Աշխարհ

06.12.2024 09:45


Սիրիայի Համա քաղաքն անցել է գրոհայինների վերահսկողության տակ

Սիրիայի Համա քաղաքն անցել է գրոհայինների վերահսկողության տակ

Հալեպի գրավումից մի քանի օր անց գրոհայինները գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը՝ պարտության մատնելով Սիրիայի բանակի զինվորներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի բանակի հաղորդագրությունը։

Ավելի վաղ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորման կողմից առաջնորդվող գրոհայինները հարձակվել էին քաղաքի վրա և կատաղի մարտերից հետո հայտարարել, որ գրավել են բանտը և ազատ արձակել բանտարկյալներին։ Մեկ գիշեր կատաղի մարտեր մղելուց հետո գրոհայինները մի քանի ուղղություններից մտել են Համա, որից հետո փողոցային մարտերի բռնվել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի հետ։

Դեկտեմբերի 5-ին Սիրիայի բանակը խոստովանել է, որ կորցրել է վերահսկողությունը ռազմավարական դիրք ունեցող Համա քաղաքի նկատմամբ, որն առանցքային էր համարվում մայրաքաղաք Դամասկոսի պաշտպանության համար։

Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ անցյալ շաբաթ մարտերի մեկնարկից ի վեր զոհվել է 727 մարդ, որոնց մեծ մասը՝ մարտիկներ։ Զոհերից 111-ը քաղաքացիական անձինք են։ Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հարձակում էր սկսել՝ արագ գրավելով մեծ թվով բնակավայրեր, այդ թվում՝ Հալեպը։

Այս խորագրի վերջին նյութերը