Կարծիք

04.11.2024 13:01


Մոլդովայում Արևմուտքը հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը

Մոլդովայում Արևմուտքը հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Մոլդովայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «հաղթանակ» տարավ Արևմուտքի դրածո Մայա Սանդուն:

Սակայն այն ցուցանիշները, որ նա հավաքեց, նույնիսկ արևմտյան իր տերերին զարմացրեցին: Բանն այն է, արևմտյան հատուկ ծառայությունները, իրենց մոլդովացի կոլեգաների հետ համատեղ, հիմնովին «մաքրել էին» երկրի քաղաքական դաշտը, որպեսզի Սանդուն չունենար ազդեցիկ մրցակից: Այսինքն՝ արտաքուստ ընտրությունները «դեմոկրատական» տեսք պետք է ունենային, որպեսզի արևմտյան հանրությունը տեսներ նախընտրական կրքեր, սակայն այդ քաղաքական թատրոնն այնպես կազմակերպվեր, որպեսզի վերջում Սանդուն «հաղթեր»:

Կարծես նախընտրական փուլում արևմտյան կենտրոններին հաջողվել էր դա կյանքի կոչել և Սանդուի մրցակիցների մի մասը հեռացվել էր երկրից, իսկ մյուս մասի վրա կարվել էին տարբեր շինծու քրեական գործեր, որպեսզի նրանք չկարողանային մասնակցել ընտրություններին: Այդ սպեցօպերացիայի արդյունքում որոշվել էր, որ Սանդուի մրցակիցը պիտի լիներ մի երկրորդական գործիչ, այն էլ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Եվ այդպիսինը գտնվեց, դա Մոլդովայի նախկին դատախազ Ստեֆանոգլուն էր: Նա ազգությամբ գագաուզ է, և տրամաբանական էր, որ չէր կարող լուրջ մրցակից լիներ նույնիսկ ցածր վարկանիշ ունեցող, ազգությամբ մոլդովացի Սանդուի համար: Բացի այդ, գագաուզների գրեթե 99 տոկոսը մերժում էին ԵՄ-ին միանալու գաղափարը, մինչդեռ Ստեֆանոգլուն դեմ չէր ԵՄ-ին անդամակցելու գաղափարին: Այսինքն, արևմտյան կենտրոնները Սանդուի համար մեծ «նվեր էին» պատրաստել, ի դեմս Ստեֆանոգլուի, ով ոչ միայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, այլև նույնիսկ այդ շերտի մոտ մեծ վարկանիշ չուներ:

Սակայն անցած կիրակի անցկացված ընտրությունները գրանցեցին նոր սենսացիա:

Պարզվում է, որ Սանդուն փաստացի պարտվեց նույնիսկ Ստեֆանոգլուին:

Վերջինս մինչև վերջին պահը առաջ էր Սանդուից և, ինչպես անցած հանրաքվեի ընթացքում, ԵՄ «հանձնակատարի» ձայները ավելացան վերջին պահին և նա առաջ անցավ:

Ինչպես դա ստացվեց, նույնպես հասկանալի է. Ռուսաստանում, որտեղ կային պոտենցիալ 300 հազար ընտրողներ, Մոլդովայի իշխանությունները բացել էին ընդամենը երկու ընտրատեղամաս, Մոսկվայում, որտեղ կային ընդամենը 20 հազար քվեաթերթիկ: Անցած հանրաքվեի ժամանակ այստեղ բաժանվել էր 10 հազար քվեաթերթիկ: Եվ ահա, որպեսզի «առաջխաղացում» արձանագրեն, Սանդուի իշխանությունը այս անգամ որոշել էր Մոսկվայի համար 10 հազարի փոխարեն տրամադրել 20 հազար քվեաթերթիկ:

Մինչդեռ Եվրոպական տարածքում բացվել էր 230 ընտրատեղամաս և բաժանվել էին ավելի քան 800 հազար քվեաթերթիկ:

Եվ հենց այդ եվրոպական «քվեաթերթիկներն էլ» ապահովեցին Սանդուի «հաղթանակը»: Մանավանդ, որ եվրոպական ընտրատեղամասերում մոլդովական ընդդիմությունը չէր կարող պատշաճ վերահսկել ընտրական գործընթացը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ԵՄ-ն մոլդովական ընտրությունների վերաբերյալ, բնականաբար, քննդատող հայտարարություններով հանդես չեն գա, ինչպես Վրաստանի դեպքում էր:

Ի դեպ, եվրոպական կառույցները արձանագրեցին իրական խախտումները Մոլդովայում, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքնեևրի վրա, ի տարբերություն վրացականի, որտեղ խախտումները ավելի շատ ընդհանրական բնույթ են ունեցել և չէին կարող ազդել արդյունքների վրա:

Մոլդովայի ընտրության վերաբերյալ Արևմուտքից արձագանք չի լինի, քանի որ ներկայիս Արևմուտքը վաղուց է վերափոխվել և դարձել է նախկին ԽՍՀՄ-ի նման մի կառույց, որտեղ սեփական «շան որդիները» կարող են խախտել ամեն ինչ, քանի որ ներկայիս արևմտյան գործիչների համար, այլևս իրական դեմոկրատական արժեքները գլխավոր դերակատարում չունեն:

Նրանք նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարների պես դարձել են պարզունակ գաղափարական դոկտրինյորներ, որոնք նույնիսկ իրենց դոկտրինի գաղափարական հիմքն են անտեսում, ինչպես, որ նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարները անտեսում էին կոմունիզմի գաղափարական հիմքը:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է գաղափարախոսության էրոզիան, որն իր հետևից բերում է նաև ընդհանուր համակարգի փլուզման գործընթացը, ինչի ականատեսն ենք դառնում այս օրերին արևմտյան տարբեր երկրներում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը