Լրահոս

03.12.2011 00:09


Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանն առանձնացնում է ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը՝ աղավաղելով խնդրի բուն էությունը»

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտոնյաների փորձերը միջհամայնքային երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հավասարազոր հարթության վրա դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»–ին ասել է. «Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի կազմակերպելու համար միջհամայնքային երկխոսություն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի եւ Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների միջեւ: Դա բարոյական իրավունք կտա Ադրբեջանի ղեկավարությանը դիմելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը` նույնպես նախաձեռնելու միջհամայնքային երկխոսություն:

Հայկական կողմերը մեծապես կարեւորում են վստահության միջոցների ամրապնդման խնդիրը, որը բազմաթիվ տարրերից բաղկացած ամբողջական փաթեթ է: Այդ տարրերից են` ժողովուրդների միջեւ ատելություն եւ թշնամանք սերմանող պետական քարոզչությունից եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը, հարեւան ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչ թե ոչնչացումը, այլ պահպանումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծից դիպուկահարների ետքաշումը, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ հասարակությունների տարբեր խմբերի միջեւ շփումների եւ  երկխոսության խթանումը:

Ադրբեջանը ընտրովի է մոտենում առկա խնդիրներին, առանձնացնելով ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը եւ աղավաղելով խնդրի բուն էությունը` ի վնաս թե՛  համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, թե՛ բուն կարգավորման գործընթացին: Դրա վկայություն է Մադրիդյան սկզբունքների ընտրովի եւ աղավաղված մեկնաբանությունը, որը հանգեցրեց Ադրբեջանի ղեկավարության կողմից Մադրիդյան առաջարկությունների համաձայնեցման տապալմանը Կազանում»:

Այս խորագրի վերջին նյութերը