Կարծիք

01.12.2011 18:36


«Աննա» սերիալը քաղաքական զարգացումների գերի

«Աննա» սերիալը քաղաքական զարգացումների գերի

Հանրային հեռուստաընկրեությունն արդեն երկար ժամանակ է ամենաթանկ եթերային ժամանակը տրամադրում է «Աննա» սերիալին: Անիմաստ է հերթական անգամ խոսել այս սերիալի որակական կողմի մասին: «Աննային» անդրադառնում ենք բացառապես այն պատճառով, որ այն անսպասելիորեն քաղաքականացվեց:

Այս սերիալի բոլոր հերոսները հասցրել են հայտնվել բանտում, հիվանդանոցում, հոգեբուժարանում, ծեծել են, ծեծվել, բռնաբարվել, առեւանգվել, առեւանգել: Երբ գլխավոր հերոսին հերթական անգամ ձերբակալեցին, թվում էր, թե ոչ մի նոր բան չի լինի: Հավանաբար, չէր էլ լինի եւ ամենազոր գլխավոր հերոսը հանգիստ դուրս կգար հերթական բարդ վիճակից, եթե Հայաստանի քաղաքական դաշտում վարչախումբը խնդիրներ չունենար:

Նոյեմբերի 29-ին սերիալի երկրպագուները վերջապես իմացան, թե ով է կանգնած գլխավոր հերոսի, ինչպես նաեւ Աննայի ամուսնու ձերբակալության ետեւում: Երբ Աննան գնում է նրա հետ հանդիպման անակնկալի է գալիս: Պարզվում է, որ այդ բացասական հերոսի նկարները թերթերի առաջին էջերից չի իջնում, նրա մասին հաճախ հեռուստառեպորտաժներ են լինում: Ավելին, նա ամենահայտնի բարեգործներից է, եւ որ ամենակարեւորն է` նրա խոսքը խոսք է (տե՛ս http://www.youtube.com/watch?v=kcAz-5kDZ1c): Չմանրանանք, բոլորի համար էլ պարզ է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հեռուստադիտողները բացասական հերոսին նույնացնեն իրական կյանքում գոյություն ունեցող մեզ հայտնի մի մարդու հետ: Իսկապես ամոթ է: Մի՞թե վարչախմբի երիտթևն  այս աստիճան խղճուկ վիճակում է հայտնվել, որ հումորային ներկայացումների և հաղորդումների միջոցով հակաղարաբաղցիական քարոզ են անում, իսկ սերիալներով էլ՝ «թիմակիցների» դեմ պայքարում:

Դժվար չէ կռահել, որ սերիալի ռեժիսորը, սցենարի հեղինակը նման բան չէին կարող մտածել: Ակնհայտ է, որ նրանց պարտադրվել է նման կերպար մտցնել: Կարելի է գուշակել, որ սերիալների հերոսների կյանքը եւ ճակատագիրը կախված է լինելու ներքաղաքական զարգացումներից: Նման բան կարող է լինել միայն Հայաստանում: Հազիվ թե նման բան անցներ Քադաֆիի կամ Սադամ Հուսեյնի մտքով:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը