճանապարհը Թուրքիային տարածաշրջանից հնարավո­րինս հեռու պահելն է: Ցավոք հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները տրոյական ձիու դեր խաղացին և օգնեցին Թուրքիային միջամուխ լինելու Լեռնային Ղարաբաղի հարցի մեջ:

Ակնհայտ է, որ խորքի մեջ ցանկացած բանակցություն, այդ թվում նաև միջպետական, ազդեցության լծակների փոխադարձ կիրարկման գործընթաց է: Բանակցությունները կարող են քեզ համար նպաստա­վոր ելք ունենալ, եթե ընդդիմախոսիդ վրա քո լծակներն ավելի ազդեցիկ են, քան նրանը՝ քեզ վրա: Երբ ես տարիներ առաջ Հանրապետության նախագահին առաջարկեցի իմ ծրագիրը, որը մեծապես խարսխված էր Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի վերարծարծման վրա, ապա մտքիս մեջ առաջինը նկատի ունեի ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումը: Այսօր էլ ես գտնում եմ, որ Իրավարար վճռի հա­մապատասխան հնչեղության հասցված հարցը, ինչպես նաև այդ վճռի արժևորումն ազդեցիկ իրավա­կան կառույցների և մասնագետների կողմից, կարող է ներկա պայմաններում մեր ձեռքին լուրջ լծակ լինել և էական հարցերում ապահովել Թուրքիայի չեզոքությունը: Ես այսօր էլ գտնում եմ, որ Թուրքիայի վրա ազդեցության լծակների ստեղծումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակ­ներից պիտի լինի, իսկ այդ ճանապարհին Իրավարար վճիռն ուղենշային նշանակություն ունի: Ցավոք, չնայած իմ բոլոր ջանքերին, 5 տարվա ընթացքում չկարողացա որևէ հաջողության հասնել, հակառակ դեպքում միայնակ չէի շարունակի իմ պայքարը և գոնե մի կառույց ինձ կօգներ ու կաջակցեր:

Ամփոփելով՝ կարող եմ անել հետևյալ եզրակացությունները.

  1. ԼՂՀ ճանաչումը քաղաքական առումով խիստ ժամանակավրեպ է, իսկ իրավական առումով հղի է անցանկալի հետևանքներով:
  2. Առանց սահմանադրական փոփոխությունների ԼՂՀ ճանաչումը ՀՀ կողմից կլինի հակասահմանա­դրական:
  3. ԼՂՀ ճանաչումը որևէ երկրի կողմից կլինի ՀՀ տարածքային ամբողջականության ոտնահարում:
  4. ԼՂՀ ճանաչումը որևէ երկրի կողմից առանց ՀՀ ճանաչման, ԼՂՀ-ում հայաստանցի զինծառայողնե­րին կդնի խիստ խոցելի իրավական կարգավիճակի մեջ:
  5. Հիմնական ուժերը պետք է կենտրոնացնել ուժերի հավասարակշությունը պահելու ուղղությամբ: Դրա համար պետք է Ադրբեջանը թուլացնել ներքնապես, իսկ Թուրքիայի նկատմամբ ունենալ ազդեցության լծակներ:
  6. ԼՂՀ ճանաչման հարցը պետք է հանել հայության քաղաքական օրակարգից որպես գործնականում անիրագործելի, իսկ արդյունքում ոչինչ չտվող նպատակ:

 

Տարիներ առաջ առիթ ունեցա հանդիպելու Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահներից մեկին: Խոսակցությունն անկեղծ էր, քանի որ երկուսս էլ նախկին պաշտոնյաներ էինք: Իմ այն հարցին, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նա ասաց հետևյալը. ,Ի՞նչ պիտի լինի որ: Եթե կարողացաք պահել ուրեմն ձերը կլինի, եթե չկարողացաք պահել, ուրեմն ադրբեջանցիներինը կլինիե: Պատասխանն իհարկե ցինիկ է, սակայն սա է միակ ճշմարտությունը:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար


[1] Jochen Abr. Frowein, Recognition, p. 34, Encyclopedia of Public International Law, [ed. Rudolf Berhardt], v. IV, North-Holland, 2000.

Այս խորագրի վերջին նյութերը